29
04, 2020

Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ծիծեռնակաբերդում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում հիմնել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ «Հայ պարկ»:

Նախագահ Սարգսյանին ուղղված նամակում Արա Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնության իրականացումն իր մեջ կարևոր գաղափար ունի և լավագույնս է արձագանքում մեր ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական օրակարգին:«Մեծարգո պարոն նախագահ: Ինչպես ես, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ազգային միավորման՝ Ռուսաստանի հայերի միության անդամները պատրաստակամությամբ աջակցում ենք Ձեր նախաձեռնությանը, և ուրախ կլինենք մեր հնարավորությունները, գիտելիքն ու ջանքերը ներդնել այն կյանքի կոչելու գործում: Անկասկած, համատեղ աշխատանքն ու միասնական ջանքերը կծառայեն մեր ազգի հետագա համախմբմանը»,-մասնավորապես նշվում է Արա Աբրահամյանի նամակում: 

← Վերադառնալ