26
05, 2020

Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և քաղաքական ու հասարակական այլ գործիչների հետ անհրաժեշտություն է․ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առանձին վերցրած ոչ մի քաղաքական գործիչ չի կարող հաղթահարել երկրի առջև կանգնած խնդիրները

«Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և քաղաքական ու հասարակական այլ գործիչների հետ անհրաժեշտություն է, -ռուսաստանյան «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի վաչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ -Ցանկանում եմ ընդգծել, որ ես՝ որպես պետականության և Սահմանադրության երաշխավոր, չեմ կարող ինձ ճոխություն թույլ տալ խոսելու անձնային հարաբերությունների մասին: Նախագահը պարտավոր է մտածել բացառապես պետական կատերգորիաներով՝ ձգտելով օժանդակել որակապես այլ քաղաքական մշակույթի ձևավորմանը, որից ուղղակիորեն կախված կլինի մեր ապագան»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առանձին վերցրած ոչ մի քաղաքական գործիչ և իշխանության ոչ մի ճյուղ չի կարող հաղթահարել երկրի առջև կանգնած խնդիրները: «Համակարգված մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև այլընտրանք չունի, քանի որ մենք գտնվում ենք համաշխարհային փոփոխությունների խաչմերուկում, որոնք արդեն տեղի են ունենում մեր աչքի առաջ»,-նշել է Արմեն Սարգսյանն, ավելացնելով, որ մեր պետականաշինության վերջնական հաջողությունը կախված է հավասարակշռության և հակակշիռների համակարգի ստեղծումից:

Հանրապետության նախագահի խոսքով՝ մեր խնդիրների մեծ մասը բարդ, խճճված բնույթի են, ինչը մեզանից պահանջում է ունենալ ոչ ստանդարտ մտածողություն՝ գտնելու առավել արդյունավետ լուծումներ: «Հակառակ դեպքում մենք կարող ենք հայտնվել պատմության ճամփեզրին»,-ասել է նախագահը։

Ինչ վերաբերում է իրեն, Արմեն Սարգսյանն ասել է, որ լինելով Երրորդ Հանրապետության ակունքներում ՝ չէր ցանկանա գնահատականներ հնչեցնել այս կամ այն առանձին քաղաքական գործընթացների վերաբերյալ: «Իմ խնդիրը, որպես երկար քաղաքական ճանապարհ անցած նախագահ, համակարգային խնդիրներին լուծումներ գտնելն է, ինչպես նաև հայ ազգի և պետականության ամբողջականության երաշխավոր լինելը՝ պաշտպանելով մեր խորքային երկարաժամկետ շահերը: Հենց դրանում եմ տեսնում նախագահի ինստիտուտի հիմնական գործառույթը, -ասել է Հանրապետության նախագահը: -Միևնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել, որ իմ իրավասությունները սահմանափակված են գործող Սահմանադրությամբ, և ես չեմ կարող ո՛չ ազդել քաղաքական որոշումների վրա, ո՛չ էլ՝ դրանց որևէ գնահատական տալ»: 

← Վերադառնալ