31
03, 2021

Արկադի Տեր-Թադևոսյանի կյանքը զինվորական խիզախության, ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույց է. նախագահ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ.

«Անասելի ցավ եմ ապրում. այլևս մեզ հետ չէ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը:

Արկադի Տեր-Թադևոսյանի մահը լոկ զինվորականի, փայլուն հրամանատարի կորուստ չէ: Նա ռազմական գործիչ էր, որն իր հսկայական ավանդն ու ներդրումն է ունեցել մեր բանակի ստեղծման ու կայացման, մեր ռազմական ձեռքբերումների մեջ՝ մինչև կյանքի վերջը ձգտելով օգտակար լինել հայրենիքին:

Մենք դեռ շատ ենք ունենալու ռազմական արվեստի կոմանդոսյան գիտելիքների, բարոյականության նրա չափանիշների, փորձի ու հմտությունների կարիքը, որոնք նա փայլուն կերպով կիրառել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:

Նրա կյանքը զինվորական խիզախության, ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույց է, օրինակ, թե ինչպես ապրել, ինչպես ծառայել հայրենիքին, ինչպես հավատարիմ մնալ մասնագիտությանն ու սկզբունքներին, ինչպես նվիրվել Արցախին ու պայքարել հանուն Արցախի ազատության, ինչպես չդավաճանել Շուշիին ու Արցախին...

Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, զինակից ընկերներին և կիսում նրանց վիշտը»:

← Վերադառնալ