Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ՓԵՆ կենտրոնի ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ՓԵՆ միջազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում Հայաստանի ՓԵՆ կենտրոնի համակարգող, արձակագիր Արմեն Օհանյանն անդրադարձել է փոխհամաձայնության մշակույթի կայացման, գրի ու գրականության համաշխարհայնացման և խոսքի ազատության համար պայքարի կարևոր նշանակությանը:
Վրաստանի Փեն կենտրոնի ներկայիս և նախկին նախագահներ, անվանի բանաստեղծներ՝ Պաատա Շամուգիան և Ռատի Ամաղլոբելին, արձակագիր Թամթա Մելաշվիլին, ՓԵՆ Ամերիկայի տարածաշրջանային համակարգող Պոլինա Սադովսկայան նախագահի հետ զրույցում առանձնահատուկ կարևորել են հայ-վրացական դարավոր մշակութային կապերի շարունակական զարգացումն ու ժամանակի շնչին հարիր վերարժևորումը։ Հայաստանի ՓԵՆ-ի հայ-վրացական կապերի համակարգող Ասյա Դարբինյանը անդրադարձել է բարեկամ ժողովուրդների ժամանակակից գրականության առնչակցություններին ու հանրահռչակման խնդիրներին։
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել հարևան ժողովուրդների գրական կապերի սերտացմանն ուղղված ՓԵՆ մշակութային կենտրոնի ջանքերը և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսության կայացմանն ու փոխճանաչելիության բարձրացմանը: