04
11, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրու բացման արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրու բացման արարողությանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև հասարակական, մշակութային գործիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել բժիշկ, հասարակական գործիչ և Օհան Դուրյանի մտերիմ ընկեր Վահան Վարդապետյանը: «Յուրաքանչյուր հուշակոթող արձան պետք է լինի խորհրդանշական և խորհրդանշական վայրում էլ պետք է տեղադրվի»,- նշել է Վարդապետյանը: Նա իր խոսքում ներկայացրել է նաև, թե ինչպես է կայացվել Օպերայի հարակից տարածքում Օհան Դուրյանի կիսանդրին տեղադրելու որոշումը:

Օհան Դուրյանի կիսանդրու բացումը վերապահվել էր Դուրյանի այրուն, ով իր շնորհակալական խոսքը հղեց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Վահան Վարդապետյանին և կիսանդրու հեղինակ Գետիկ Բաղդասարյանին:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Իսկապես, շատ ուրախալի առիթ է և պիտի ասեմ, որ պատիվ և ուրախություն եմ ունեցել մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերից ներս և այս պատերից դուրս, դա իրականում թերություն է, քանի որ ճիշտ բալանսը կլիներ մաեստրոյի հետ շփվել ավելի շատ այս պատերից ներս, քան այս պատերից դուրս՝ այս հրապարակում և պետք է խոստովանեմ, որ այն ինչ տեսա ու լսեցի շատ դրական լիցքեր հաղորդեց ինձ»:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ դրեցին Օհան Դուրյանի կիսանդրու առաջ:


 

← Վերադառնալ