Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Վալերիու Քիվերին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Վալերիու Քիվերին (նստավայրը՝ Կիև):
Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
«Համոզված եմ, որ Ձեր նշանակումը իսկապես կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, հաշվի առնելով նաև Ձեր դիվանագիտական հարուստ փորձը: Վստահեցնում եմ, որ Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում լիովին կաջակցեմ Ձեզ մեր երկրների համագործակցությունը զարգացնելու հարցում»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:
Վալերիու Քիվերին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ առավելագույն ջանք կգործադրի հայ-մոլդովական փոխգործակցության զարգացման համար: «Մեր ժողովուրդների հարաբերություններն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն: Կաշխատեմ իմ նպաստն ունենալ այդ համագործակցության առավել զարգացման և բարգավաճման գործում»,- ասել է դեսպանը:
Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Իր խոսքում նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 120.000 բնակիչները հայտնվել են հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև: Նախագահը շեշտել է, որ չնայած Լաչինի մարդասիրական միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել այն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի պաշտոնական փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը: Կարևորվել է Մոլդովայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի նշանակման հարցը, որը ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում է: