29
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զիմբաբվեի նորանշանակ դեսպան Բրայթ Կուպեմբան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբան (նստավայրը՝ ք. Թեհրան):

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Անցած տարում մենք նշեցինք Հայաստանի և Զիմբաբվեի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս տարիների ընթացքում մեր հարաբերությունները որոշակի զարգացում են ապրել, սակայն չեմ կարող ասել, որ մենք իրականացրել ենք մեր երկրների միջև առկա համագործակցային ամբողջ ներուժը, կարծում եմ այս առումով երկու երկրների իշխանություններն անելիք ունեն: Լիահույս եմ նաև, որ Ձեր նշանակումը կնպաստի Հայաստանի և Զիմբաբվեի միջև փոխգործակցության ոլորտների ընդլայնմանը»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Կուպեմբան շեշտել է, որ իր ողջ ջանքերն ու հնարավորությունները կներդնի Հայաստանի և Զիմբաբվեի միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսական այլ ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում փոխգործակցության խթանման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին, հումանիտար և անվտանգային մարտահրավերներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խնդիրներին:

← Վերադառնալ