28
02, 2024

Հանրապետության նախագահը հանդիպել է Իրաքի Հանրապետության վարչապետի հետ

Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանիի հետ:

Իրաքի Հանրապետության վարչապետը ողջունելով Հայաստանի նախագահին նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, գնահատելի են Ձեր այցն Իրաքի Հանրապետություն, Իրաքի Հանրապետության նախագահի այցելությունը ձեր երկիր, այն շարունակական հանդիպումները, որոնք տեղի են ունենում, որոնցից կառանձնացնեի Ձեր հանդիպումները Դավոսում, իմ և գործընկերոջս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպումը Մյունխենում, որոնք ցուցիչներ են մեր երկրների սերտ հարաբերությունների և այդ հարաբերություններում առկա ներուժի հետագա առաջմղման համար»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, ես լիովին համաձայն եմ, որ Իրաքի Հանրապետության նախագահի այցը, որը տեղի ունեցավ անցած տարի նոյեմբերին Հայաստան, և իմ այս այցը խթան կհանդիսանան մեր երկրների հարաբերությունների զարգացման համար, վստահ եմ նաև, որ մեր հանդիպումները կիրառական նշանակություն և արդյունքներ կունենան»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իրաքի Հանրապետության միջև տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, տուրիզմի, առողջապահության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժն ու վերջինիս իրականացման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործում, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների հետագա ամրապնդման համար:

Երկուստեք շեշտվել է երկու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչակցությունների հանգամանքը, ինչն իր նպաստն է բերում բարեկամության և գործընկերության շարունակական զարգացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն ընդգծել են առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի գերակայության շրջանակում կարգավորելու հրամայականը:

← Վերադառնալ