10
05, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:

Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ողջունելով նախագահի այցը, նշել է, որ պետական բարձր պաշտոնյաների ներկայությունն առաջնորդարանում և, ընդհանրապես, Սփյուռքի կազմակերպությունների հետ հանդիպումների հնարավորությունների կյանքի կոչումը հավելյալ լիցք է հաղորդում ոչ միայն Հայաստանի և Սփյուռքի գործարար, հոգևոր և պարզ մարդկային հարաբերությունների ամրապնդմանը, այլև ոգևորում է Հայրենիքից հեռու ապրող հայերին՝ իրենց գործունեության հետագա խթանման գործում:

Արքեպիսկոպոս Տերտերյանն իր խոսքում նշել է. «Այստեղ Ձեր այցը համարեք նաև այց Ձեր տուն: Այս աղոթքի տունը հավասար չափով նաև Ձեր տունն է: Ձեր այցելությամբ Դուք ներկայացնում եք Մայր հայրենիքը և վստահ եմ, որ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հանդիպում, որտեղ նաև առիթ ու պատիվ եք ունենում ողջունելու մեր ժողովրդի զավակներին, կլցնեք նաև բոլորի հոգիները և էությունը հայրենասիրությամբ և կնորոգեք նաև իրենց ուխտը Հայրենիքի հավատարմության նկատմամբ:

Մեր խոսքը պետք է լինի միայն երախտագիտության խոսք Ձեր այս այցի կապակցությամբ: Մեր խոսքը պետք է լինի նաև աղոթք, որպեսզի Աստված մշտապես օրհնի Ձեզ, ողջ այն անձանց, որոնք մեր հայրենի պետականության համար իրենց կարելին ի գործ են դնում, որպեսզի ամուր, անսասան և անխախտ մնա մեր Հայրենիքը բոլոր տեսակի փորձություններից:

Երբ հավատքն է մեզ ուղղորդողն ու առաջնորդողը և ճշմարիտ հայրենասիուրությունն է մեզ նաև մղողը դեպի կյանք, այն ժամանակ մենք պետք է հաղթենք բոլոր տեսակի դժվարությունները: Դա մեր կյանքի նշանաբանն, առաքելությունը և նպատակն է, և պետք է շարունակի լինել՝ որպես հայ եկեղեցու սպասավոր:

Ձեր միջոցով մեր աղոթքն ենք հղում պետական ողջ անձնակազմին, հայրենի մեր իշխանությանը, որ մնան ամուր, հաստատ իրենց ծառայության մեջ, և մեր աղոթքը մեր ժողովրդի համար:

Անցնող տարիները դյուրին տարիներ չեն եղել, եղել են փորձություններով լեցուն, բայց Քրիստոսի խոսքը, նաև Ավետարանի պատգամը պարզ և հստակ ասում է մեզ հետևյալը՝ փորձության միջով ավելի ենք ամրանում, փորձություններն ու դժվարությունները եղել են միշտ, այսօր էլ կան, վաղն էլ լինելու են, բայց պատճառ չեն, որ մենք տկարանանք, այլ հակառակը՝ փորձությունները պետք է դառնան փորձառություն, նաև մեզ պետք է ամրապնդեն առավել միավորվելու, դառնալու մեկ հոգի, մեկ սիրտ, մեկ մարմին՝ հատկապես, երբ Հայրենիքի համար է մեր կյանքը, մեր ծառայությունը, մեր գոյությունը և գիտակցական կյանքը»:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության և «ճշմարիտ խոսքերի համար» նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Ձեր խոսքերը շատ կարևոր են բոլորիս, ինչպես նաև այս դժվարին ժամանակներում մեր պետության համար: Կիսում եմ Ձեր տեսակետը, որ՝ իսկապես փորձությունների միջով անցնելով ենք մենք ճիշտ ուղին գտնում: Ցավոք սրտի, այդ փորձությունները կուտակվեցին հատկապես 2020 թվականից հետո, և մեծ դժվարություններ են առաջացրել, բայց մենք աստիճանաբար հաղթահարելու ենք դրանք:

Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն և չեն էլ կարող ունենալ ոչ այսօրվա իշխանությունը, ոչ վաղվա, ոչ մյուս օրվա: Սա բոլորը գիտակցում են, որովհետև մեր պատմությունն է դա և այդ պատմության մեջ Հայ առաքելական եկեղեցին միշտ իր տեղն ու դերն ունեցել է՝ անկախ ամեն ինչից: Հիմա մենք ունենք պետականություն և ապավինում ենք եկեղեցուն, որպեսզի այդ պետականությունն ավելի ամուր լինի, որովհետև այդ պետականության մեջ հոգի է պետք: Մեր խնդրանքն է ձեզ՝ մեզ միշտ ճիշտ ճանապարհով տարեք: Վստահ եղեք, որ այսօրվա իշխանության ընտրած ճանապարհն, իրոք, տանում է խաղաղության:

Մեր խնդիրը շատ հստակ է, մենք հարևանների հետ, անկախ մեր պատմական տարբեր ժամանակաշրջանում ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել: Մենք չենք կարող Հայաստանը վերցնել տանել ուրիշ տեղ, և իրենց էլ չենք կարող պարտադրել տեղափոխվել: Պատմականորեն ձևավորված միջավայր է, որի հետ կապված մենք հազարավոր տարիներ խնդիրներ ենք ունեցել, պատերազմներ ենք ունեցել, բայց, ի վերջո, կանք և կշարունակենք լինել»:

 

← Վերադառնալ