02
02, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային խաղերի մեկնարկի միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային  խաղերի մեկնարկի միջոցառմանը և հանդես է եկել խաղերի բացման խոսքով։

Սիրելի՛ մարզիկներ, հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ,

Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողության առթիվ:

Այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, քանի որ այն միավորում է աշխարհասփյուռ հայությանը սպորտի և մրցակցության ոգով:

Հայաստանի հրաշալի ձմեռային բնությունը և լեռնային գեղատեսիլ վայրերը լավագույն միջավայր են ստեղծում այս մարզական տոնի համար: Մեր երկիրը հպարտությամբ է հյուրընկալում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայ մարզիկներին, ովքեր իրենց մասնակցությամբ նպաստում են հայկական սպորտային ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նոր խթան են դառնում Հայաստան-Սփյուռք կապերի հետագա սերտացման համար:

Համահայկական խաղերը ոչ միայն մարզական մրցումներ են, այլ նաև մշակութային կարևոր իրադարձություն, որը նպաստում է մեր ազգային ինքնության պահպանմանը և ամրապնդմանը: Այստեղ ստեղծվում են նոր բարեկամություններ, ձևավորվում ընկերություններ, զարկ է տրվում հայրենաճանաչությանը:

Հատկապես ուրախալի է տեսնել երիտասարդ մարզիկների ակտիվ մասնակցությունը: Դուք եք մեր ապագան, և ձեր էներգիան ու նվիրվածությունը ոգեշնչում են մեզ բոլորիս:

Ոգևորիչ է նաև տարեց տարի համահայկական  խաղերին մասնակցող պատվիրակությունների քանակական աճը մոլորակի ամենահեռավոր երկրներից:

Հարգելի ներկաներ Համահայկական մարզամշակութային այս տոնակատարության մեկնարկին ընդառաջ մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդար մրցակցություն, լավագույն արդյունքներ և անմոռանալի պահեր: Թող այս  խաղերը դառնան հայկական սպորտի պատմության հերթական նշանավոր էջերից մեկը:

Եվ ուրեմն Համահայկական ձմեռային խաղերը հայտարարում եմ բացված:


 

← Վերադառնալ