01
07, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Կենսաբազմազանության ֆինանսավորում․ ոչ տնտեսական կորստի և վնասի արձագանքման բացակայող կապը» խորագրով ծրագրին

Աշխատանքային այցով Իսպանիայի թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Կենսաբազմազանության ֆինանսավորում․ ոչ տնտեսական կորստի և վնասի արձագանքման բացակայող կապը» խորագրով հարակից ծրագրին և հանդես է եկել բացման խոսքով։

«Հարգելի հյուրեր,

Ուրախ եմ հանդես գալ Զարգացմանն ուղղված ֆինանսավորման 4-րդ համաժողովի շրջանակում անցկացվող այս բարձր մակարդակի քննարկմանը: Ցանկանում եմ ողջունել Հայաստանի, Նեպալի, Կոլումբիայի ներկայացուցիչներին, Կենսաբազմազանության կոնվենցիայի, Կանաչ կլիմայի հիմնադրամի և Բնության պահպանության միջազգային միության քարտուղարություններին՝ այս քննարկմանը մասնակցելու համար, և շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին՝ այս կարևոր թեմայով հետաքրքրված լինելու համար։

Ինչպես նշում է «Կենդանի մոլորակ» 2024թ․ զեկույցը, 1970-ից 2020 թվականներին վայրի բնության կենդանական աշխարհի թվաքանակը նվազել է 73 տոկոսով։ Սա կենսաբազմազանության հսկայական և անդառնալի կորուստ է, որը, եթե չկասեցվի, կդնի մեր աշխարհը վտանգավոր շրջադարձային կետի առաջ՝ աղետալի հետևանքներով թե՛ բնության, թե՛ մարդկանց և նրանց կենսապահովման համար։ Հետևաբար, մեր սերնդի պարտքն ու պատասխանատվությունն է անել ամեն ինչ՝ այս վտանգավոր միտումները շրջելու, կենսաբազմազանության կորուստը, բնապահպանական դեգրադացիան և կլիմայի փոփոխությունը կանխելու համար։

Ինչպես ձեզ հայտնի է, Հայաստանը ստանձնել է կարևոր առաքելություն՝ հյուրընկալելու Կենսաբազմազանության վերաբերյալ ԿՈՊ17 համաժողովը գալիք տարի և առաջնորդելու միջազգային հանրության ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ։

Մենք պատրաստ ենք կառուցել Կալի քաղաքում կայացած ԿՈՊ16-ի՝ Կոլումբիայի նախագահության ներքո արձանագրված հաջողության վրա և շարունակել առաջ մղել միջազգային համագործակցությունը կենսաբազմազանության պահպանման ոլորտում, որի առանցքային բաղադրիչը կայուն ֆինանսավորումն է։

Հենց այդ պատճառով այս բարձր մակարդակի քննարկումը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման վերաբերյալ գաղափարների ու տեսակետների բաց փոխանակմամբ, կդառնա այդ ուղու մեկնարկային կետերից մեկը և կծառայի որպես ներդրում ԿՈՊ17-ի նախագահության նախաձեռնությունների և գործողությունների օրակարգի ձևավորման գործում։

Սպասում եմ լսել քննարկման մեր հարգարժան մասնակիցների տեսակետներն ու առաջարկությունները այն հնարավոր ուղիների վերաբերյալ, որոնց միջոցով կարող ենք խթանել հասարակությունների մասնակցությունը կենսաբանական բազմազանության պահպանության գործում, ինչպես նաև՝ քննարկել այն հնարավոր լուծումներն ու մոտեցումները, որոնք կապահովեն կենսաբազմազանության պահպանության ոլորտում բավարար և կանխատեսելի ֆինանսավորում՝ մեր առջև ծառացած մարտահրավերների լուծման համար։

Ցանկանում եմ բոլորիս արդյունավետ քննարկում և ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեզ հետ լինելու համար»։
 

← Վերադառնալ