Մամուլի հաղորդագրություններ
Ի պատիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի անունից տրվել է պաշտոնական ճաշ
Ի պատիվ պետական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի բաժակաճառը.
«Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել այս գեղեցիկ և պատմական երկրում՝ Հունաստանի Հանրապետությունում։ Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մեծարգո պարոն նախագահ, և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ ջերմ ընդունելության, բարձր հյուրընկալության և անկեղծ բարեկամական վերաբերմունքի համար։
Հայաստանն ու Հունաստանն ամուր կապված են դարերով ձևավորված բարեկամությամբ, որը հիմնված է ոչ միայն պատմական հիշողության, այլև քաղաքակրթական նույն արժեքների վրա։ Մենք երկու հնագույն ժողովուրդներ ենք, որոնց պատմությունը սկիզբ է առնում մարդկային քաղաքակրթության վաղ փուլերից, և որոնք իրենց գոյության ընթացքում բազմիցս ապացուցել են հավատարմությունը ազատության, արժանապատվության և մարդկային ստեղծագործ ոգու հանդեպ։
Հունաստանը մարդկությանը պարգևել է ժողովրդավարության գաղափարը, փիլիսոփայության և գիտության հիմնաքարերը, իսկ Հայաստանը, լինելով առաջին երկիրը, որը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն, իր ներդրումն է ունեցել համամարդկային հոգևոր ժառանգության ձևավորման գործում։ Դարերի ընթացքում մեր ժողովուրդներն իրենց ավանդն են բերել նաև ճարտարապետության, գիտության, արվեստի և մշակութային երկխոսության զարգացմանը՝ հաճախ հանդես գալով որպես կամուրջ տարբեր քաղաքակրթությունների միջև։ Այս արժեքները մեզ համար ոչ թե անցյալի հիշողություն են, այլ կենդանի ուղեցույց՝ ներկայում և ապագայում մեր քաղաքական և հասարակական ընտրությունների համար։
Մեր ժողովուրդները միասին կիսել են նաև դժվար փորձություններ։ Պատմական արդարության որոնումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությունը մեզ համար ընդհանրական բարոյական պարտավորություն են։
Այս այցը ևս մեկ կարևոր հանգրվան է Հայաստան-Հունաստան հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման ճանապարհին։ Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ երկկողմ համագործակցությունը կայուն կերպով ընդլայնվում է քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթական և մշակութային ոլորտներում։ Մեր երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքն ու վստահությունը ստեղծում են ամուր հիմք՝ համագործակցությունը նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու համար։
Հատկապես կարևոր եմ համարում տնտեսական կապերի խորացումը, ներդրումային ծրագրերի խթանումը, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակումը։ Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ նաև արդարադատության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, միջտարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերի շրջանակներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել նոր հնարավորություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարեկեցության։
Միաժամանակ, մեր երկրները հանդիսանում են կայունության և խաղաղության ջատագովներ իրենց տարածաշրջաններում։ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետևողական աջակցությունը Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ու միջազգային իրավունքի գերակայությանը։ Համոզված ենք, որ երկխոսությունը, փոխադարձ հարգանքը և համագործակցությունը տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու լավագույն ճանապարհն են։
Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները պաշտոնական փաստաթղթերից և համաձայնագրերից վեր են։ Դրանք ամրապնդված են մեր ժողովուրդների միջև քաղաքակրթական կապերով, մշակութային փոխազդեցությամբ և փոխադարձ խորը համակրանքով։ Հունաստանում ապրող հայ համայնքը և Հայաստանում մեծ հարգանք վայելող հունական համայնքը մեր բարեկամության կենդանի կամուրջներն են։
Այս երեկոն ևս մեկ վկայությունն է այն բանի, որ մեր հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև մարդկային՝ հիմնված անկեղծ ջերմության և փոխադարձ վստահության վրա։ Թող այս պետական այցը նոր շունչ հաղորդի մեր գործընկերությանը և բացի նոր էջ մեր բարեկամության պատմության մեջ։ Եվ ինչպես նշել է մեծ մտածող Արիստոտելը, բարեկամությունն է այն կապը, որը միավորում է պետությունները:
Թույլ տվեք բարձրացնել բաժակն ի պատիվ Հունաստանի Հանրապետության նախագահի և բարեկամ հույն ժողովրդի, հանուն Հայաստանի և Հունաստանի միջև դարավոր բարեկամության և ամուր գործընկերության, հանուն մեր ժողովուրդների խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի»։





