Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
Պետական այցով Աթենքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի առևտրաարդյունաբերական պալատում հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև դիվանագետներ, տարբեր ոլորտներից գործարարներ, հասարակական ու պետական գործիչներ։
Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահի հետ հանդիպման հնարավորության համար շնորհակալական խոսքով հանդես է եկել առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Իոաննիս Բրատակոսը։
Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջույնի ելույթ է ունեցել և կարևորել նմանօրինակ երկկողմ հանդիպում համաժողովների նախաձեռնումն ու հաճախակի անցկացումը։ Իր խոսքում նախագահը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի քաղաքական, պատմական, բարեկամական ու մշակութային առնչակցությունները երաշխավորում են երկու երկրների առևտրատնտեսական տարբեր օղակներում համագործակցային մեծ ներուժ, որն այսօր կարիք ունի լիարժեք իրականացման և հույս է հայտնել, որ նաև բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն տնտեսական կապերի ձևավորմանն ու ընդլայնմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի տնտեսական գրավչության և ներդրումային միջավայրում առկա հնարավորությունների վերաբերյալ սահիկաշար (պրեզենտացիա):












