16
06, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է նման այցելությունները՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման, բարեկամության և արժեքային երկխոսության խորացման կարևոր հարթակ։ Հանրապետության նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ իր ինքնությունը և մշակութային ժառանգությունը պահպանել է քրիստոնեական արժեքների վրա հիմնված աշխարհայացքի շնորհիվ, որոնք շարունակում են կարևոր դեր ունենալ նաև մեր օրերում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխարհում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին, ինչպես նաև համամարդկային և քրիստոնեական արժեքների պահպանման ու սերունդներին փոխանցման անհրաժեշտությանը։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, մարդկային արժանապատվության, խաղաղության և համերաշխության սկզբունքները պետք է շարունակեն մնալ հասարակական կյանքի հիմքում։

Հանրապետության նախագահը կարևորել է պետության, եկեղեցու և կրոնական համայնքների միջև կառուցողական համագործակցությունը՝ հասարակության մեջ բարոյական արժեքների ամրապնդման, երիտասարդ սերնդի դաստիարակության, հանրային համերաշխության և ազգային ինքնության պահպանման գործում։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում հատկապես մեծ նշանակություն ունի այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ հոգևոր և քաղաքացիական արժեքները փոխլրացնում են միմյանց՝ նպաստելով հասարակության կայուն զարգացմանը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում վերջին տարիներին իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքին և հանրային կյանքում առկա դրական միտումներին։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, օրենքի գերակայության ապահովման, տնտեսական առաջընթացի և նորարարական զարգացման ուղղությամբ։

Անդրադառնալով Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին՝ Հանրապետության նախագահը կարևորել է վերջին տարիներին երկկողմ համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այն հիմնված է փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների և ընդհանուր շահերի վրա։

Նախագահը նաև բարձր է գնահատել ամերիկյան տարբեր գործընկեր կազմակերպությունների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։

Կողմերը վերահաստատել են համամարդկային արժեքների, խաղաղության, փոխըմբռնման և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։

← Վերադառնալ