Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն-Սյունիքի մարզ համագործակցության ցանցի ղեկավար Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել արդեն երեք տասնամյակ շարունակվող ապակենտրոնացված համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր ներդրում ունի Հայաստան- Ֆրանսիա հարաբերությունների զարգացման, համայնքների միջև կապերի ամրապնդման և տեղական զարգացման ծրագրերի առաջմղման գործում։
Թիերի Կովաքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատվիրակությունը Հայաստանում է գտնվում մի շարք գործնական նախաձեռնությունների իրականացման օրակարգով։ Նա ներկայացրել է Սյունիքի մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը՝ անդրադառնալով մասնավորապես մարզի տարբեր համայնքներում ֆրանկոֆոն կենտրոնների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Զրուցակիցները կարևորել են նաև ֆրանսերեն լեզվի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները և դրանց դերը կրթական ու մշակութային կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում Թիերի Կովաքսը ներկայացրել է Սյունիքի մարզի դպրոցականների և ուսանողների համար իրականացվող փոխանակման ծրագրերը՝ նշելով, որ դրանց շնորհիվ երիտասարդները հնարավորություն են ստանում ուսանել, մասնակցել վերապատրաստումների կամ մասնագիտական փորձառություն անցնել Ֆրանսիայում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, հմտություններ և միջազգային փորձ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, ինչպես նաև համայնքային մակարդակում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Ֆրանսիայի համայնքների և տարածաշրջանների շարունակական աջակցությունը Հայաստանի մարզերին՝ նշելով, որ ապակենտրոնացված համագործակցությունը նպաստում է ոչ միայն տեղական զարգացմանը, այլև երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ապագա համագործակցության նոր ուղղությունների շուրջ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և նախաձեռնություններ։




