01
10, 2008

Նախագահ Ս. Սարգսյանի ելույթը Թբիլիսիի պետական համալսարանում

album picture
Մեծարգո՛ պարոն Խուբուա,

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Երախտագիտությամբ եմ ընդունում Թբիլիսիի պետական համալսարանի պատվավոր դոկտորի բարձր կոչումը:

Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այդ կոչումը մի համալսարանից, որը հնագույններից Է Հարավային Կովկասում, եւ որը հիմնադրել է հռչակավոր պատմաբան Իվանե Ջավախիշվիլիի եւ նրա համախոհների կողմից:

Ուրախ եմ նման ներկայացուցչական լսարանի առջեւ հանդես գալու եւ Հայաստանի մի քանի մոտեցումները ներկայացնելու հնարավորության համար:

Տիկնայք եւ պարոնայք,

Նախագահ Սահակաշվիլիի հետ մեր հանդիպումն ու բանակցություններն անցան բարեկամական մթնոլորտում, ինչը շատ բնական է, եւ ի հայտ բերեցին օրակարգում ընդգրկված խնդիրների լուծման նպատակով առավելագույն ջանքերի գործադրման երկուստեք պատրաստակամություն: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք պայմանավորվել կոնկրետ խնդիրների շուրջ եւ ոչ հեռու ապագայում, կարծում եմ, հանրությունն ամբողջովին տեղյակ կլինի մեր պայմանավորվածությունների մասին, որովհետեւ սկսելու ենք կոնկրետ աշխատանք:

Մեր ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերությունները մեզ թույլ են տալիս վարել անկեղծ, խորքային եւ ընդգրկուն երկխոսություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: 20-րդ դարի 90-ականների սկզբի իրադարձությունները, ԽՍՀՄ փլուզումը եւ նորանկախ պետությունների ստեղծումը հերթական անգամ փորձաքար հանդիսացավ հայ-վրացական հարաբերությունների ամրության համար: Եւ, փառք աստծո, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ այդ փորձությունը պատվով հաղթահարեցինք:

Անկախության հռչակումից հետո Հայաստանի համար հիմնական խնդիր էր ժամանակակից բարդ եւ հակասական աշխարհում որոշել իր տեղը: Մենք որդեգրեցինք ժողովրդավարական արժեքների եւ շուկայական տնտեսության վրա հիմնված նոր պետություն ստեղծելու ուղին: Երկիրը բախվեց անցումային շրջանին բնորոշ բարդություններին` կապված քաղաքական եւ տնտեսական ոլորտներում արմատական բարեփոխումների հետ: Մենք ունեցանք ավերիչ երկրաշարժ, անցանք տեւական պատերազմի, էներգետիկ ճգնաժամի միջով, եւ այսօր կարող ենք ասել, որ Հայաստանը վարում է ազատական տնտեսական քաղաքականություն` ապահովելով գործարարության համար բարենպաստ միջավայր:

Տնտեսական բարեփոխումների շնորհիվ հաջողվել է հասնել մակրոտնտեսական, մասնավորապես կայուն տնտեսական աճի: Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճում Է 12-13 տոկոսով, եւ սա հնարավորություն Է տալիս մեզ ամեն տարի բարելավել մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը: Հայաստանում մասնավոր հատվածը դարձել է տնտեսության շարժիչ ուժը:

Տիկնայք եւ պարոնայք,

Հարավային Կովկասը պատմական, քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ ազգամիջյան հարաբերությունների տեսանկյունից բարդ տարածաշրջան է: Այն միշտ եղել է բախումների եւ աշխարհաքաղաքական շահերի պայքարի թատերաբեմ ու զգայուն` գոյություն ունեցող ուժերի հարաբերակցության փոփոխության հանդեպ:

Աշխարհի քարտեզի վրա Հարավային Կովկասը փոքր տարածք է, բայց, ինչպես ցույց տվեցին վերջին դեպքերը, փոքր Է, բայց եւ կարեւոր է: Սա բոլոր ուժերը պետք Է հասկանան, որոնք գործում են ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ տարածաշրջանից դուրս:

Անկախության առաջին իսկ տարիներից Հայաստանի առջեւ ծառացան խնդիրներ` նոր որակով վերականգնել ընդհատված իրավա-պայմանագրային եւ տնտեսական հարաբերությունները այլ երկրների, այդ թվում նաեւ Վրաստանի հետ, եւ միջազգային ասպարեզում հանդես գալ որպես ինքնուրույն պետություն: Պատմությունն ապացուցել է արտաքին շահերի հակադրման վրա տակտիկական խուսավարման քաղաքականության սնանկությունը: Ելնելով դրանից, Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է խորացնելու իր ներգրավվածությունը տարածաշրջանային եւ միջազգային տարբեր ձեւաչափերում, ընդլայնելու եւ ամրապնդելու բարեկամական գործընկերությունները իր հարեւանների, ինչպես նաեւ` Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ:

Համարում ենք, որ նման քաղաքականությունը նպաստում է տարածաշրջանում պատմականորեն առաջացած հակասությունների հաղթահարմանը, բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետների ու շահերի մոտարկմանը: Այդ հավասարակշռված քաղաքականության հետեւողական կիրառման արդյունքում Հայաստանն այսօր միջազգային հանրության կողմից ընդունվում է որպես վստահություն ներշնչող, հուսալի եւ կանխատեսելի գործընկեր:

Մեր երկրներն իրենց համարում են եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս եւ Եվրոպայի հետ մերձենալու ճանապարհին Հայաստանն ու Վրաստանը պետք է լինեն ներդաշնակ գործընկերներ:

Հայաստանի անդամակցությունը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը հանդիսանում է անվտանգության ամրապնդման եւ քաղաքական ու ժողովրդավարական բարեփոխումների ապահովման կարեւոր գործիք: ԵԱՀԿ շրջանակներում է ընթանում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: Հայաստանը դիտարկում է այդ հիմնահարցը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համատեքստում եւ հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին: Մենք համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չի կարող հաջողությամբ պսակվել, եթե հաշվի չառնվեն իր տեսակի մեջ յուրահատուկ այդ հիմնախնդրի բոլոր պատմական, իրավական եւ քաղաքական իրողությունները:

Մինսկի խմբի համանախագահողներ հանդիսացող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործուն աջակցության շնորհիվ մեզ հաջողվեց հանգել փոխըմբռնման որոշակի սկզբունքների, որնոք հիմնվում են փոխզիջման անհրաժեշտության վրա: Ինչպես բարձր մակարդակի, այնպես Էլ նախագահների անձնական ներկայացուցիչների պարբերական հանդիպումներն ընթանում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների ներքո: Վստահ եմ, որ դրանք կարող են հիմք հանդիսանալ հակամարտության կարգավորման համար:

Հայաստանը եղել եւ մնում է տարածաշրջանային համագործակցության համոզված կողմնակիցը: Մենք վստահ ենք, որ համատեղ ծրագրերի իրագործումը կնպաստի մեր տարածաշրջանի երկրների միջեւ ավելի սերտ շփումներին, կաջակցի վստահության մթնոլորտի ստեղծմանը եւ կնվազեցնի առկա լարվածությունը: Տարածաշրջանային համագործակցության ենթատեքստում ենք մենք նաեւ դիտարկում վերջերս Թուրքիայի կողմից առաջադրված Կովկասյան պլատֆորմի սկզբունքները: Այս տարածաշրջանային համագործակցությունը, մեր խորը համոզմամբ, կարող է առավել գրավիչ եւ հրապուրիչ դարձնել մեր երկրները նաեւ գործարար աշխարհի համար:

Մենք շարունակում ենք մեր ջանքերը հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների եւ համագործակցության զարգացման ուղղությամբ:

Իրանը հանդիսանում է Հայաստանի վստահելի գործընկերներից մեկը: Մենք գնահատում ենք մեր հարավային հարեւանի հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում եւ նրա դերը մեր տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացիայի ապահովման գործում:

Վերջերս կայացավ Թուրքիայի Նախագահ պարոն Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան: Ես հրավիրել էի Թուրքիայի Նախագահին` համոզված լինելով, որ ուղղակի շփումը հարեւան պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձևն է: Իհարկե, "ֆուտբոլային դիվանագիտություն" անվանումը ստացած այս նախաձեռնությունն ունի նաեւ քաղաքական ենթատեքստ: Չմոռանալով անցյալը, մենք պետք է նայենք դեպի ապագա, ձեւավորենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ եւ սկսենք շփումներն առանց նախապայմանների: Երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած թեմա, նույնիսկ` ամենակնճռոտ հարցերը: Մենք հավատում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն իր հերթին կնպաստի մեր տարածաշրջանում բարվոք միջավայրի հաստատմանը:

Հայաստանը գտնում է, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող խոչընդոտները, այլ ոչ թե շրջանցել դրանք:

Ներկա հայ-վրացական հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերը հարգելու եւ բարիդրացիական հարաբերությունների ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու սկզբունքի վրա: Իսկ դրանցից կարեւորագույնը հարեւանի նկատմամբ թշնամական գործողությունների բացառումն է: Կարծում եմ, որ ե՛ւ հայ, ե՛ւ վրացի ժողովուրդները համոզվեցին վերջին իրադարձությունների հետեւանքով, որ, այո, հնարավոր Է այդպես վարվել, նույնիսկ, եթե դրա համար պահանջվում է կամքի առանձնակի դրսեւորում: Հայաստանը խորապես շահագրգռված է անվտանգության տարածաշրջանային գործուն համակարգի ստեղծման մեջ: Մենք հավատում ենք տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներուժին` առկա անհամաձայնությունները հարթելու գործում: Քանիցս ասել եմ, որ կայունությունը Վրաստանում Հայաստանի համար պակաս կարեւոր չԷ, քան նույն կայունությունը Հայաստանում: Խնդիրը միայն նրանում չԷ, որ Վրաստանը հանդիսանում Է Հայաստանի համար որպես հիմնական դարպաս արտաքին աշխարհի հետ շփվելու համար, այլ նաեւ նրանում, որ Վրաստանում Է ապրում մեր հայրենակիցների մի մասը` հարյուր հազարավոր մարդիկ, եւ մենք անպայման այս փաստը պետք Է հաշվի առնենք: Մենք Հայաստանում հպարտությամբ ենք արձանագրում աշխարհի տարբեր երկրներում հայկական սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը եւ Էական ներդրումը քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Բացառություն չԷ նաեւ Վրաստանը: Վրաստանի հայերը հնուց ի վեր կամուրջ են հանդիսացել մեր ժողովուրդների եղբայրական փոխհարաբերությունների համար: Համոզված եմ, որ ժողովրդավարության զարգացման հետ մեկտեղ, մենք անպայման կպահպանենք պատմության քառուղիներում թրծված հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությունը:

Ավարտելով խոսքս, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ինձ շնորհված կոչման համար: Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Խուբուա, Ձեր համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմին և ուսանողներին նորանոր հաջողություններ: Ես վստահ եմ, խոր համոզմունք ունեմ, որ հարաբերությունները Երեւանի եւ Թբիլիսիի պետական համալսարանների միջեւ պետք Է խորացվեն: Ես, հանդիսանալով Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ, ամեն կերպ աջակցելու եմ, որպեսզի այս հարաբերությունները խորացվեն: Մենք լավ առումով իրար տալու եւ առնելու շատ բան ունենք: Առաջին հերթին մտավորականությունը պետք Է պահպանի եւ զարգացնի հարաբերությունները մեր ժողովուրդների միջեւ: Եւ ձեր գործունեությունն այս առումով կլինի ոչ զուտ գիտական: Թեեւ, նաեւ գիտական գործունեության արդյունքում կարող են շահել մեր ժողովուրդները, մենք` բոլորս միասին:

Շատ շնորհակալ եմ բարձր կոչման, վերաբերմունքի համար, եւ վստահ եմ, որ մենք կարողանալու ենք Վրաստանի նախագահի հետ միասին մեր ժողովուրդներին առաջնորդել դեպի ավելի լավ ապագա եւ ավելի ջերմ բարեկամական կապեր հաստատել:

Շնորհակալություն:

← Վերադառնալ