31
12, 2008

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ,

Հաշված րոպեներ անց միասին կդիմավորենք նոր տարին: Մենք թերթում ենք անկախ Հայաստանի տարեգրության ևս մեկ էջ, որ լի է թե նվաճումների ու ոգևորության դրվագներով, թե բարդ իրադարձություններով ու լուրջ փորձություններով: 2008 թվականը մեզ համար փոփոխությունների, դժվար ու պատասխանատու որոշումներ ընդունելու շրջան էր: Այն մեր երկրի ու մեր տնտեսության առջև հարուցեց լրջագույն խնդիրներ, ի հայտ բերեց մի շարք մարտահրավերներ:

Նախ ընտրություններն ու քաղաքական ցնցումներն էին լուրջ փորձություն մեր երկրի համար: Հաջորդ մարտահրավերը կարևորագույն ապրանքատեսակների միջազգային գների շեշտակի բարձրացումն էր: Դրան հետևեցին ակտիվ ռազմական գործողությունները հարևան պետությունում` հանգեցնելով կարևորագույն տրանսպորտային ուղիների անգործունակությանը: Տարվա վերջին հատվածն արդեն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված խնդիրները հաղթահարելու ժամանակահատվածն էր: Այսօրինակ զարգացումներից մենք դուրս ենք գալիս շատ երկրների համար բաղձալի կայունությամբ, ավելացող եռանդով ու ամրացող կամքով: Մենք բազում խնդիրներ ունենք և պատրաստ ենք նոր լուծումների:

Արցախյան շարժման 20-ամյակի տարում նկատելիորեն ակտիվացավ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը: Շարունակվեցին բարեփոխումները` նոր լիցք ստանալով ոստիկանության, հարկային ու մաքսային համակարգերում, կրթության ու առողջապահության ոլորտներում: Ավարտին հասցվեց Հայաստան-Իրան գազամուղը: Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցին մենք ամրագրեցինք բոլոր անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու մեր ծրագրերը:

Անցնող տարին աշխույժ մշակութային կյանքի ու մարզական լուրջ ձեռքբերումների տարի էր, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության տեսանելի դրսևորումների ու հայ ինքնության շուրջ աշխարհասփյուռ հայության համախմբման նոր մոտեցումների ժամանակահատված: Այն նաև համարձակ, իրենց ծավալով ու նշանակությամբ նախադեպը չունեցող տնտեսական գերծրագրեր նախաձեռնելու տարի էր, որը մեկ անգամ ևս փաստեց, որ կարող ենք և հենց մենք պետք է շենացնենք մեր տունը` Հայաստան հայրենիքը:

Սիրելի հայրենակիցներ,

Ամանորը սպասելիքների տոն է: Այս պահին` տոնական սեղաների շուրջ, ակնկալում ենք, որ նոր տարին մեր հարազատների ու մերձավորների կյանքում դառնա շրջադարձային:

Բոլորիս միավորում են նույն պարզ ու մարդկային ցանկությունները: Մենք մաղթում ենք, որ գալիք տարին լինի խաղաղ ու բարեբեր, որ սահմանը հսկող մեր որդիները ողջ ու առողջ վերադառնան, որ մեր երեխաները լավ սովորեն, օտար ափերում վաստակող ամուսինները տուն վերադառնան և մեր ընտանիքներում տիրեն ջերմությունն ու համերաշխությունը: Մեր ծնողներին մաղթում ենք առողջություն և արևշատություն:
Նոր տարին դինավորում ենք ընտանիքի անդամներով շրջապատված: Շնորհավորենք նաև նրանց, ովքեր իրենց պարտքն են կատարում աշխատավայրերում, ովքեր այս պահին մարդկային կյանքեր են փրկում կամ ապահովում են մեր անվտանգությունը:

Ամանորը բարության տոն է: Իմ անկեղծ մաղթանքն է, որ կարողանանք բազմապատկել մեր օջախներում իշխող բարությունը, որ գալիք տարին լինի սիրո և միասնության տարի, իսկ անցնող տարվա տագնապներն ու մտահոգությունները մնան անցյալում: 2009 թվականին մենք շատ անելիքներ ունենք: Հավատանք, որ հաջողության ենք հասնելու միասին` ուս-ուսի:

Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

Ամանորը նաև հույսի ու հավատի տոն է: Այս օրերին բոլորիս համար մի պահ վերանում են ընթացիկ խնդիրները, և նորովի են կարևորվում մնայուն արժեքները: Ամենքս մեր հարազատներին ու ընկերներին մաղթում ենք առողջություն, հաջողություններ և երջանկություն: Այդ նույն մաղթանքները հղում եմ նաև ես` հավատալով, որ բոլորիս բարի ցանկություններն իրականություն կդառնան:

Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

← Վերադառնալ