08
08, 2009

Նախագահ Սարգսյանի ելույթը Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-Ի “Գրան Պրի” “Ջերմուկ-2009” մրցաշարի բացմանը

album picture
album picture
album picture
Հարգելի՛ պարոն Իլյումժինով,

Հարգելի՛ շախմատիստներ,

Հարգելի՛ ներկաներ,

Բոլորիդ հաճույքով ողջունում եմ Ջերմուկում: Այսօր Հայաստանը հյուրընկալում է շախմատային մի մրցաշար, որի անցկացումը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի: Այն ժողովուրդների համար, որոնք սիրում, գնահատում եւ ընկալում են շախմատն, այսպիսի մրցաշարները դառնում են տոն:

Մոտակա մի քանի օրերի ընթացքում աշխարհի շախմատիստների ու շախմատասերների ուշադրությունը սեւեռված է լինելու Ջերմուկի վրա: Բոլորն ակնկալում են լավ, որակյալ խաղ, հետաքրքիր մրցապայքար եւ վստահ եմ, բոլորիս ակնկալիքներն իրականանալու են:

Ամեն ինչից զատ, այս մրցաշարը մի կարեւոր խորհուրդ էլ ունի: Այն նվիրված է աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձին: Տիգրան Պետրոսյանը մեզ համար ավելին է, քան շախմատային հսկան: Նա մեր ազգային արժանապատվության խորհրդանիշն է, մեր բազմադարյա պատմության ամենավառ անհատականություններից մեկը:
Տիգրան Պետրոսյանն ապացուցեց, որ հայկական շախմատը կարող է եւ պետք է ունենա լուրջ նվաճումներ: Նրա հաղթանակը, սպորտային հաջողությունները դաստիարակեցին մի քանի սերունդներ: Տիգրան Պետրոսյանի հաղթանակից հետո հայկական բոլոր ընտանիքներում շախմատ էին խաղում: Այս հետաքրքիր երեւույթը չէր կարող արդյունք չտալ, որը մենք կարողացանք լիաթոք ընբոշխնել շուրջ քառասունչորս տարի հետո, երբ Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Այսօր մենք հպարտությամբ ասում ենք, որ Հայաստանն օլիմպիական կրկնակի չեմպիոնների հայրենիքն է: Մեր շախմատիստները գրեթե յուրաքանչյուր ամիս հասնում են նոր հաջողությունների, որոնցից վերջինը Լեւոն Արոնյանի հաղթանակն էր արագ շախմատում:

Շնորհակալ եմ, Լեւո՛ն ջան: Շնորհավորում եմ, բայց մենք ավելին ենք սպասում:

Մի առիթով Տիգրան Պետրոսյանն ասել է. “Շախմատը ձեւով խաղ է, բովանդակությամբ` արվեստ, իսկ տիրապետելու բարդությամբ` գիտություն”: Թող այս օրերին Ջերմուկի վրա թեւածեն հետաքրքիր խաղը, գեղեցիկ արվեստը եւ ֆունդամենտալ գիտությունը:

Բարի՛ երթ, “Ջերմուկ-2009”:

← Վերադառնալ