28
11, 2009

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 12-րդ համագումարում

album picture
Սիրելի' հանրապետականներ,
Հարգարժա'ն հյուրեր,
Տիկնա'յք և պարոնա'յք,

Ուղիղ երկու տարի առաջ Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարում ելույթ ունենալով ձեր առջև` ես անդրադարձա լրջագույն մարտահրավերներին ու խնդիրներին, որոնցով լի էր աշխարհն այն ժամանակ և այն քայլերին, որոնք ըստ իս պետք է ձեռնարկեր մեր երկիրը` դրանց դիմագրավելու և Հայաստանը ժամանակակից ժողովրդավարական, մրցունակ երկիր դարձնելու համար:

Այդ մարտահրավերներն ու խնդիրները հայտնի են բոլորին, և դրանցից շատերը չեն կորցրել իրենց սրությունը նաև այսօր: Սակայն անցած երկու տարվա ընթացքում եղան զարգացումներ, որոնք նոր խնդիրներ հարուցեցին` ի հավելումն արդեն գոյություն ունեցողների:

Անշուշտ, առաջին հերթին նկատի ունեմ աշխարհը համակած խոր ֆինանսատնտեսական ճգնաժամը: Ոչ մի պետություն չկարողացավ խուսափել ճգնաժամի բացասական հետևանքներից: Մեր երկրում տնտեսական անկման ցուցանիշն անցավ 18 տոկոսի սահմանագիծը, մի բան, որ մեր ծրագրերից որևէ մեկում չի տեղավորվում: Բայց նույնիսկ այդ իրավիճակում մեզ հաջողվեց զերծ մնալ համարժեք բացասական զարգացումներից սոցիալական ոլորտում: Ճգնաժամի ազդեցությունն իրենց կյանքի վրա մեր քաղաքացիները զգացին շատ ավելի նվազ չափով, քան կարելի էր ենթադրել` մակրոտնտեսական ցուցանիշները դիտարկելով: Փառք ու պատիվ մեր բոլոր այն գործարարներին, խոշոր և համակարգաստեղծ ընկերություններին, որոնք ճիշտ ընկալեցին մեր հորդորը. համագործակցելով կառավարության հետ` երբեմն գործեցին դասական բիզնես նպատակադրումներին հակառակ, և համատեղ մենք կարողացանք շրջանցել հնարավոր շատ ավելի անցանկալի զարգացումները: Այսօր մենք մի փուլում ենք, երբ բացասական զարգացման միտումները դանդաղ, բայց հաստատապես շրջվում են: Եվ պետք է կարողանանք ո'չ միայն արագ հաղթահարել ճգնաժամի հետևանքները, այլ դրանից պետք է դուրս գանք նոր` որակապես այլ տնտեսական իրականությամբ ու կառուցվածքով:

2008 թ. օգոստոսյան իրադարձությունները Հարավային Օսիայում նույնպես էական ազդեցություն թողեցին թե' Հայաստանի, թե' մեր տարածաշրջանի այլ երկրների վրա: Պատերազմը ցուցադրեց տարածաշրջանային խաղաղության և կայունության ողջ փխրունությունն ու խոցելիությունը, է'լ ավելի ակնառու դարձրեց գոյություն ունեցող հակամարտությունները կարգավորելու անհրաժեշտությունը:

Մեր ներքին քաղաքական խնդիրներից չեմ կարող ևս մեկ անգամ չանդրադառնալ անցած նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին: Դրանք անընդունելի և խիստ վտանգավոր զարգացումներ էին:

Ամենասարսափելին, թերևս, պառակտումն էր ժողովրդի մեջ: Ծանր ժամանակներ էին բոլորիս համար: Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը` վերջնականապես չանցանք պառակտման գիծը:

Կարող ենք գոհ լինել դրանով, սակայն չենք կարող հանգստանալ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է: Բնա'վ: Այն, ինչ դեռևս սպասում է մեզ, թերևս առավելագույն ճկունություն, հմտություն, գիտելիք ու կամք է պահանջում, որովհետև մեր կարևորագույն անելիքը հասարակությունը միավորելն է, մեկ բռունցք դարձնելն է, երկխոսելու, լսելու ու հանդուրժելու մշակույթ ձևավորելն է:

Նախագահական ընտրություններին հետևած իրադարձությունները առավել ցայտուն ցուցադրեցին անկախության տարիներին ձևավորված պետական, քաղաքական և հասարակական ինստիտուտների ոչ լիարժեք կայացվածությունն ու ընդհանուր թուլությունը:

Ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի: Եթե ավելի զարգացած լինեին քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ավելի պատասխանատու լինեին քաղաքական ուժերը, ավելի պրոֆեսիոնալ և տեխնիկապես հագեցված լիներ իրավապահ համակարգը, հնարավոր կլիներ կանխարգելել տեղի ունեցած իրադարձությունները և արժանապատվորեն դուրս գալ սանձազերծված սադրանքների որոգայթից:

Վստահ եմ, որ այս իրադարձությունների մեծագույն դասը և մեր ներքին քաղաքական առաջնային մարտահրավերը հենց սա է: Հետևաբար ակնհայտ է նաև բոլոր պետական, քաղաքական, տնտեսական, հասարակական ինստիտուտների հետագա զարգացմանը և վերջնական կայացմանն ուղղված արդյունավետ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Չեմ կասկածում, որ Հանրապետական կուսակցությունն առաջիկա տարիներին կարող է և պարտավոր է ստանձնել քաղաքական, հասարակական և տնտեսական արդիականացման առաջամարտիկի դերը: ՀՀԿ-ն իր անցած ճանապարհով, քաղաքական փորձով, կադրային ու պրոֆեսիոնալ ներուժով ապացուցել է, որ մեր երկրի առաջատար քաղաքական ուժն է, և այդ կարգավիճակը պետք է պահպանի նաև տեսանելի ապագայում:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերների հետ ստանձնել է պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի առջև: Նկատի առնելով այն բարդ գործընթացները, որ այսօր առկա են աշխարհում և մանավանդ մեր տարածաշրջանում` կարող ենք ասել, որ այդ պատասխանատվությունը պատմական է:

Մենք կամավոր ստանձնել ենք պարտավորություններ մեր ժողովրդի առջև: Եվ մինչև օրս չենք կատարել որևէ քայլ, որ հակասեր մեր խոստումներին ու ծրագրերին: Մենք քայլ առ քայլ իրականացնում ենք դրանք թե' արտաքին քաղաքական, թե' ներքին հարթակներում: Իհարկե', ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, բայց մենք երբեք չենք ունեցել այն միամտությունը, որ լավ ու մեծ գործերը հեշտ են արվում: Կան օբյեկտիվ դժվարություններ և իներցիոն դիմադրություն, բայց կան նաև սուբյեկտիվ գործոններ: Այս ճանապարհին մենք դրսևորել ենք քաղաքական կամք և հետևողականություն` սկսած ծրագրերը հաջողությամբ պսակելու: Այսուհետ լինելու է նույնը:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ ՀՀԿ-ն նաև հետևողական է իր հետագա կայացման գործում: Կուսակցության ներսում շարունակվում է վերահաշվառման գործընթացը, Հանրապետականը շարունակաբար բյուրեղանում ու ամրանում է: Տարածվում և զարգանում են մարզային, տարածքային ու սկզբնական կազմակերպությունները, ավելանում են հորիզոնական կոլեգիալ մարմինների` ծրագրանապատակային խորհուրդների և պրոֆեսիոնալ կուսակցական աշխատանքով զբաղվողների թվաքանակը:

Մենք քաղաքական ուժ ենք, որը հեռու է շաբաթը մեկ տեսակետ ու դիրքորոշում փոխելու` հաճախ առկա գործելաոճից: Մեր «այո»-ն «այո» է, և «ոչ»-ը` «ոչ»: Մենք կանխատեսելի և հուսալի ուժ ենք, որին կարող են հենվել և ծրագրեր կառուցել մեր գործընկերներն ու համակիրները: Բոլորը պետք է իմանան, որ Հանրապետականի հետ կապված հույսերն ու ծրագրերը կարող են լինել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ հեռանկարային ու ռազմավարական: Հանրապետական կուսակցության անցած ողջ ճանապարհը, իր հիմնադրման օրվանից մինչև այսօր, տալիս է դրա բոլոր հիմքերը:

Մենք հաստատակամ ենք մեր հռչակած նպատակներն իրականացնելու ճանապարհին, բայց մենք նաև գիտենք լսել և հաշվի առնել հնչող առաջարկներն ու քննադատությունը: Մենք հաստատակամ ենք, բայց նաև ճկուն: Ճկունությունն ու զգոնությունը մեր բարդ ժամանակներում և բարդ տարածաշրջանում իսկապես կարևոր են:

Մենք մեր գործունեությունն այսօր կառուցում ենք որպես 21-րդ դարի կուսակցություն: Միայն մեզ հետաքրքրող հարցեր այսօր գրեթե չկան: Մեզ հուզող բոլոր լուրջ հարցերը գլոբալ հետաքրքրությունների համատեքստում են: Պետք է քաջատեղյակ լինել բուն համատեքստին: Վրձնահարվածը կարող է ճիշտ լինել միայն ամբողջական նկարի համատեքստում:

Այս ոլորտում ո'չ միայն Հանրապետական կուսակցությունը, այլև մեր ողջ հասարակությունը և ողջ հայությունը մեծ անելիք ունեն: Արդիական կուսակցություն կարող է ձևավորել արդիական հասարակությունը: Եվ հակառակը` արդիական կուսակցությունը կարող է խթանել հասարակության արդիականացումը:

Սիրելի' հանրապետականներ,

Այո', անցած երկու տարին բուռն աշխարհաքաղաքական զարգացումների, տնտեսական տեղատվության, հանրային կյանքի վայրիվերումների ժամանակահատված էր: Այո', այսօր մեզ հաջողվել է հասնել մի իրավիճակի,

երբ Հայաստանը ոչ թե փոքրիկ մակույկի պես անօգնական տարուբերվում է գլոբալ ալիքների վրա, այլ արժանապատիվ կեցվածքով սեփական ուղին է հարթում,

երբ քաղաքական գործընթացները գերազանցապես վերադառնում են հենց քաղաքական դաշտ,

երբ աշխարհը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամի բերած աննախադեպ անկումն սկսում է տեղի տալ:

Սա, անշուշտ, ես գոհունակությամբ եմ արձանագրում, արձանագրում եմ որպես ծանր ու սկզբունքային աշխատանքի արդյունք:

Բայց սա այն իրավիճակը չէ, որին մենք բոլորս ցանկանում էինք հասնել: Իհարկե' ոչ: Մեզ սոսկ հաջողվել է ձևավորել հռչակված նպատակների իրականացման համար անհրաժեշտ և պարտադիր միջավայր, հաջողվել է դիմագրավել հզոր բացասական ազդակների ու զարգացումների, հաջողվել է կարևորագույն առաջին քայլերն անել այդ նպատակներին հասնելու ուղղությամբ:

Եվ այսօր ունենք անհրաժեշտ բոլոր պայմանները` կենտրոնանալու միայն վերելքի նպատակների վրա: Եվ այսօր ունենք անհրաժեշտ բոլոր պայմանները գործելու, փոխելու և փոխվելու` միշտ հիշելով, որ Հայաստանն ամեն հաջորդ օր պետք է ավելի լավը լինի, քան նախորդ օրն էր:

Եկել է ազատորեն փոխելու ու անհրաժեշտաբար փոխվելու ժամանակը:

Հանրապետական կուսակցության դերը, դերակատարումն ու օրինակն իսկապես մեծ է Հայաստանում: Եվ փոփոխությունները, որ մենք կարձանագրենք կուսակցության ներսում, հեշտությամբ կընդօրինակվեն ու տարածում կստանան ողջ հասարակության մեջ: Սա փաստ է: Հետևաբար, որպես իշխող կուսակցություն, Հանրապետականը ներկուսակցական փոփոխությունները պարտավոր է դիտարկել առավել լայն համատեքստում` առավել կարևորություն տալով դրանց:

Այո', Հանրապետական կուսակցությունն այսօր ամրացող, ավանդույթներ ձևավորող ու տարածող լուրջ քաղաքական ուժ է: Այս առումով, կուսակցության ներսում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը երկրում ժողովրդավարության զարգացման կարևոր գործոն է ու շարունակելու է լինել այդպիսին:

Ակնհայտ է, որ ներկուսակցական որոշումներ կայացնելու գործում ինչքան շատ գործեն ժողովրդավարական սկզբունքները, այնքան արագ է հասարակությունը հետևելու պետության կառավարման ղեկին կանգնած կուսակցության մոդելին:

Հանրապետականը առաջնորդի կուսակցություն չէ: Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ, Սերժ Սարգսյանը պարզապես հանրապետական է: Վստահաբար ասում եմ, որ սա երկրի զարգացման համար կարևորագույն ազդակ է: Իշխանության մեջ սեփական դերի ընկալման ազդակ է այսօրվա և վաղվա իշխանավորի համար: Եվ եթե սա ինչ-որ տեղ էլ այսօր դեռ չի ընկալվում, վաղն անհրաժեշտաբար արմատավորվելու է:

Ասված է, եթե ուզում ես մի բան փոխել շուրջդ, պետք է սկսես քեզնից:

Հանրապետական կուսակցությունը քաղաքական առաջնորդից պետք է վերածվի հասարակական-քաղաքական առաջնորդի:

Ամենաօրինակելին հենց առաջնորդող ուժը պետք է լինի, որ երկիրը տանի առաջ ու վերև:

Եթե հանրապետականների առաջին սերնդի առջև խնդիր է եղել չթողնել, որ քաղաքական այլ հոսանքները կուսակցության դավանած արժեքները տանեն դեպի լուսանցք, երկրի զարգացման ընթացքը չտանեն այլ ուղղությամբ, հանրապետականների ներկա սերունդն ուրիշ մարտահրավերի առաջ է կանգնած` վերացնել հակասությունը, որ երբեմն ընկալվում է խոսքի ու գործունեության արդյունքների մեջ:

Այսինքն կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել: Նման կուսակցության հեղինակությունն անվիճարկելի է, հզորությունն` անկասելի, իսկ հաղթանակը` դրականորեն փոխվող Հայաստանը:

Բնական է, որ երկրի համար վտանգավոր երևույթները ամենուր վերացնում ու կարող է վերացնել հենց իշխանությունը: Այսինքն, աղքատության, կոռուպցիայի ու պետության առջև ծառացած այլ մարտահրավերների դեմ պայքարը առաջին հերթին իշխող կուսակցության պայքարն է այդ երևույթների դեմ:

Եվ նման պայքարը հասու է միայն ուժեղ կուսակցությանը:

Դուք գիտեք, որ բոլոր կարևորագույն որոշումներն ու նախագծերը ես նախ և առաջ կուսակցության քննարկմանն եմ ներկայացրել: Համոզված կողմնակիցը լինելով ամենալայն շրջանակների կարծիքը հաշվի առնելու գործելաոճին և այդ ոճով էլ գործելով` կարևորագույն հարցերի ողջ շրջանակը, հակաճգնաժամային ծրագրերից մինչև հայ-թուրքական արձանագրություններ, անհրաժեշտաբար նախ քննարկման եմ դրել կուսակցությունում: Անկեղծ եմ ասում. դրանք սովորաբար հենց ամենադժվար փորձություններ են եղել բոլոր մշակված նախաձեռնությունների համար: Սա ճիշտ ճանապարհ է, որովհետև կուսակցության ներսում հաշվետվողականությունը ոչ թե նրա համար է, որ գործադիր պաշտոնների նշանակված կուսակցականների գործունեությունն անվերապահորեն արդարացվի, այլ նրա համար, որ սխալներ չարվեն:

Որովհետև.

Կուսակցությունը ոչ միայն այսօրվա ու երեկվա կուսակցականներինն է, այլ վաղվա կուսակցությանը:

Կուսակցությունը սոսկ ներկայի համար չէ: Ու ոչ էլ մենք ենք կուսակցության մեջ լինելու միայն ներկայում:

Հանրապետական կուսակցությունն ըստ էության հայկական վերականգնված պետականության հիմնասյունն է: Ու որքան առողջ լինի այդ հիմնասյունը, այնքան առողջ կլինի պետականությունը, որքան ժամանակի հետ համաքայլ լինի կուսակցությունը, այնքան արդիական հասարակություն կունենանք:

Հետևաբար եկել է նաև արդիական քաղաքական մշակույթի ամրապնդումը խթանելու ժամանակը:

Այդ առումով քաղաքական առողջացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր կուսակցության ներսում կուսակցականների լայն զանգվածները, թե' նրանք, ովքեր առանձին հարցերի վերաբերյալ տարբերվող կարծիք ունեն, իրենց զգան կուսակցության հավասար անդամներ, այսինքն` հավասարապես մասնակցեն որոշումների կայացմանն ու հավասար պատասխանատվություն զգան դրանց իրականացման համար:

Եթե կուսակցական մակարդակում այս խնդիրը չի լուծվում, եթե կուսակցությունների ներսում ցանկացած ներքին ընդդիմություն խեղդվում է, ինչի օրինակներ մեր քաղաքական դաշտում տեսել ենք, ուրեմն իշխանության ղեկին կանգնելով էլ` նման կուսակցությունը խեղդելու է ցանկացած ընդդիմություն: Սա չէ Հայաստանի Հանրապետական կուսակցության ճանապարհը, վկան` այն թեժ բանավեճերը, որ մենք ունենում ենք մեր քննարկումների ժամանակ: Սա ապագայում էլ չի կարող լինել Հանրապետական կուսակցության ճանապարհը:

Երկրում քաղաքական կայուն համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ունենալ կայուն ներկուսակցական համակարգ: Իշխող կուսակցությունը պետք է դառնա այս գործի առաջամարտիկը, սեփական օրինակով պետք է դառնա:

Սիրելի' կուսակիցներ,

Մեր օրերում իրադարձությունների ընթացքը տեսանելիորեն արագանում է: Մեր տարածաշրջանն ու մեր երկիրը համաշխարհային քաղաքականության հետնաբեմից եկել են առաջ, իսկ մեր պետությունն ու ժողովուրդը հայտնվել են իրադարձությունների կենտրոնում:

Եկել է մարտահրավերների առջև արագ կողմնորոշվելու ժամանակը: Ո՞րն է երաշխիքը, որ ամենախելոք, ամենաուժեղ, ամենավստահելի ու ամենամիասնական իշխանությունը սխալներ չի գործի այդ մարտահրավերներին դիմակայելու որոշումներ կայացնելիս: Իսկ սխալվելիս էլ ժամանակին կհասկանա, կընդունի ու կփորձի ուղղել սխալը, որովհետև սխալներն անխուսափելի են:

Չսխալվելու երաշխիքն ու հոմանիշը դեռ երեկ ոչինչ չանելն էր: Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն: Եվ այդ սխալին, ցավոք սրտի, շատերը սպասում են շունչները պահած:

Ուրեմն մենք պետք է քայլեր անենք՝ սխալվելու վտանգն աչքի առաջ ունենալով: Համոզված եղեք` մեր ժողովուրդը կների' սխալները, չի' ների անգործությունը:

Սխալներից հեռու մնալու դեղատոմս չկա: Բայց կա սխալվելուց խուսափելու հնարավորություններ: Առաջինն, անշուշտ, ճկունությունն է՝ որոշումներ կայացնելիս ու դրանք փոխելիս:

Նոր իրավիճակները պահանջում են նոր լուծումներ ու առաջ քաշում դրանց լուծման նոր տրամաբանություն:

Երեկվա լուծումների գերին շարժվում է ուղիղ ու կանխատեսելի գծով:

Քաղաքական ճկունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հրաժարվում են միակ խելացին ու միակ ճշմարիտը լինելու հավակնությունից:

Ամենախելոք մարդը օրվա մեջ կարող է մեկ լավ միտք ծնել: Իմաստունը ականջ է դնում հարյուր խելոքի ու սկսում աշխատել հարյուր լավ մտքի հետ:

Մենք պետք է կարողանանք լսել միմյանց և ուրիշներին:

Մյուսները կարող են լինել խելոք, իշխանության ղեկին կանգնածը պիտի նաև իմաստուն լինի: Ճկուն լինելու համար:

Եթե ընդդիմախոսը միտք է արտահայտում, որը համոզիչ է ու ավելի լավը, քան քո միտքը, ուրեմն պարտավոր ես իրագործել նրա միտքը, ու ոչ թե քոնը` ու միայն այն պատճառով, որ քոնն է: Հանրապետականը պետք է շարունակի կատարելագործվել ավելի ճկուն կուսակցություն դառնալու ճանապարհին, կուսակցություն, որը կարողանում է լսել:

Լսել ու ընտրել:

Իշխանության ղեկի մոտ լինել նշանակում է լուծումներ ընտրել, այլապես լավագույն լուծումները հաճախ կարող են զիջել լավ լուծումներին:

Արագ փոփոխվող աշխարհում արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար մեր երկիրը առաջին հերթին պետք է ունենա ներքին կայուն քաղաքական համակարգ:

Ի՞նչ է նշանակում կայուն, ո՞րն է քաղաքական կայունության մեր պատկերացումը:

Հաճախ քաղաքական ընդդիմախոսները շահարկում են կայունության փաստարկը:
Քաղաքական կայունությունը չի' նշանակում ոսկրացած միտք, լճացած գաղափարախոսություն կամ անվիճարկելի հեղինակություն:
Քաղաքական կայունության մեր պատկերացումը ենթադրում է մտքի ազատություն: Կայունության գործոնը սահմանափակում է ձևաչափը, ոչ թե բովանդակությունը, դրդում է ստեղծելու և ստեղծագործելու և ո'չ թե լռելու:

Սա հնարավոր է, եթե Հանրապետական կուսակցությունը քաղաքական հարթության մեջ ստանձնի իրական երկխոսության մշակույթի ամրապնդման առաջամարտիկի դերը: Սուր բանավեճը երբեք չպետք է թերագնահատել, սակայն մեր երկրի քաղաքական կայունությունը ապահովելու ենք հենց քաղաքական երկխոսության ուղին ընտրելով:

Կարելի է կոշտ լինել մտքերի, բայց ո'չ դրանք արտահայտողների հանդեպ: Սա' պետք է առաջին հերթին կյանքի կոչենք: Հենց մե'նք եւ հենց ա'յս սկզբունքը:

Երկրում քաղաքական երկխոսության մշակույթն արմատավորելու գործում ամենամեծ պատասխանատվությունն ու հնարավորությունը առաջնորդ կուսակցությանն է: Եկե'ք պատվով ստանձնենք այն. եկե'ք արդիական իշխող կուսակցության օրինակելի մոդելի հիմքը դնենք, որ հիմնօրինակ դառնա նաև ապագայի համար:

Սիրելի' հանրապետականներ,

Նախորդ համագումարին հաջորդած երկու տարիների ընթացքում ՀՀԿ-ն, իր ձևավորած իշխանության միջոցով, նաև ցուցադրել է, որ ի վիճակի է արդյունավետ լուծել մեր երկրի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները: Մենք մեր գործողություններով ապացուցել ենք, որ ցանկության և վճռականության դեպքում կարելի է առաջ շարժվել ցանկացած հարցում` նույնիսկ ամենացավոտ հարցերում:

Սա են վկայում Թուրքիայի հետ առանց նախապայմանների բնականոն միջպետական հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունը և այն զարգացումները, որ հետևեցին դրան: Այսօր, երբ արդեն ստորագրված են հայ-թուրքական արձանագրությունները, կարելի է վստահությամբ հայտարարել, որ թեև մենք դեռևս գտնվում ենք գործընթացի սկզբնամասում, և արձանագրությունները դեռևս պետք է վավերացվեն ու լիարժեքորեն կյանքի կոչվեն, միանշանակ է, որ մեզ հաջողվել է կոտրել սառույցը և զգալիորեն առաջ անցնել Թուրքիայի հետ հարաբերություններում: Սա անշուշտ կնպաստի թե' մեր երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացմանը, թե' տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Այժմ մենք հասել ենք մեր երկրների խորհրդարաններում արձանագրությունները վավերացնելու փուլին: Դա մի գործընթաց է, որում, ինչպես հայելու մեջ, պետք է արտացոլվի կողմերի լրջությունը, նրանց խոսքի արժանահավատությունը և պատասխանատվության զգացումը: Հայաստանն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները հարգող և պատշաճ կատարող երկիր է: Հուսով եմ` Թուրքիան էլ է առաջնորդվում այդ սկզբունքով:

Միաժամանակ կցանկանայի շեշտել, որ այստեղ գործում է «խելամիտ ժամկետներում» կոչվող սկզբունքը: Եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը, ապա, ինչպես արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր:

Միևնույն ժամանակ մեկ անգամ ևս շեշտում եմ, որ Հայաստանը պատրաստ է արդյունավետորեն շարունակել սկսված գործընթացը: Տեղեկացնում եմ, որ ես արդեն դիմել եմ Սահմանադրական դատարան` հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի ուզում եմ շեշտել. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում: Ընդհակառակը, վստահ եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում և ողջ աշխարհում:

Ունենալով արդարացի մտահոգություններ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ` մենք, այնուամենայնիվ, չպետք է վախենանք այդ պետության հետ հարաբերություններից, չպետք է ընկրկենք դժվարությունների առջև, չպետք է հետ կանգնենք համարձակ քայլեր կատարելուց: Հակառակը, մենք պետք է վճռականորեն շարունակենք մեր քաղաքականությունը, հաշվարկված և խելամիտ քայլերի միջոցով հասնելով մեր ազգային և պետական խնդիրների լուծմանը:

Համաձայն եմ` մենք երբեք չենք ունեցել Թուրքիայի հետ որպես հավասարը հավասարի հարաբերվելու քաղաքական մշակույթ և դիվանագիտական փորձ: Համաձայն եմ` Թուրքիան հզոր երկիր է` դիվանագիտական ուրույն ձեռագրով: Այս դիտարկումների հետ ես, անշուշտ, համաձայն եմ: Բայց կտրականապես համաձայն չեմ այն եզրակացության հետ, որ ոմանք կատարում են այս դիտարկումների հիման վրա. այն է` պետք է հեռու մնալ Թուրքիայից, որովհետև նա կարող է խաբել: Սխալ եզրակացություն է սա: Այո', մենք չունենք թուրքերի հետ հարաբերվելու փորձ, բայց չէ՞ որ մի օր պետք է ի վերջո սկսել: Եվ ես հավատացնում եմ ձեզ` մենք արագ ենք սովորում… Եվ մենք այսօր ամենևին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ:

Նույնը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին: Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն մենք թույլ չենք տա և ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների կողմից հռչակված սկբունքները նույնն են և ամրագրված են Հանրապետական կուսակցության ու ՀՀ Նախագահի ծրագրերում: Այդ հիմնարար սկզբունքները եղել և մնում են մեր ուղենիշը: Այս սկզբունքներով է, որ մենք վարում ենք բանակցությունները:

Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար պարզ է, որ հակամարտության կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է, և դրա վերջնական կարգավորման համար կարող են պահանջվել տարիներ: Սակայն հակամարտության կարգավորման այսօրվա հանգրվանը ինձ հույս է ներշնչում, որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել:

Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մենք լինելու ենք մեր ազգային ու պետական շահերը ամեն ինչից բարձր դասող և վճռական` գործը մինչև վերջ հասցնելու հարցում:

Միանշանակ է, որ հակամարտությունները երկարաժամկետ և կայուն լուծում են ստանում միայն այն դեպքերում, երբ հիմնված են արդարության ու խելամիտ փոխզիջումների վրա: Անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները: Մենք ի լուր աշխարհի հաստատապես հայտարարել ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է խարսխվի մարդու և Ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա: Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տևական, իրականանալի և խաղաղ:

Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը:

Սիրելի' հանրապետականներ,

Խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գերակա դիրք ստացավ, ինչը թույլ տվեց ապահովել մեծամասնություն օրենսդիր և գործադիր իշխանություններում և, կոալիցիոն գործընկերների հետ միասին, ստանձնեց մեր երկրի կառավարման ողջ պատասխանատվությունը: Այս հանգամանքը չափազանց կարևոր դեր խաղաց երկրի ներսում կայունության պահպանման, համաշխարհային ճգնաժամի պայմաններում հնարավորինս արդյունավետ ներքին տնտեսական քաղաքականություն վարելու, արդյունավետ արտաքին քաղաքական քայլեր ձեռնարկելու և մյուս ուղղություններով առաջ շարժվելու գործում: Ավելին, տեղական ինքնակառավարման մարմինների, ապա նաև Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները վկայեցին մեր հասարակության մեջ կուսակցության հանդեպ առկա վստահության ամրապնդումը: Հանրապետական կուսակցությունը ոչ միայն շարունակում է առավել քվեներ ստանալ տարբեր մակարդակի ընտրություններում, այլև լրջորեն աշխատում է ընտրությունների կազմակերպման գործընթացի բարելավման ուղղությամբ: Եվ պատահական չէ, որ արդեն Երևանի ավագանու ընտրություններում միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից առաջին անգամ լուրջ դրական տեղաշարժեր արձանագրվեցին ընտրական գործընթացի այնպիսի բաղադրիչներում, որոնք նախկինում ամենաշատն էին քննադատության թիրախ դառնում:

Մինչև հերթական խորհրդարանական և նախագահական ընտրությունները Հանրապետական կուսակցությունն իր կոալիցիոն գործընկերների հետ միասին պետք է բազմապատկի ջանքերը մեր կողմից հռչակված ծրագրերի վճռական իրականացման ուղղությամբ: Մենք չպետք է հապաղենք և պետք է արդյունավետորեն շարունակենք բարեփոխումների քաղաքականությունը:

Ասեմ, որ վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները և տնտեսության կայունացման հստակ նկատվող միտումները մեզ հիմք են տալիս ավելի վստահ կանխատեսել 2010 թվականի երկրի տնտեսության զարգացման հեռանկարները: Դա նաև հնարավորություն է ընձեռում վերանայել 2010 թվականի բյուջեի նախագծի մի շարք ցուցանիշներ` նախատեսելով հաջորդ տարվա պետական բյուջեի ծավալների ավելացում թե' եկամտային և թե' ծախսային մասով:

Արդեն այսօր վստահ կարելի է պնդել, որ 2010 թվականին բյուջեն իր ծախսերով կգերազանցի 2009 թվականին սպասվող փաստացի ծավալները:

Ավելին, 2010 թվականի բյուջեն կգերազանցի անգամ 2009 թվականի համար ընդունվածը: Մենք Եվրոպական Միությունից արտոնյալ միջոցներ ներգրավելու հնարավորություն ենք ստացել, ինչը թույլ կտա հետագայում մոտ 60 միլիարդ դրամով ևս ավելացնել 2010թ. բյուջետային ծախսերը: Արդյունքում գալիք տարվա պետական բյուջեն իր ծախսային մասով ընդհուպ կմոտենա 1 տրիլիոն դրամի սահմանագծին:

Այստեղ ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանի Հանրապետությունը ունի մեծ պետական պարտք, նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր լավ չեն կարողանում կողմնորոշվել տնտեսական քաղաքականության մեջ և նպատակ ունեն սարսափեցնելու մեր ժողովրդին:

«Պարտք» հասկացությունը գոյություն ունի հենց այսպիսի վիճակների համար: Եթե մենք շատ փող ունենայինք, պարտք չէինք վերցնի: Բացի այդ, պարտք տալիս են նրան, ով ունի պարտքը մարելու վստահության պաշար: Իսկ երբ մեր պետության նկատմամբ բարեգործություն են կատարում, մեզ տալիս են դրամաշնորհ եւ ոչ թե` վարկ: Ուստի, եթե մեզ պարտք են տալիս, վարկեր են տալիս, նշանակում է, որ մենք ունե'նք այդ վստահության պաշարը: Կգան լավ ժամանակներ` կաճի մեր պետական բյուջեն, մեր համախառն ներքին արդյունքը, նորից կգանք այն վիճակին, ինչ վիճակի որ եղել ենք:

Հստակ է, որ հնարավորություն կունենանք ԱԺ ներկայացված նախագծում էականորեն ավելացնել ծախսերն այնպիսի կարևորագույն ուղղություններով, ինչպիսիք են տնտեսության զարգացումն ու արտահանման խթանումը, գյուղատնտեսության ենթակառուցվածքների զարգացումը, կրթության և պաշտպանության ոլորտները, ԼՂՀ-ին աջակցությունը և այլն:

Շարունակվելու են երկրի միջազգային մրցունակության ապահովմանն ուղղված ակտիվ քայլերը, մասնավորապես, հարկային և մաքսային բարեփոխումները, բոլորի համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, տարածքային համաչափ զարգացմանը, կենսաթոշակային բարեփոխումներին և երկրի ընդհանուր արդիականացումն ապահովելուն ուղղված ջանքերը:

Եվ սա ոչ միայն իմ` որպես ՀՀ նախագահի, մեր` Հանրապետական կուսակցության և կոալիցիոն գործընկերների գործն է, այլ մեր ողջ հասարակության և մեր ողջ ժողովրդի առջև կանգնած ամենալուրջ մարտահրավերներից է: Անկախ քաղաքական ու տնտեսական վայրիվերումներից, անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ միջազգային և տարածաշրջանային իրավիճակից մենք չպետք է մոռանանք, որ պարտավոր ենք հնարավորն ու անհնարինն անել, որպեսզի հաջորդ սերունդներին թողնենք շատ ավելի զարգացած, հարուստ ու կայացած երկիր, քան ստացել է մեր սերունդը:

Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք պատվով հանձնելու պատմական այս քննությունը` այն գիտակցումով, որ միայն մեզնից և մեր ժողովրդից է կախված մեր երկրի զարգացման ու բարգավաճման ապահովումը:

Ուրեմն եկեք անընդհատ կրկնենք այն, ինչ վաղուց արդեն հայտարարել ենք:

Հայաստանն ամեն հաջորդ օրը պիտի ավելի լավը լինի, քան նախորդ օրն էր: Մենք բոլորս պիտի գործենք հենց այդ տրամաբանությամբ:

Ավելի լավ Հայաստանի տրամաբանությամբ:

Բարեկեցիկ Հայաստանի:

Հզոր Հայաստանի:

Հայաստանի, որտեղ ամեն ոք կարող է իրացնել իր հնարավորությունները և ոչ թե լավ կյանքի փնտրտուքներով հայտնվել արտասահմանում:

Որտեղ մարդն ունի աշխատանք ու արժանապատիվ վաստակ:

Որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է որակյալ ուսում ստանալ, իսկ յուրաքանչյուր տարեց մարդ` կենսաթոշակ, որը կարող է ապահովել արժանապատիվ կյանք:

Ավելի լավ Հայաստան` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:

Ավելի լավ Հայաստան` երեխաների, աշխատողների, աշխատել ցանկացողների, հողագործների, ստեղծագործողների, ձեռնարկողների, հայրենիքը պաշտպանողների, տարեցների, հաշմանդամների համար:

Ավելի լավ Հայաստան` օտարության մեջ հայտնված զավակներին վերադարձնելու համար, տունդարձի համար:

Ավելի լավ Հայաստան` համայն հայության իղձերի իրականացման համար:

Ուրեմն` ի գո'րծ,

Քե'զ համար Հայաստան,

Առա'ջ Հայաստան:

← Վերադառնալ