12
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը "Օրինաց երկիր" կուսակցության համագումարում

album picture
album picture
Հարգելի' տիկնայք և պարոնայք,

Ջերմորեն ողջունում եմ "Օրինաց երկիր" կուսակցության իններորդ համագումարի պատվիրակներին ու հյուրերին:

"Օրինաց երկիր" կուսակցությունն այսօր Հայաստանում իր հաստատուն տեղն ու դերն ունեցող քաղաքական ուժ է, որն իր ժողովրդականությունն ապացուցել է բոլոր վերջին համապետական ընտրություններում: Նա իր կոալիցիոն գործընկերների հետ մաս է կազմում իշխանության և ստանձնել է պատասխանատվություն մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի ապագայի հանդեպ:

Ե'վ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, և' որպես Հանրապետական կուսակցության ղեկավար` գոհունակությամբ եմ նշում այն սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, որ ձևավորվել է "Օրինաց երկիր" կուսակցության հետ: Թե' պարոն Բաղդասարյանի գործունեությունը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, թե' կուսակցության ներկայացուցիչների աշխատանքը կառավարությունում ու Ազգային ժողովում վկայում են այն մասին, որ ի դեմս "Օրինաց երկիր" ` գործ ունենք վստահելի գործընկերոջ հետ: Միասին մենք լուրջ ճանապարհ ունենք անցնելու, քանզի այդ գործակցությունը հիմնված է փոխադարձաբար ընդունելի գաղափարների ու սկզբունքների վրա, որոնք միտված են համակողմանիորեն առաջ տանելու մեր երկիրը:

Մեր նպատակադրումներում այսօր առանձնապես կարևորվում է ժամանակին համահունչ հասարակության կայացումը, որտեղ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը հանրային ու անձնական կյանքի ամենօրյա նորմեր են` գրված, բայց նաև չգրված նորմեր, որ շատ հաճախ գործում են որպես սովորույթ, ավանդույթ կամ ընդունված վարվելակերպ: Գաղտնիք չէ, որ սա տևական ու հետևողական աշխատանք է պահանջում. ոչ միայն պետության, օրենքների, այլև հասարակական գիտակցության վերափոխում է ենթադրում: Այդ նպատակին հասնելու համար օրինակելի համարվող պետություններին ու հասարակություններին անհրաժեշտ են եղել բարդ ու հակասական իրադարձություններով լի տասնամյակներ: Բայց մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գլոբալ մրցակցության ներկա պայմաններում մենք այդքան ժամանակ պարզապես չունենք և մյուսների անցած ճանապարհը պետք է անցնենք բազմապատիկ կարճ ժամանակահատվածում: "Օրինաց երկիր" , այսինքն` "օրենքների երկիր" դառնալու հրամայականն այսօր նաև արագություն է պահանջում:

Այո, մենք դեռ լուրջ ճանապարհ ունենք անցնելու, ճանապարհ, որ տանում է դեպի իրավունքի գերակայության սկզբունքի հաստատում, իշխանությունների իրական բաժանում եւ հավասարակշռում, մարդկային արժանապատվության, ազատության, հավասարության հարգում ու երաշխավորում: Մենք դրանց չենք կարող հասնել առանց երկրում հանդուրժողականության, համերաշխության, բազմակարծության իրական մթնոլորտ ստեղծելու, առանց վստահություն ներշնչող արդարադատություն հաստատելու: Այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Կա՞ն փոփոխություններ: Անշու'շտ, բայց, իմ կարծիքով` անբավարար տեմպերով:

Սուտը, միմյանց սևացնելը, ամեն ինչին միմիայն սեփական ես-ի պրիզմայով նայելը, անհանդուրժողականությունն ու չարակամությունը հաճախ մեզանում դրսևորվելու պարարտ հող են ունեցել: Դրանք այսօր էլ, ցավոք, կենսունակ են, այսօր էլ գործում են ընդդեմ: Դեռևս մեկ դար առաջ ամենայն հայոց բանաստեղծը հրապարակավ գրիչ է վերցրել նման հոռի երևույթների դեմ` պնդելով.

"Մենք այժմ չենք ուզում խոսել այն մասին, թե որտեղից է հոգու այդ դաժանությունը, այդ չկամությունը, այլ կարոտով միայն մի բան կկամենայինք, որ փոխվեին մեր բարքերը վերջապես, որ վերանար այդ ավերիչ վերաբերմունքը, այդ գարշելի, բարբարոսական ադաթը մեր մամուլի միջից` տեղի տալով անաչառ, վայելուչ քննադատությանը, լայն ու պայծառ հայացքին և ազնիվ, բարյացակամ վերաբերմունքին դեպի մեր մարդիկն ու մեր հաստատությունները և, փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու, աշխատեինք ուժ տալ ու կենդանացնել":

Թումանյանի 100-ամյա խոսքերը արդիական են և այսօր: Մենք խոսում ենք փոփոխությունների մասին, արդար ու ուժեղ հասարակություն կերտելու մասին, դրան միտված ինստիտուտներ կայացնելու մասին ու հաճախ չենք էլ տեսնում, որ ամենալավ գաղափարներն անգամ խեղաթյուրվում են կես ճանապարհին, խեղաթյուրվում են կոնկրետ մարդկանց կողմից` շատ հաճախ պարզապես որպեսզի մեկ ուրիշը հաջողություն չունենա: Այդպես եղել է, այդպես կա: Արդյո՞ք այդպես պետք է շարունակվի: Մենք ասում ենք` ո'չ:

Անշուշտ, սին պատկերացումներ չունեմ, թե կարծրացած երևույթները հնարավոր է մեկ զարկով արմատախիլ անել: Վստահ եմ նաև` ուժով ու բռունցքով չէ, որ մարդասիրություն պետք է տարածել: Այն պետք է տարածել զավակին իսկական մարդ դաստիարակելու, գերազանց սովորողին ու ստեղծողին խրախուսելու, ազնիվ մարդուն մատնացույց անելու և ստորությունը հրապարակավ մերժելու ճանապարհով: Ճիշտ միջոցներով:

Ամեն խնդիր չէ, որ կարելի է լուծել օրենքներով ու որոշումներով: Խոսել է պետք, լսել է պետք, անընդհատ ու մանրակրկիտ բացատրել է պետք, թե ինչ ենք անում և ամենակարևորը` ինչո՞ւ ենք անում: Միջավայրն ու մթնոլորտը, ընկալումներն ու վարքականոնները պետք է փոխել : Եվ այստեղ անելիք ունեն բոլորը, բոլոր նրանք, ովքեր ընդունում են, որ այսպես այլևս չի կարելի:

Հարգելի' գործընկերներ,

Ակնհայտ է, որ մեր իրականության մեջ տեղ ունեցող բացասական երևույթները մերժելու գործում կարևորագույն դերակատարում ունեն պետական կառավարման ղեկը ստանձնած կոալիցիոն քաղաքական ուժերը: Համոզված եմ` չեք կասկածում, որ չնայած արտաքին բազում մարտահրավերներին, ֆինանսատնտեսական ճգնաժամին, բոլոր այդ ծրագրերը, որոնցով հանդես ենք եկել, անհրաժեշտաբար իրականանալու են: Միասին մենք ստանձնել ենք քաղաքական պատասխանատվություն մեր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ, առաջին հերթին նրա ամրապնդման, ժողովրդավարացման և անվտանգության ապահովման հարցերում: Եվ դա մեզ անհրաժեշտաբար հաջողվելու է: Բայց մենք իրականում նաև ստանձնել ենք պատասխանատվություն, թե ինչպիսի ավանդույթներով և ինչպիսի միջավայրում են ապրելու մեր զավակներն ու թոռները: Հետևաբար մենք նաև երկարաժամկետ խնդիրներ ունենք, որ գործով, օրինակով ու հասարակական ամուր պահանջ ձևավորելով ենք լուծելու:

Ավարտելով խոսքս` համագումարի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ "Օրինաց երկիր" կուսակցությանը` հաջողություններ իր տարբեր նախաձեռնություններում: Համոզված եմ, որ այդ հաջողությունները պատկանելու են ինչպես կուսակցությանը, այնպես էլ մեր պետությանն ու մեր ողջ հասարակությանը:
Շնորհակալություն:

← Վերադառնալ