16
10, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Տաթեւի ճոպանուղու գործարկման կապակցությամբ

album picture
“Վեհափա՛ռ Տեր,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում: “Տաթևի վերածնունդ” ծրագրի մեկնարկը հաճելի առիթ է կրկին այցելելու և վայելելու Սյունյաց աշխարհի անկրկնելի բնապատկերներն ու միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցները: Այսօր այս բնապատկերը հարստանում է ժամանակակից ճոպանուղով, որը կոչված է նոր հմայք հաղորդելու Որոտանի կիրճին և նոր ու անջնջելի տպավորություններ պարգևելու այցելուներին:

Աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցմամբ մենք նպատակ չունենք որևէ մեկին զարմացնել: Մեր հետապնդած նպատակներն իհարկե համեստ են աշխարհի չափանիշներով, բայց ունեն բացառիկ կարևորություն Տաթևի ու նրա հարակից տարածքների համար: “Տաթևի վերածնունդ” ծրագիրը Հայաստանի հարավի համակողմանի զարգացման ռազմավարության նշանակալի բաղադրիչ է, ինչպես նաև լուրջ ազդակ այս շրջանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի աշխուժացման համար:

Սա պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ խոշորագույն նախաձեռնություններից է, որ այսօր իրականացվում է Հայաստանում: Սյունյաց անկրկնելի բնության այս չքնաղ ձորը նախ կտրել-անցել է մարդկային միտքը: Հետո հսկայական թռիչքի այդ միտքը ոգևորել է բազում մարդկանց: Այսօր էլ թռիչքի հերթն արդեն կառուցված ճոպանուղունն է, որը միացրեց պատմությունն ու ապագան, ավանդականն ու ժամանակակիցը, մշակույթն ու բիզնեսը: Գործող ճոպանուղին կենդանի վկայությունն է այն բանի, որ նույնիսկ ամենաանհավանական թվացող երազները հաստատապես կարելի է իրականություն դարձնել, և բոլոր դժվարություններն աներկբա տեղի են տալիս, երբ կա հստակ նպատակադրում, կա վարակիչ ոգևորություն, կա հավատ, որ ճիշտ ու կարևոր բան ես անում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր նշանավոր ու տոնական առիթով մենք գտնվում ենք հայ ժողովրդի բնօրրաններից, հազարամյակների հայոց մշակույթի և գիտական մտքի հնագույն օջախներից մեկում` Սյունիքում: Այստեղ անցյալն ամփոփվում է ապագայի լույսով: Այստեղ վերքերը լռել, իսկ քարերը խոսել գիտեն: Շատերն են երազել ու շարունակում են երազել այս հողում սեփական բիրտ հետքը թողնել, որ սովորաբար ավերածությունների հետքն է: Բայց այստեղ մշտապես իշխել ու իշխելու են հայոց կոթողները, իսկ քարերն այստեղ մշտապես խոսել եւ խոսելու են հայերեն:

Տաթևի վանական համալիրն ու համալսարանը մեր գիտության ու մշակույթի ամենաակնառու պատմական կենտրոններից են: Տաթևն արժանիորեն մեծ համբավ էր վաստակել` շնորհիվ այստեղ իր բեղմնավոր գործունեությունը ծավալած Գրիգոր Տաթևացի վարդապետի, ով աշակերտն էր Հովհան Որոտնեցու: Խորհրդանշական է, որ հայ և համաշխարհային աստվածաբանության մեծագույն դեմքերից մեկի` Գրիգոր Տաթևացու` սրբերի դասին միանալու 600-ամյակի տոնակատարությունները և "Տաթևի վերածնունդը" ժամանակագրորեն համընկնում են: Հայ գրչի հնագույն այս օրրանին ու նրա շրջակա տարածքներին նոր շունչ հաղորդելը նաև շատ լավ նվեր է Հայոց գրատպության 500-ամյակի առթիվ, որը մենք շուտով նշելու ենք:

Հարգելի՛ ներկաներ,
Ես շնորհավորում եմ բոլորիս: Ինչպես ասում են. "Լավ սկիզբը գործի կեսն է": "Տաթևի վերածնունդը" Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությունն է, որը ջերմ աջակցություն է գտել մեր կառավարության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և բարերարների կողմից: Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ռուբեն Վարդանյանին, ով դարձավ նախագծի իսկական առաջնորդն ու շարժիչ ուժը: Շնորհակալություն եմ հայտնում նաև այս գործակցության մեջ ընդգրկված բոլոր անհատներին ու կազմակերպություններին` անհավանական թվացող նախաձեռնության, հավատի, դժվարություններից չվախենալու, ձեռք ձեռքի աշխատելու և առկա արդյունքների համար: Կարծում եմ` յուրաքանչյուր այցելու երախտագիտությամբ է հիշելու նաև շինարարներին, ովքեր իսկապես հսկայական գործ են կատարել:

Միջազգային ասպարեզում մրցունակ լինելու համար մենք երբեմն հեռավոր երկրներ գնալու և սովորելու կարիքն ենք ունենում, և դա օրինաչափ է: Բայց կան դասեր, որոնք մենք պետք է քաղենք այստեղ: Տաթևի համալիրը կառուցողները իրենց ժամանակի ամենամրցունակ ճարտարապետներից էին: Տաթևի համալսարանն իր ժամանակի ամենամրցունակ կրթօջախներից էր, իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին մինչ օրս էլ աշխարհի ամենամրցունակ մտածողներից է:

Վերածնված Տաթև նշանակում է վերածնված Սյունիք, ուրեմն նաև` մրցունակ Հայաստան:

Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն”:

← Վերադառնալ