16
11, 2010

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ

album picture
album picture
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ինչպես գիտեք, այս տարի ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունն ուղղված է լինելու Արցախի վերելքին: Իրականացվելու են ծրագրեր, որոնց նպատակն է ԼՂՀ ջրային ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բարեշենությունը և բնակիչների բարեկեցությունը:

Այս սրահում այսպիսի լսարանի առջև ես ավելորդ եմ համարում խոսել այդ գործերի կարևորության և անհետաձգելիության մասին:

Բայց այսօր ավելորդ չէ խոսել հարգանք վաստակելու և այն վայելելու մասին: Խոսքս, անշուշտ, չի վերաբերում առաձին անհատների: Խոսքս մի ամբողջ ազգի և պետության նկատմամբ հարգանքի մասին է: Մենք պետք է հետևողականորեն շարունակենք ազգովի վաստակել ու վայելել առավել մեծ հարգանք ողջ աշխարհում, ունենալ առավել բարձր հեղինակություն և վարկ:

Մենք շատ բարձր նշաձողից ենք շարունակում: Մեր նախնիները դարեր շարունակ կաթիլ առ կաթիլ ձևավորել են հայի և Հայաստանի կերպարը: Նաև մեծանուն հայորդիներն են իրենց գործով ողջ աշխարհում փառաբանել և՛ իրենց, և՛ իրենց ազգի անունը: Այսօր նոր իրականություն ունենք. աշխարհին այսօր մենք առաջին հերթին ներկայանում ենք որպես պետություն և որպես աշխարհասփյուռ հայություն: Ուրեմն մեր կարևորագույն նպատակներից մեկն էլ պիտի լինի այն, որ ուրիշները հարգեն տարբեր մայրցամաքներում գտնվելու, բայց միասին լինելու, ընդհանուր գործ անելու մեր կարողությունը, հինավուրց ազգի համամոլորակային համերաշխության դրսևորումը: Հավատացե'ք, սա քչերին է տրված և հաստատ արժանի է հարգանքի: Մանավանդ որ այդ համերաշխությունն ուղղված է մեր տունը կառուցելուն: Մեր ընդհանուր տունը մենք պիտի կառուցենք այնքան հիմնավոր, որքան հիմնավոր է հայը կառուցում իր սեփական տունը: Ընդհանուր տուն ասելով` նկատի ունեմ Հայաստանը, նկատի ունեմ Արցախը, այսինքն նկատի ունեմ Հայոց հայրենիքը:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայտնի է, որ կան պետություններ, որոնք փորձում են օտարներին հարգանք պարտադրել իրենց զենքով ու զորքով, բայց նաև հայտնի է, որ դրանք ավելի հաճախ հարուցում են ատելություն, քան հարգանք: Դա մեր ճանապարհը չէ: Պոռոտախոսությունը նույնպես մեր ճանապարհը չէ: Մեր ճանապարհը արարելու, ստեղծագործելու և խաղաղություն պարտադրելու ճանապարհն է:

Այսպիսով. մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական և սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսևորելով տասը միլիոն հայերի համերաշխությունը: Ազգային արժանապատվությունն այլ կերպ չի լինում: Սա մեր հարգանքն է մեր նկատմամբ, որից սկսում և մեծանում է մյուսների հարգանքը մեր հանդեպ:

Ես չեմ կասկածում, որ այս ճանապարհով հավաքական հայությունը կվայելի ավելի բարձր հեղինակություն, և նրա առջև կբացվեն ավելի լայն դռներ:

Աշխարհում Հայաստանից հետո ամենաշատ հայեր ապրում են Ռուսաստանում: Այստեղ ձեզ ճանաչում են, ընդունում ու հարգում: Այս իրողությունը ձեզ համար և՛ պատիվ է, և՛ պարտավորություն: Դուք լավ գիտեք վաստակած հարգանքի գինը և զգում եք դրա խթանիչ ուժը ձեր գործունեության համար: Ես հենց այդ զգացումը նկատի ունեմ, և դրա բազմապատկման կարևորությունն եմ մատնացույց անում:

Հարգելի՛ ներկաներ,

«Հայաստան» հիմնադրամն այն եզակի կառույցներից է, որը, ունենալով համազգային ընդգրկում, կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարևորության ծրագրեր, հատկապես` իրականացնել գաղափարի շուրջը համախմբելու առաքելություն. գործ, որ բազմապատկում է մեր հավատն ու վստահությունը մեր իսկ ուժերի և մեծ հաշվով` մեր գալիքի նկատմամբ:

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Ձեզ հետ շփումների ժամանակ ես հաճախ եմ հարցեր ստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետևողական կայացման, ԼՂ հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակի, հարևան հանրապետությունից անընդհատ հնչող ռազմական կոչերի և մեր պաշտպանական հնարավորությունների ավելացման մասին: Իմ ուղերձը ձեզ շատ հստակ է` Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետություն է, ավելին ասեմ` շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան հարևան Ադրբեջանը: Բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները: Իսկ պաշտպանական մեր կարողությունների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու:

Հայոց բանակը թրծվել է պատերազմի բոհում: Մենք բռնություն և պատերազմ չենք հրահրել, սակայն ստիպված ենք եղել պաշտպանել մեր օջախը: Հենց դա է անհավասար ճակատամարտում հաղթանակի հասնելու հիմնական պատճառը: Իր օջախը, տունը, ծնողներին, ընտանիքը, զավակներին պաշտպանող ժողովուրդն անպարտելի է:

Աստված վկա է` հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում, եվ այժմ էլ մենք նախահարձակ չենք լինելու, բայցև մենք չենք անտեսի մեզ նետված մարտահրավերը: Մենք միշտ ամուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, շատ ավելի ամուր ենք լինելու ապագայում:

Շնորհակալություն:

← Վերադառնալ