10
12, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում

album picture
Հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ խոսքս սկսել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված անկեղծ շնորհակալությամբ` Մոսկվայում ջերմ ընդունելության, հյուրընկալության, այս նստաշրջանի հրաշալի կազմակերպման և, իհարկե, Հավաքական անվտանգության խորհրդի ու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների արգասավոր գործունեության համար, որն անցյալ տարի անցկացվեց Ռուսաստանի նախագահությամբ:

Ես նաև միանում եմ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի լիազորություններն այսօր ստանձնած Բելառուսի Հանրապետության Նախագահին ուղղված շնորհավորանքներին: Շնորհավորում եմ Ձեզ, Ալեքսանդր Գրիգորիի, ցանկանում եմ հաջողություններ մեր ընդհանուր աշխատանքում:

Ցանկանում եմ նաև ընդգծել Կազմակերպության քարտուղարության և անձամբ Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքը, որն ուղղված էր մոսկովյան նստաշրջանի 2009թ. որոշումների, ինչպես նաև մայիսին Մոսկվայում և օգոստոսին Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Հարգելի գործընկերներ,
Միջնստաշրջանային ժամանակահատվածում ծանրակշիռ աշխատանք է կատարվել քաղաքական փոխգործակցության հետագա զարգացման ապահովման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության կատարելագործման, արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ:

Այս ամենի հետ միասին, մեր երևանյան պայմանավորվածությունների համաձայն, ներկա նստաշրջանի ընթացքում առաջնային պլանում քննարկեցինք և դիտարկման ներկայացրեցինք հարցեր, որոնք ուղղված են ՀԱՊԿ-ը հակաճգնաժամային արձագանքման նոր, ավելի արդյունավետ մեխանիզմով օժտելուն:

Այս կապակցությամբ, կցանկանայի նշել այնպիսի հիմնարար փաստաթղթերում կատարված փոփոխությունների կարևորությունը, ինչպիսիք են ՀԱՊԿ պայամանագիրն ու կանոնադրությունը: Առաջարկված փոփոխությունները ոչ միայն էականորեն ընդլայնում են այս կամ այն ճգնաժամային իրավիճակներին արձագանքմանն ուղղված Կազմակերպության գործիքակազմը, այլև կարգավորում են իր շրջանակները ևս ընդլայնած սպառնալիքների վերացմանն առնչվող միջոցառումների ձեռնարկման և մշակման հարցերը:

Երկրորդ կարևոր պահը, որի վրա ես կցանկանայի կենտրոնացնել ուշադրությունը` մեր Կազմակերպության փաստաթղթերում սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացնելու հնարավորության ամրապնդումն է: Այս տարվա գարնան-ամռան ողբերգական իրադարձություններն ի հայտ բերեցին իրավական բաց, որը փաստացի արգելափակեց ՀԱՊԿ գծով անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետ կապված օպերատիվ որոշում կայացնելու հնարավորությունը:

Վստահ եմ, որ նման որոշումների կայացման գործող մեխանիզմի առկայությունը, նախազգուշական արձագանքման մեխանիզմի հետ մեկտեղ, թույլ կտա ապահովել Կազմակերպության ներուժի իրականացումը ճգնաժամային իրավիճակի ամենավաղ փուլում` չթողնելով, որ այն անցնի ակտիվ փուլի:

Հավասարապես կարևոր նշանակություն եմ տալիս այսօրվա նստաշրջանում ընդունված` գործող իրավական բազայի կատարելագործմանն ուղղված այն փաստաթղթերի փաթեթին, որոնք կանոնակարգում են հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և գործարկման կարգավիճակն ու հաջորդականությունը, ինչպես նաև դրանց կիրարկման համար որոշումների ընդունման կարգը:

Այն հատկապես կարևոր է արագ արձագանքման հավաքական ուժերի լիարժեք գործարկման ապահովման լույսի ներքո: Իսկ դա, իր հերթին, մեծացնում է ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ Խորհրդի կողմից նորմատիվ իրավական ակտերի ընդունման կարևորությունը, որոնք պատրաստվել են ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գծով:

Հարգելի գործընկերներ,
Մենք հաճախ ենք խոսում մեր երկրների արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերի ուղղությամբ մեր գործողությունների կոորդինացիայի մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ կարևոր քայլ հանդիսացավ ՀԱՊԿ-ում որպես նախագահող հանդես գալու վերաբերյալ Ղազախստանի թեկնածությանը համախմբված աջակցության մասին մեր որոշումը:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նուրսուլթան Աբիշևիչին` Աստանայի գագաթնաժողովի հիանալի կազմակերպման և այս կարևոր կազմակերպության գործունեությանը նոր խթան հաղորդելուն ուղղված մեծ ջանքերի համար: Աստանայում անցկացված գագաթնաժողովը ակներևաբար ցուցադրեց ՀԱՊԿ-ի առջև ծառացած օրակարգային հարցերի արդիականությունը, նրա ձևաչափում խոր և որակական քննարկումների անհրաժեշտությունը:

Աստանայի գագաթնաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների միջև ընդունվեց հնգակողմ հայտարարություն: Դրանում խոսվում է այն մասին, որ բանակցությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման փնտրտուքները ազգերի միջև կայունության, հաստատուն խաղաղության, փոխըմբռնման ոչ այլընտրանքային ճանապարհ են համարվում: Ընդգծվել է հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը` ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի հիման վրա, Աքվիլայում և Մուսկոկայում համանախագահող երկրների հայտարարության ոգով: Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին, այն մասին, որ այդ առաջարկվող տարրերը որոշվել են որպես մի ամբողջություն, և դրանց մի մասը` ի վնաս մյուսների գերադասելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակշռված լուծման հասնելը:

Գագաթնաժողովի իմ ելույթում ես գրեթե կրկնեցի այն, ինչ բազմիցս ասել եմ մեր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Այսինքն, որ Հայաստանը կտրականապես դեմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն և Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով:

Հարգելի գործընկերներ,
Վստահ եմ, որ եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ լցնելու ուղղությամբ մեր հետագա ջանքերը և այսօր քննարկման ու ընդունման պատրաստված փաստաթղթերը ուղղված կլինեն տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման գործում ՀԱՊԿ իրական ներդրման բարձրացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

← Վերադառնալ