17
10, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում

 


Հարգելի՛ պարոն Մարտենս,
Հարգելի՛ գործընկերներ,

Ինն ամիս առաջ Մարսելում ԵԺԿ նախորդ համաժողովը ողջունեց հայաստանյան երեք կուսակցությունների մուտքը ԵԺԿ մեծ ընտանիք:

Այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար, պատիվ ունեմ առաջին անգամ պաշտոնապես դիմելու ԵԺԿ համաժողովին: Շնորհակալ եմ բոլոր ներկաներին և հատկապես նախագահ Մարտենսին՝ մեր անդամակցության գործում ցուցաբերած աջակցության համար: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Բասեսկուին՝ այս տարեկան հավաքը հյուրընկալելու և հրաշալի կազմակերպելու համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Եվրոպական միության ղեկավարությանը և անդամ պետությունների քաղաքացիներին՝ Նոբելյան խաղաղության մրցանակին արժանանալու առիթով: Մրցանակի շնորհումը գնահատանքն է այն ավանդի, որ Եվրոպական միությունը ստանձնել է խաղաղության ամրապնդման և զարգացման գործում:

Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո՝ իր ներկա նպատակադրումներով և իղձերով: Հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը դարձել է եվրոպական ինքնության վերարժևորման կարևորագույն օղակներից մեկը: Հետևաբար, մենք դիտարկում ենք մեր անդամակցությունը ԵԺԿ-ին՝ որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարևորագույն բաղադրիչ: Մեր քաղաքական ընտանիքը եվրոպական ինտեգրման շարժիչ ուժն է, ինչպես նաև բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը:

Ուրախ եմ ընդգծելու, որ հատկապես Արևելյան գործընկերության մեկնարկից հետո Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը զարգանում է վերընթաց ուղիով՝ որակական և բովանդակային լուրջ առաջընթաց արձանագրելով համագործակցության բոլոր բնագավառներում: Հայաստանն այսօր Արևելյան գործընկերության առաջատարներից է և՛ Ասոցացման բանակցությունների, և՛ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով: Մենք ողջունում ենք այս գագաթնաժողովի հռչակագիրը Միասնական շուկայի վերաբերյալ: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու Միասնական շուկայի հնարավորություններից:

Հայաստանի կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրեր ստանալու պահանջը ԵՄ և Շենգենյան համաձայնագրի երկրների քաղաքացիների համար: Հուսով ենք, որ ներկաները և Ձեր երկրների այլ հազարավոր քաղաքացիներ կօգտվեն Հայաստան անխոչընդոտ այցելելու այս նոր հնարավորությունից:

Մենք ձեռնամուխ ենք եղել բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Այդ նպատակներն իրականացնելու համար Հայաստանը կարիք ունի շոշափելի ֆինանսական աջակցության: Հենց այդ նպատակով ենք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստում դոնորների համաժողով Հայաստանի համար:

Հարգելի՛ կոլեգաներ,

Մեր երկիրը պատրաստվում է հերթական նախագահական ընտրությունների: Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնն անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ: Այդ նպատակով, ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացություններն ու առաջարկությունները: Ավելորդ եմ համարում նշել, որ այս անգամ ևս ակնկալում ենք միջազգային դիտորդների ակտիվ մասնակցություն:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է: Մենք այլընտրանք չենք տեսնում փոխզիջումների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Վերջերս Եվրոպական միության անդամ երկրի կողմից արտահանձնված մարդասպանին հերոսացնելով` Ադրբեջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է և անմիջական սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Ֆինանսատնտեսական ճգնաժամը լրջագույն սպառնալիք է ինչպես Եվրոպական միության երկրների, այնպես էլ գործընկեր պետությունների համար: Նման մասշտաբի ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել միայնակ: ԵԺԿ այս տարվա գագաթնաժողովի խորագիրը չափազանց արդիական է. այս մարտահրավերի պատասխանն է՝ «Ավելի շատ Եվրոպան», պատասխանն է` ավելի համախմբված Եվրոպան և ավելի ամուր հանձնառությունը եվրոպական գաղափարներին ու համերաշխությանը: Միայն նման Եվրոպան կկարողանա հաղթահարել ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամը և նոր հնարավորություններ բացել մեր հասարակությունների բարեկեցության համար:

Շնորհակալություն ուշադրության համար:

← Վերադառնալ