30
11, 2012

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովում

 

Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծարգո՛ նախագահ Մարտենս,
Եվրոպական հանձնաժողովի մեծարգո՛ նախագահ Բարոզո,
Վրաստանի մեծարգո՛ նախագահ Սաակաշվիլի,
Մոլդովայի մեծարգո՛ վարչապետ Ֆիլատ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ Եվրոպայի ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների երևանյան գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին: Բարի գալուստ Հայաստան: Սա իսկապես պատմական նշանակության իրադարձություն է ինչպես Հայաստանի, մեր գործընկեր երկրների, այնպես էլ Եվրոպական միության և Եվրոպական ժողովրդական կուսակցության համար: Շուրջ մեկ տարի է անցել Մարսելում հայաստանյան երեք կուսակցությունների ԵԺԿ անդամակցությունից, և այսօր մենք արդեն պատիվ ունենք հյուրընկալելու այս հեղինակավոր համաեվրոպական կուսակցության Արևելյան գործընկերության ձևաչափով գագաթնաժողովը Երևանում:

Շնորհակալություն եմ հայտնում կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին ԵԺԿ-Արևելյան գործընկերություն գագաթնաժողովների ավանդույթը ձևավորելու համար: Պարո՛ն Մարտենս, Ձեր քաղաքական հարուստ կենսագրության ընթացքում Դուք բազմիցս ապացուցել եք տեսլականի ուժը: Դուք հսկայական ներդրում եք ունեցել Եվրոպական միության կայացման և ամրապնդման գործընթացում: Ձեր այս նախաձեռնությամբ Դուք նոր հնարավորություն ընձեռեցիք Եվրոպական միության անդամ չհանդիսացող այն պետությունների քաղաքական ուժերին, որոնք կիսում են եվրոպական արժեհամակարգը:

Շնորհակալ եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ պարոն Ժոզե Մանուել Բարոզոյին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին այս միջոցառմանը մասնակցելու համար: Կարծում եմ՝ ամենևին պատահական չէ մեր երեք երկրների քաղաքական կուսակցությունների անդամակցումը ԵԺԿ ընտանիքին: Դա ի ցույց է դնում առաջին հերթին այն նպատակաուղղվածությունը և ակնկալիքները, որոնք մեզ կապում են Եվրոպական միության հետ, չնայած, որ մեզնից յուրաքանչյուրը Եվրամիության հետ իր հարաբերությունները կառուցում է ուրույն ուղիով:

Մի քանի խոսք ասեմ այս դահլիճի մասին, որի ընտրությունը պատահական չէ: Սա ժամանակակից արվեստի Գաֆեսճյան կենտրոնի Վարդանանց սրահն է: Ահա այս պատին հայ մեծ վարպետ Գրիգոր Խանջյանը պատկերել է մեր ժողովրդի պատմության կարևորագույն դրվագներից մեկը. 451 թվականին, այսինքն 16 դար առաջ, երբ մենք արդեն 150 տարվա քրիստոնյաներ էինք, հայերն ստիպված եղան ելնելու կենաց և մահվան կռվի,` պայքարելով քրիստոնեական կրոնից իրենց շրջելու, համաքրիստոնեական արժեքներին դավանելու հնարավորությունից զրկելու փորձերի դեմ: Անհավասար պայքարում և բազմաթիվ կյանքերի գնով մեր նախնիներին հաջողվեց պահպանել մեր ինքնությունը, մեր հավատը և մեր արժեքային համակարգը: Դարեր շարունակ այդ մարտահրավերներն առկա են մեր ժողովրդի պատմության մեջ: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու էր մեզ համար այսքան կարևոր հայտնվել Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքում, որի գործունեության առանցքում ընկած են համաեվրոպական արժեհամակարգն ու ժողովրդավարության հրամայականը:

Ինչպես վերահաստատվեց ԵԺԿ-ի բուխարեստյան մանիֆեստում, մեր քաղաքական ընտանիքը եվրամերձեցման շարժիչ ուժն է, բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը:

ԵԺԿ-ն մեծ դերակատարում ունի Արևելյան գործընկերությունը զարգացնելու և եվրամերձեցման նոր օղակի վերածելու հարցում: Դրա վառ ապացույցն էր Բաթումում կայացած գագաթնաժողովը և այսօրվա մեր հավաքը: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումներն իրենց բովանդակային ներդրումը կունենան ինչպես Եվրոպական ժողովրդական կուսակցության, այնպես էլ Արևելյան գործընկերության համատեղ նպատակների իրականացման գործում:

Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ Հայաստանում և խնդրում եմ Նախագահ Մարտենսին նախագահել այս գագաթնաժողովը:

← Վերադառնալ