28
05, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

 

 

Վեհափա՛ռ Տեր,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգևորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ: Պատմական Հայաստանի գոնե մի փոքր մասի գոյության համար կռվում էր հայրենաբնակ հայության վերջին հատվածը: Այստեղ մենք դիմագրավեցինք և հետ շպրտեցինք թշնամուն, որի ռասիզմի և հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլևս չուներ ո՛չ պատրանքներ և ո՛չ էլ կասկածներ: Այստեղ Արևելյան Հայաստանի հայությունը փրկվեց վերահաս աղետից: Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Մեծ եղեռնը, որ հետևողականորեն շարունակվում էր ու տարածվում, կասեցվեց այստեղ՝ շնորհիվ մեր միասնական ոգու:

Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր և նույնիսկ՝ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար այն ծանր երկունք էր: Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու: Հայաստանի պետականությունը մենք կերտում էինք ուղղակի կռվի դաշտում՝ մեծագույն զոհողությունների ու կորուստների գնով: Արյամբ ու հավատով, իրար թիկունք պահելով ու առաջ նայելով: Միասին:

1918 թվականի մայիսի 28-ը արձանագրումն է մեր ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի: Արձանագրումն է մեր ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը հետագայում փառահեղորեն դրսևորվեց նաև Մեծ հայրենականի ճակատներում ու Արցախյան գոյամարտում: Եվ այսօր այստեղ՝ Սարդարապատում կանգնած հայ զինվորի խրոխտ քայլերթն ու հաղթական ոգին լավագույն ապացույցն են այն բանի, որ մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչո՞ւ ենք մենք այստեղ հուշարձան կանգնեցրել և ինչո՞ւ ենք պարբերաբար գալիս այստեղ: Սևակն ասում էր. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Մենք կարիք ունենք հիշելու և հիշեցնելու, երիտասարդ սերունդներին նաև փոխանցելու կարևոր պատգամներ, որ մեզ թողել են Մայիսի 28-ը նախապատրաստողներն ու կերտողները:

Եղե՛ք միասնական:
Եղեք՛ պետականորեն կազմակերպված:
Ապավինե՛ք սեփական ուժերին:

Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անկախությունը, այլև այդ պետությունը տանել դեպի լուրջ բարձունքներ: Դրանց մեկնարկը տրվել է այստեղ, և այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով՝ որպես ազատ ու անկախ երկրի հպարտ քաղաքացիներ, որպես հերոս պապերի ժառանգորդներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ տոնի կապակցությամբ: Մեր ժողովրդին մաղթում եմ երջանկություն և հաջողություններ, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և վերելք:

Փա՛ռք մայիսյան հերոսամարտը կերտած հայ ժողովրդին:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին:
Ուռա՜:
 

← Վերադառնալ