12
09, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Վալենբերգի 100-ամյակի մեդալով» պարգևատրման արարողության ժամանակ

  

Հարգարժա՛ն պարոն Թենեմբաում,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

«Վալենբերգի 100-ամյակի մեդալն» ինձ համար ոչ միայն պատվաբեր, այլև առանձնահատուկ խորհուրդ ունեցող է: Այն բովանդակում է մարդասիրության և ոգու արիության այն վեհ արժեքները, որոնց դավանում է հայ ժողովուրդը: Դրանցով են առաջնորդվել այն հայորդիները, ովքեր չեն համակերպվել և չեն հանդուրժել մարդկության պատմության ծանրագույն ոճիրները, սեփական կյանքն են վտանգել՝ հանուն բազմաթիվ մարդկային կյանքերի փրկության:

Դոկտոր Հարություն Ռուբենի Խաչատրյանի պատմությունը ցեղասպանության արհավիրքից մարդկային կյանքերի փրկության հերոսական արարքների մասին վկայող, շատ լավ, բայց բազմաթիվ օրինակներից մեկն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի զավակ՝ առանձնահատուկ զգացումներ եմ ունենում յուրաքանչյուր նման պատմություն լսելիս:

Մեծապես արժևորում եմ այսօրինակ հերոսական պատմությունների վրա լույս սփռելու՝ Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի առաքելությունը: Ռաուլ Վալենբերգի և նրա նման մարդասերների մասին պատմությունների տարածումը և դրանցով սերունդներ կրթելու առաքելությունն առանցքային նշանակություն ունեն ոչ միայն մարդասիրություն և մարդկային ոգու արիություն սերմանելու, ցեղասպանությունների զոհերի հիշատակը վառ պահելու տեսանկյունից, այլև էապես նպաստում են անցյալը անաչառ գնահատելու և, այդպիսով, մարդկության դեմ գործած այդ զարհուրելի հանցագործությունը դատապարտելու և կանխարգելելու ջանքերին:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր պարոն Բարուխ Թենեմբաումին, հիմնադրամի նախագահ, մեր հայրենակից պարոն Էդուարդո Էռնեկյանին և, իհարկե, հիմնադրամի ողջ անձնակազմին` իրենց մեծ նվիրումի համար: Շատ շնորհակալ եմ:

Հարգելի՛ ներկաներ,

Մեր ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:

Հայաստանի Հանրապետությունն անում է ամեն հնարավորը ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու համար: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով: Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին մի քանի բանաձևեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված պետությունների հանձնառությունների մասին:

Պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է սահմանել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են ոչ միայն գոյատևել, այլև խրախուսվել կոնկրետ ուժերի կողմից՝ այդ թվում պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում:

Ավարտելով խոսքս՝ կրկին երախտագիտության խոսք եմ հղում Ռաուլ Վալենբերգ հիմնադրամին՝ հիշողության պահպանմանն ուղղված գործունեության համար: Եթե մենք այսօր չհիշենք Մեծ եղեռնը, Հոլոքոսթը, չհիշատակենք այդ սոսկալի ոճիրների զոհերին, եթե չհիշենք և արժանին չմատուցենք բոլոր նրանց, ովքեր ցեղասպանության ճիրաններից մարդկային կյանքեր են փրկել, ապա մեղսակից կլինենք այդօրինակ սոսկալի հանցագործությունների կրկնությանը: Այս առումով շատ դիպուկ է արտահայտվել հրեական ծագումով ամերիկացի մեծ մտածող Էլի Վիզելը. «Առանց հիշողության չկա մշակույթ: Առանց հիշողության չի կարող լինել քաղաքակրթություն, հասարակություն և ապագա»:

Մենք՝ հայերս, ունենք այն խորը համոզմունքը, որ Հոլոքոսթից հնարավոր կլիներ խուսափել, եթե լիներ հայերի դեմ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողությունը, եթե այն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց արժանի պատիժը: Այս առումով, շնորհակալություն եմ հայտնում Վալենբերգի հիմնադրամին Հոլոքոսթի կողքին Հայոց Ցեղասպանության ժամանակ մարդկային կյանքեր փրկած անհատների և կազմակերպությունների մասին տեղեկատվություն հավաքագրելու փորձերի համար: Այս գործի հաջողությունը հատկապես արժեքավոր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Շնորհակալություն:

← Վերադառնալ