24
09, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը

 

 

Ձե՛րդ Սրբություն Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,
Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Ուրախ եմ գտնվել այստեղ՝ հայոց հոգևոր կենտրոնում, բոլորիս համար նվիրական Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրտանց ողջունում եմ բոլորիդ՝ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, և հատկապես աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիքի բարեբեր հող եկած հոգևոր առաջնորդներին: Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ լավատեղյակ եմ բոլորիդ ազգանպաստ ու հայրենանվեր ձեռնարկումներին և շնորհակալ եմ այդ ամենի համար:

Երախտապարտ եմ Ամենայն Հայոց Հայրապետին ինձ հրավիրելու և ողջույնի խոսքով ձեզ դիմելու այս հնարավորության համար: Այստեղ գտնվելով՝ ինչպես և մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ, անհրաժեշտ եմ համարում իմ որդիական սերը, նվիրումը և աջակցությունը մեկ անգամ ևս հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Հայոց պատմության վայրիվերումներին ծանոթ մարդիկ կարող են իրավամբ գնահատել այն կարևորագույն առաքելությունը, որ կատարել և այսօր էլ շարունակում է կատարել մեր Մայր Եկեղեցին: Առաքյալների ջանքերով հիմնադրված այս հոգևոր հաստատության շնորհիվ պետականությունից զրկված և աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժեքների հետ, որոնք սոսնձում են հայոց ինքնությունը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղն այսօր էլ շարունակում է լույս սփռել մեր մեջ, իսկ Հայոց Եկեղեցու սպասավորները շարունակում են իրենց անձնուրաց ծառայությունը՝ հավատարիմ մնալով Սուրբ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և Հայ Եկեղեցու լուսամիտ հայրապետներ Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Վազգեն Առաջինի և մեր մյուս հոգևոր հայրերի պատգամներին:

Քսաներկու տարի է, ինչ մենք վերականգնել ենք անկախ հայոց պետականությունը, սակայն հայոց ազգային կյանքում Մայր Եկեղեցու հայապահպան դերակատարությունը շարունակում է մնալ նույնչափ կարևոր: Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտ է ամրացնել այն հոգևոր արժեքները, որոնք մեզ կապում են և դարձնում են միասնական հայ ժողովուրդ:

Իր Սահմանադրության ուժով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Մեծագույն հաճույքով գոհունակություն եմ հայտնում պետության և Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության և մեր ազգային խնդիրները լուծելու գործում միմյանց փոխլրացնելու կապակցությամբ:

Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Մայր Հայաստանն աշխարհի բոլոր հայերի տունն է, իսկ Մայր Եկեղեցին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի վեմն ու հենասյունը: Դարեր շարունակ Աստվածապաշտ հայ ժողովրդի հայացքն ուղղված է եղել առ Սուրբ Էջմիածին: Հենց այստեղ է բաբախում մեր Մայր Եկեղեցու սիրտը, որը սնուցվում է միլիոնավոր մեր հավատավոր քույրերի ու եղբայրների որդիական սիրով ու աղոթքներով:

Այժմ մենք հիրավի դարակազմիկ իրադարձության ականատեսն ենք դառնում: Հանգամանքների բերումով դարեր շարունակ, մասնավորապես վերջին վեց հարյուրամյակների ընթացքում, հնարավոր չի եղել գումարել Հայոց Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողով: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այժմ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու այդ հիմնախնդիրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսինքն՝ մեր հայրենի հողի վրա գումարելով Եպիսկոպոսաց ժողով:

Այս իրադարձությունը կարևորագույն ազդակ է մեր հավատավոր ժողովրդին և կոչված է ապացուցելու Մայր Եկեղեցու հավատարմությունը աշխարհասփյուռ հայությանը համախմբելու գործին: Վստահ եմ, որ այս ժողովը կազդարարի նոր առաջընթաց հայոց հոգևոր կյանքում և թույլ կտա համայն հայությանը նոր եռանդով ու լիցքով լծվել ազգային իղձերի իրականացմանը:

Այս ժողովի գումարմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թևակոխում է իր պատմության նոր փուլ: Այն հնարավորություն է ստանում գտնելու մեր հոգևոր ու բարոյական կյանքի բազմաթիվ հարցերի պատասխաններ, մեր ժամանակների մարտահրավերներին համապատասխան բարեփոխելու և արդիականացնելու իր աշխատանքը:

Գիտեմ, թե որքան ծանրաբեռնված է լինելու ձեր աշխատանքի օրակարգը: Կարծում եմ՝ քննարկվող հարցերից մեկին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել. դա Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու Հայոց երկու Հայրապետների կարևորագույն նախաձեռնությունն է:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր ողջ ժողովուրդը շարունակում է իր «ոչ»-ը հնչեցնել մարդկության դեմ հանցագործություններին: Դա մեր պարտքն է մեր նախնիների, մեր անմեղ զոհերի և ամբողջ մարդկության հանդեպ, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նոր ցեղասպանությունների կրկնությունը: Մեծ է այսօր այս առումով աշխարհասփյուռ մեր ժողովրդի ակնկալիքը նաև Հայ Եկեղեցուց և իր Եպիսկոպոսաց պատվական դասից:

Այս օրերին Սիրիայում շարունակվում է կործանարար քաղաքացիական պատերազմը, որը դարձավ սիրիահայ համայնքի ծանրագույն փորձությունը: Սիրիայում կատարվողը մեր ամենամեծ ցավն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ ստեղծված իրավիճակի համար հնարավորինս արագ քաղաքական հանգուցալուծում գտնվի և դադարեցվի արյունահեղությունը մեր բարեկամ երկրում:

Քրիստոնեական հավատքը, սերը և բարոյականությունը, մեր դավանանքը աչքի լույսի պես պահելու և պաշտպանելու պատասխանատվությունը օրհնություն է բոլորիս համար: Խորապես համոզված եմ, որ դարեր ի վեր այդ ամենի մարմնավորողն ու իրագործողը մեր ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցին է իր բոլոր Նվիրապետական Աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով: Սա այն հաստատությունն է, որը յուրաքանչյուր հայ պետք է սիրի, փայփայի ու պահպանի՝ իբրև դեպի հավերժություն մեր ժողովրդի մշտագնա ճամփորդության գրավական:

Վերահաստատելով ուրախությունս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողովի կապակցությամբ՝ հույս եմ տածում, որ այն նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստան մեր աշխարհը:
Շնորհակալություն:

 

← Վերադառնալ