29
03, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի բացման կապակցությամբ

 


Համաժողովի հարգարժան մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Սիրով ողջունում եմ «Հայաստան - Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով Հայաստանի Հանրապետական կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովի բոլոր մասնակիցներին:

Հայտնի փաստ է, որ տնտեսական ինտեգրումն էապես ընդլայնում է երկրների զարգացման հնարավորությունները: Հենց այդ փաստի գիտակցումն է ընկած Մաքսային միությանն անդամակցելու մեր որոշման հիմքում: Միևնույն ժամանակ ակնհայտ է նաև, որ ինտեգրման գործընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծապես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ և փոխըմբռնման բարձր մակարդակով:

Այս համաժողովը տեղի է ունենում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի կարևոր փուլում: Այսօր առկա է արդեն հստակ ձևավորված աշխատանքային օրակարգ և անդամակցության ճանապարհային քարտեզ, որից բխող քայլերն իրականացման ընթացքում են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս նշանակալի առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին: Այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած մինչանդամակցային պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, իսկ մնացյալներն իրականացման ընթացքում են: Հաջորդ քայլը միջազգային-իրավական փաստաթղթի ստորագրումն է, որը կարձանագրի մեր երկրի անմիջական մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին:

Համոզված եմ, որ այսօրվա համաժողովը լավ առիթ կդառնա համակողմանիորեն դիտարկելու առկա բոլոր հնարավորություններն ու մարտահրավերները, ի մի բերելու բոլոր տեսակետներն ու փաստարկները` իրապես նպաստելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի սահուն իրականացմանը:

Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք:
 

← Վերադառնալ