28
05, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

 


Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:

Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: Բոլորի համար պարզ էր, որ Արևելյան Հայաստանի համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը:

Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել և դեռ իրականացվելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք՝ հայ ռամիկն ու շինականը, ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչն ու հոգևորականը: Եվ կասեցրել ենք մայիսյան հերոսամարտերով: Կասեցրել ենք հայկական պետականության ստեղծմամբ՝ պատմական Հայաստանի վերջին հատվածը փրկության ափ դարձնելով հարյուր հազարավոր որբերի և գաղթականների համար։

Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածնունդի մեկնարկի օրն է: Իհարկե, անկախության հռչակմամբ մեր փորձությունները չավարտվեցին, նոր փորձություններ սկսվեցին, բայց դրանք մենք արդեն դիմակայում էինք որպես պետականորեն կազմակերպված ազգ:

Պետք է հաշվի առնել ևս մի կարևոր հանգամանք. մայիսյան հերոսամարտերի ընթացքում, հենց մարտի դաշտերում, ձևավորվում ու ծնվում էր հայկական բանակը։ 1915 թվականից անցել էր ընդամենը երեք տարի, և մենք, առանց պետականության՝ միայն ինքնակազմակերպման հաշվին, կռվի դաշտ հանեցինք թշնամուն արժանի հակահարված հասցնող ռազմական ուժ։ Սա պատմական սխրանքն է այն սերնդի, որին վիճակված էր տեսնել ամենասարսափելին։ Բայց նրան վիճակված էր տեսնել նաև ամենաերանելին՝ անկախ Հայաստանը։

Մեր առաջին հանրապետության պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը և օրհներգը այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն են: Մենք ճամփորդներն ենք մի նոր ճանապարհի, որ սկսվել է 1918 թվականի մայիսի 28-ին:

Սակայն խորհրդանիշներից ավելի կարևոր են առաջին հանրապետության բովանդակությունն ու պատգամները, որոնցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետևյալներն են.

1. Հայաստանը համայն հայության հայրենիքն է։

2. Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր և ժողովրդավարական արժեհամակարգ։

3. Հայաստան Հանրապետությունը սոցիալական պետություն է։

Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշվում ենք նաև այսօր, մերօրյա՝ երբեմն իսկապես փոթորկալից նավարկությունների ընթացքում։

Հավերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը:

Հավերժ փառք ու խոնարհում բոլոր այն նահատակների հիշատակին, ովքեր հնարավոր դարձրին մայիսի 28-ը:

Փա՛ռք Հայաստանի առաջին Հանրապետությանը, որ հիմնասյունն է ներկա և ապագա Հայաստանի:

 

← Վերադառնալ