Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Հայաստանի բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը՝ որպես օր, որը խորհրդանշում է մեր անկախության, անվտանգության և պետականության ամրությունը։ Այս տարեդարձը ևս մեկ հնարավորություն է արժևորելու զինված ուժերի դերն ու նշանակությունը երկրի պաշտպանության գործում։
Հայաստանի զինված ուժերը ձևավորվել են պատմականորեն բարդ պայմաններում՝ ազգային միասնության, կամքի և հայրենասիրության վրա հիմնված։ Բանակը մեր պետականության կարևոր հենասյուներից մեկն է կանգնած երկրի խաղաղության և անվտանգության պահպանման առաջնագծում։
Այսօր մեր զինվորներն ու սպաները բարձր պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են իրենց ծառայությունը՝ պաշտպանելով պետական սահմանները և ապահովելով հանրապետության կայունությունը։ Նրանց պատրաստվածությունն ու զգոնությունը մեր անվտանգության կարևոր երաշխիքն են։
Բանակի զարգացումն ու արդիականացումը՝ ուղղված մարտունակության բարձրացմանը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը և ժամանակակից զինտեխնիկայի ներդրմանը, պետության առաջնահերթությունն է և մենք շարժվում ենք այդ ուղիով տարեց տարի նոր բարեփոխումներ իրականացնելով բանակում։
Սիրելի՛ զինծառայողներ,
Ձեր ծառայությունը բարձր գնահատանքի արժանի է։ Վստահ եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին և ապահովել խաղաղ ու անվտանգ ապագա մեր երկրի համար։
Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, միասնություն և առաջընթաց։
Փառք զինված ուժերին,
Փառք նահատակներին,
Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
