19
09, 2011

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստանում այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից:

Նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ:

Այս տարիներին ձեր հանրապետությունը տեսանելի հաջողությունների է հասել տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում, ամրապնդել՝ իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Գոհունակությամբ ենք նշում, որ նոր հիմքի վրա են ամրապնդվել Հայաստանի և Ռուսաստանի պատմական խոր արմատներ ունեցող, ավանդական բարիդրացիական հարաբերությունները:

Այսօր մենք հաջողությամբ ենք բազմապլան կապեր զարգացնում դաշնակցային գործընկերության ոգով: Համատեղ ջանքերով բացում ենք փոխգործակցության նոր հեռանկարային ուղղություններ առևտրատնտեսական, ներդրումային, հումանիտար և այլ ոլորտներում: Հուսով եմ, որ ս.թ. հոկտեմբերին սպասվող Ձեր այցը Ռուսաստան լուրջ խթան կհաղորդի համագործակցության հետագա բազմակողմանի զարգացմանը:

Վստահ եմ, որ արդյունավետ քաղաքական երկխոսությունը, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն կառույցների շրջանակներում համակարգված աշխատանքը համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների երկարաժամկետ շահերին, կարևոր դեր խաղում երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի դինամիկ զարգացման, Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդման գործում»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն Նախագահ,

Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին ձեր ազգային տոնի՝ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ:

20-րդ տարեդարձի տոնակատարության այս օրերին մենք արժանին ենք մատուցում մեր երկու երկրների միջև առկա պատմական կապերին, որոնք սկիզբ են առնում Հայաստանի անկախացումից շատ առաջ: Որպես մի ազգ, որը հարստացվել է հայկական ծագում ունեցող ամերիկացիների մի քանի սերունդների ներդրումով, Միացյալ Նահանգները հպարտ է ձեզ հետ միասին ընթանալ դեպի ժողովրդականացում, բարօրություն և խաղաղություն տանող ճանապարհով:

Գործընկերությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ամուր է, բարեկամությունը մեր ժողովուրդների միջև՝ հարաճուն:

Ընդունեք, խնդրեմ, լավագույն բարեմաղթանքներս ձեր ազգային տոնի առիթով»:

← Վերադառնալ