13
07, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը երկկողմ ձևա-չափով, եվրոպական կառույցների շրջանակներում և միջազգային ասպարեզում, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաստատված տնտեսական սերտ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվեն և նոր լիցք կստանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության խորացման:

Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում այն կարևոր առաքելության համար, որ իրականացնում է Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատման:

Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, որոնց ևս մեկ արտահայտությունն էր Ձեր, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների Նախագահների կողմից հունիսի 19-ին Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությունը:

Մեծարգո պարոն Նախագահ,

Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցմանը և համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերին:

Կրկին շնորհավորում և մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` երջանկություն և բարօրություն»:

← Վերադառնալ