13
05, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Հաղթանակի տոնի առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը համատեղ պայքար են մղել ֆաշիզմի դեմ և մեծագույն զոհողությունների գնով կարողացել են հաղթանակ տոնել: «Վստահ եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են եղբայրական բարեկամության ավանդույթների վրա, այսուհետ ևս զարգանալու են ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ եվրասիական տարածաշրջանում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Հայրենական Մեծ պատերազմի՝ Հայաստանում բնակվող վետերաններին փոխանցեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները, մաղթում եմ նրանց քաջառողջություն, բարօրություն և երկար տարիների կյանք»,- ասվում է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում:

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ինչպես նաև այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

 

← Վերադառնալ