29
07, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։

Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։

Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա խնդիրները, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում նախաձեռնված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ու նախագծերը։

Հանրապետության նախագահը խորհրդակցության մասնակիցներից հետաքրքրվել է մարզում տիրող ընդհանուր իրավիճակով, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական մթնոլորտով, որի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ուժային կառույցների ներկայացուցիչները և համայնքների ղեկավարները։

Խորհրդակցության ավարտին նախագահ Խաչատուրյանը պատասխանել է մարզային իշխանության ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք մարզային այցի ընթացքում ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Կապանում։

Կապանի համայնքապետը նախագահին է ներկայացրել քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև Կապանի նոր կառուցվող քաղաքապետարանի վարչական շենքի շինարարության ընթացքի վերաբերյալ մանրամասներ։

Շրջայցի ավարտին նախագահն այցելել է նկարիչ Հրանտ Դանիելյանի նորաբաց տուն-թանգարան, ծանոթացել արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը։

***

 

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի և մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել վերջինիս աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։

***

 

Սյունիք մարզի այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։

Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։

***

 

Սյունիքի մարզ այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ համայնքներ։

Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։

Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։

***

 

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել, որտեղ տեղում հետևել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

***

 

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ, տեղում ծանոթացել է մաքսակետի գործունեությանը, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է Նռնաձոր համայնք, զրուցել բնակիչների հետ, տեղեկացել համայնքի հիմնախնդիրներին։

***

 

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս։ Նախագահին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Այցի ընթացքում նախագահը շրջել է քաղաքում, ծանոթացել քաղաքային միջավայրի բարեկարգման ուղղությամբ արդեն իրականացված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ նախատեսվող զարգացման ծրագրերին։

***

 

Սյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։

Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։

***

 

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։

Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։

 


 

← Վերադառնալ