12
12, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն և Վատիկան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիա: Այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարը Վատիկանում հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ: Նախագահի և Նորին Սրբության առանձնազրույցից հետո, տեղի է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ Նախագահի գլխավորած պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև համագործակցության, հանուն համընդհանուր բարօրության՝ հասարակության մեջ երկու եկեղեցիների ունեցած մեծ դերի մասին: Ընդգծվել է սերունդներին քրիստոնեական արժեքների ոգով դաստիարակման կարևորությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ:

Կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը և Կարդինալ Տարչիցիո Բերտոնեն խոսել են մշակութային կապերի ամրապնդման մասին ևս: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման համար: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանում և Վատիկանում դեսպանների նշանակումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար:

Պետքարտուղար Կարդինալի հետ հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարը Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոս Մայր տաճար և տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանին:

Այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթոլիկ եկեղեցի:



***



Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ մինչ այժմ մեծ սիրով է հիշում Իտալիայի միավորման 150-ամյակի առթիվ իր այցը բարեկամ Իտալիա և մասնակցությունը տոնական միջոցառումներին:

Սերժ Սարգսյանը կարևոր է համարել, որ հայ գրատպության 500-ամյակի մեկնարկը՝ Վենետիկի ցուցահանդեսը, անցկացվում է Նախագահ Նապոլիտանոյի բարձր հովանու ներքո: Այս կապակցությամբ Իտալիայի նախագահն ասել է, որ Վենետիկը հայերի համար մեծ դերակատարություն է ունեցել՝ հատկապես կրթության, մշակույթի զարգացման առումով կարևոր հենման կետ դառնալով: Ըստ Իտալիայի նախագահի, երկու ժողովուրդների մերձեցման համար խոչընդոտներ գոյություն չունեն: Հանդիպման ժամանակ երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանի նախագահի աշխատանքային այցը լավ հնարավորություն է բարձր մակարդակով քննարկելու հայ-իտալական հարաբերությունները, ուրվագծելու համագործակցության նոր և հեռանկարային ոլորտներ: Հայաստանի և Իտալիայի նախագահներն այդպիսի ոլորտներ են համարել էներգետիկան, մասնավորապես՝ այլընտրանքային, նաև ատոմային էներգետիկան: Նախագահ Սերժ Սարգսյանը իտալական ընկերություններին ևս հրավիրել է մասնակցելու Հայաստանում իրականացվող ծրագրերին, այդ թվում նոր ԱԷԿ-ի կառուցմանը՝ նկատի առնելով այս բնագավառում Իտալիայի փորձը:

Երկու երկրների ղեկավարները տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել են գործարարների հաճախակի շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, որի շուրջ Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարներն այսօր առավոտյան ունեցած հանդիպման ժամանակ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել: Նախագահ Նապոլիտանոն հույս է հայտնել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումների ներգրավման, երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Սերժ Սարգսյանը և Ջորջիո Նապոլիտանոն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:



***



Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ մեծ հաճույքով է այց կատարում հիասքանչ Հռոմ, որի պատմությունը սերտորեն առնչվում է հայերի ու հայ ժողովրդի պատմության հետ: Նախագահի խոսքով, Հռոմեական ֆորումի պատի վրա գտնվող չորս հնագույն քարտեզներից անգամ ակնհայտ է, որ ժամանակին Հռոմեական կայսրությունն ու Հայաստանը հարևաններ են եղել:

Նախագահ Սերժ Սարգսյանն ուրախությամբ է նշել, որ այսօր Հռոմի կենտրոնում տեղի է ունենում 13-րդ դարի հայկական խաչքարի ցուցադրության բացման արարողությունը: Որպես հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշներից մեկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկված հայկական խաչքարը, Նախագահի խոսքով, «Հավերժական քաղաքում» կխորհրդանշի հայ-իտալական բարեկամության հարատևությունը: Այն նաև մեծ հնարավորություն է Հռոմի բնակիչների և քաղաքի հյուրերի համար՝ ծանոթանալու և հաղորդակից լինելու հայկական մշակույթին:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը Հռոմի հետ տարեցտարի կզարգանա, և հայ-իտալական հարաբերությունների առավել սերտացման գործում քաղաքապետ Ջանի Ալեմանոյի ներդրումն ավելի զգալի կդառնա: Հանրապետության ղեկավարը Հռոմի քաղաքապետի հետ հանդիպումը պատեհ առիթ է համարել շնորհակալություն հայտնելու ս.թ. նոյեմբերի 8-ին «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանը Հռոմի քաղաքապետարանի ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպումից հետո Հռոմի և Երևանի քաղաքապետները Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Հռոմի կենտրոնում՝ Բրասկի թանգարանի դիմաց, բացել են հայկական խաչքարը:

Հանրապետության ղեկավարն այնուհետև այցելել է «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդեսը:



***



Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ի երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ:

Երկուստեք կարևորվել է խորհրդարանական կապերի ամրապնդումը, որին, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստեն ակտիվ շփումներն ու փոխայցելությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինին միջխորհրդարանական կապերի ամրապնդման համատեքստում քաղաքականից բացի կարևորել են նաև համագործակցության տնտեսական և մշակութային բաղադրիչները: Զրուցակիցների կարծիքով, պատմամշակութային ամուր հիմքի վրա խարխսված երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների առավել խորացման ու զարգացման համար այդ բաղադրիչները լավ հիմքեր կարող են դառնալ:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ փոխգործակցության կոնկրետ քայլեր իրականացնելու համար: Սերժ Սարգսյանը և Ջանֆրանկո Ֆինին նշել են նաև, որ միմյանց նկատմամբ փոխադարձ ջերմ վերաբերմունք տածող հայ և իտալացի ժողովուրդների բազմաթիվ ընդհանրությունների շարքում առանձնանում է նաև սփյուռքի առկայությունը:

Հռոմում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են նման պարբերական շփումների ու քննարկումների կարևորությունը, որոնք նպաստում են Հայաստանի և ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության խորացմանը:

Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԱՀԿ-ի աջակցությունը:



***



Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ի երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

(Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իտալացի գործարարների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ ներկայացված է կայքի Նորություններ բաժնում)



***



Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի հոգևոր, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Միաբանության Մայրավանքում Նախագահը մոմ է վառել Հայաստանի Հանրապետության, հայկական սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, հպարտություն և մեծ պատիվ է այսօր Մխիթարյան միաբանության անդամների հետ Վենետիկում ազդարարել հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումների սկիզբը:

Նախագահն իր խոսքում բարձր է գնահատել Սուրբ Ղազար կղզում իր հայրենանվեր առաքելությունն իրականացնող Միաբանության նվիրյալների գործունեությունը՝ ընդգծելով որ նրանց շնորհիվ է երկար տարիներ այստեղից «լույս ճառագել», և այդ լույսը պետք է տարածել ու դրանից օգտվել: «Մենք չենք կարող համաշխարհային գործընթացներից մեկուսանալ, չենք կարող մեկուսացված ապրել այլ ժողովուրդներից, մենք պարտավոր ենք այս արագ փոփոխվող աշխարհում պահպանելով մեր ինքնությունը, տեղայնացնելով արագ փոփոխվող աշխարհի ընձեռած հնարավորությունները և փառք տալով մեր նախնիներին՝ մեր երիտասարդների մեջ ամուր պահել հայկական արմատները: Սա է մեր հիմնական խնդիրը, և կարծում եմ, որ հիմա, երբ համայն հայությունն ունի պատմական Հայրենիք, ունի պետականություն, այս խնդիրները շատ ավելի հեշտությամբ կարող են լուծվել»,-ասել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով հայ գրատպության 500-ամյակի միջոցառումներին՝ Նախագահը նշել է, որ այս տոնակատարությունը ոչ միայն հարգանքի տուրքն է մեր նախնիներին, այլ նաև մեծ և լավ հնարավորություն՝ ուրիշներին ցույց տալու մեր արժեքներն ու նաև այդ արժեքների նկատմամբ մեր հավատարմությունը:

«Մենք՝ որպես պետություն, որպես մեր ժողովրդի ներկայացուցիչներ, մշտապես պատրաստ ենք օժանդակելու Մխիթարյան միաբանությանը, բոլոր հայկական կազմակերպություններին և նրանց, ովքեր իրենց ավանդն են բերում Հայրենիքին և հայ-իտալական բարեկամությանը»,-նշել է Նախագահը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, շատերին է հետաքրքրում, թե ո՞րն է հայերի առանձնահատկությունը՝ արդյո՞ք աշխարհով մեկ տարածված սփյուռքը: Նախագահի համոզմամբ, հայի առանձնահատկությունն այն է, որ դարերի ընթացքում կարողացել է տեսնել և յուրացնել ամենայն առաջավորը: Եվ հենց դրանով է պայմանավորված աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը, շատ-շատ ժողովուրդներից առաջ այբուբեն, գիր, գրականություն, իսկ տպագրության գյուտից կարճ ժամանակ անց հայատառ գիրք ունենալը: Սերժ Սարգսյանը կարևորել է նախնիներից եկող ձիրքը, ջիղը երիտասարդներին փոխանցելը, որպեսզի սերնդեսերունդ կարողանան նույն կերպ շարունակել:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղյակ է Միաբանության խնդիրներին, այդ թվում՝ գրադարանի թվայնացման խնդրին: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ գումարը կհատկացնի Միաբանությանն այդ խնդրի լուծման նպատակով: Նախագահը նշել է, որ արժեքավոր այդ գրադարանի պահպանման լավագույն ձևը թվայնացումն է, ինչպես արվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին Վենետիկի «Կոռեր» թանգարանում մասնակցել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել ցուցահանդեսի կազմակերպմանը, այդ թվում՝ Իտալիայի Հանրապետության իշխանություններին, Վենետիկի տեղական իշխանությունների ղեկավարներին, բոլոր պետական պաշտոնյաներին և դիվանագիտական աշխատողներին, ցուցադրված մասունքները սրբորեն պահպանողներին և, իհարկե, աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկին՝ «Կոռեր» թանգարանին, այս մեծ և կարևոր գործն իրականացնելու համար:

Ցուցահանդեսից հետո Նախագահն այցելել է Վենետիկի Սան Մարկո տաճար, ունկնդրել հայ հոգևոր երաժշտության համերգ:



***



Նախագահ Սերժ Սարգսյանի անունից դեկտեմբերի 14-ի երեկոյան Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում տրվել է պաշտոնական ընթրիք, որին մասնակցել են «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

(Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վենետիկում պաշտոնական ընթրիքի ժամանակ ներկայացված է կայքի Նորություններ բաժնում)



***



Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին այցելել է Վենետիկի քաղաքապետարան: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: Փաստաթուղթն ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին:

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, Վենետիկը և Երևանը քույր քաղաքներ հռչակելու գործում ցուցաբերած պատրաստակամության և ջերմ ընդունելության համար: Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու քաղաքները պատմական և մշակութային հարուստ անցյալ ունեն և համագործակցության լավ ապագա: Նա վստահություն է հայտնել, որ քույր քաղաքների միջև փոխգործակցությունն ավելի արդյունավետ կլինի՝ ներառելով համաձայնագրում նշված բոլոր ոլորտները: Տարոն Մարգարյանը Վենետիկի քաղաքապետին հրավիրել է Երևան՝ 2012 թվականի ապրիլի 23-ին մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին, իսկ հոկտեմբերին՝ իր գլխավորած պատվիրակությամբ ներկա գտնվելու Երևանի 2794-րդ տարեդարձին:

Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին նշել է, որ Վենետիկը մեծագույն հաճույքով է քույրացման համաձայնագիր կնքում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ: Նրա խոսքով, այս փաստաթղթի ստորագրումը երկու երկրների հասարակությունների համար կարևորագույն իրադարձություն է, որ նշանավորում է մի նոր հարթություն՝ Վենետիկը հայ ժողովրդին կապող ավելի քան 16 դար ձգվող ճանապարհին: Քաղաքապետ Օրսոնին ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները պատմության ընթացքում ամրապնդվել ու հարստացվել են նորանոր ձեռքբերումներով ոչ միայն Վենետիկի և Մխիթարյան միաբանության, այլ նաև Վենետիկի և հայկական պետության ու աշխարհով մեկ սփռված ստվար և գործուն հայկական համայնքի միջև: Քաղաքապետի խոսքով, հայ ժողովուրդը Վենետիկի պատմության մի մասն է՝ սկսած ակունքներից և մշտապես նպաստել է քաղաքի տնտեսական, մշակութային ու հոգևոր զարգացմանը:

Ջորջո Օրսոնին հատկանշական է համարել, որ նախորդ օրը քաղաքային խորհուրդը երկու քաղաքների քույրացման համաձայնագրի կնքման շուրջ քննարկումների ժամանակ զարմանք է հայտնել, թե ինչո՞ւ այս տասնամյակների ընթացքում Վենետիկը հայ ժողովրդի մայրաքաղաքի հետ քույրացման համաձայնագիր չի կնքել:

Համաձայնագրի ստորագրումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Երևանի և Վենետիկի քաղաքապետներին, նաև շնորհակալություն հայտնել Վենետիկի քաղաքային խորհրդին՝ փաստաթղթի անհրաժեշտությունը և կարևորությունը նման ձևով ընդգծելու համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, դա ևս մեկ անգամ փաստում է, որ երկու ժողովուրդները միմյանց համար օտար չեն, և պետք է շարունակել դարերի պատմություն ունեցող մեր նախնիներից ժառանգած բարեկամական հարաբերությունները՝ դրանք հասցնելով ավելի բարձր մակարդակի:



← Վերադառնալ