11
11, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Նախագահները գոհունակությամբ փաստել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ բարեկամական առնչությունները ամուր հիմք են միջպետական առանձնաշնորհյալ հարաբերություններ զարգացնելու և ավելի ամրապնդելու գործում:

Երկուստեք շեշտվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու, Հայաստանում Ֆրանսիայի տնտեսական ներկայությունն ընդլայնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը խթանելու կարևորությունը:

Նկատի առնելով Հայաստանի անդամակցությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մշակութային, գիտական կապերի ընդլայնմանը պետական և հասարակական լայն աջակցության շարունակականութան ապահովման ուղղությամբ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում Ֆրանսիայի մշտական աջակցության համար:

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից՝ ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տրվել է ճաշ, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքներով

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով

 ***

Պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 12-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի հետ:

Հանրապետության նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը կարծիքներ են փոխանակել այն մասին, որ հայ-ֆրանսիական արդեն 20-ամյա հրաշալի քաղաքական համագործակցությունը հարկ է նշաձող դարձնել նաև տնտեսական հարաբերությունների համար: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ցուցանիշով Ֆրանսիան երկրորդ երկիրն է՝ Հանրապետության ղեկավարն առաջնահերթ խնդիրներից է համարել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացումը և առևտրաշրջանառության աճը: Այս տեսանկյունից քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի լայն շրջանակ:

ՀՀ նախագահը և Ֆրանսիայի վարչապետը խոսել են Հայաստանում անցյալ տարվանից գործող «Հայ-ֆրանսիական գործարար ակումբի» կարևորության և դրա գործունեության հետագա ընդլայնման շուրջ, միաժամանակ բարձր են գնահատել Հայաստանի առաջընթացի օժանդակմանն ուղղված  Զարգացման ֆրանսիական գործակալության՝ առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը գյուղատնտեսության, մասնավոր հատվածի զարգացման, ջրային տնտեսության ոլորտներում:

Մանրամասն անդրադարձ է եղել էներգետիկայի ոլորտում առկա ծրագրերին ֆրանսիական ընկերությունների հետագա ներգրավման հարցերին, Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գործում նրանց մասնակցությանը:

Ֆրանսիայի վարչապետն իրենց պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում ֆրանսիական ընկերությունների մուտքը խրախուսելու հարցում: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հեռահաղորդակցության ոլորտում, մեր երկրի հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքների կայացման և Հայաստանի կենսաթոշակային ոլորտի հետագա զարգացման ծրագրերում ֆրանսիական առաջատար ընկերությունների մասնակցության վերաբերյալ:

Սերժ Սարգսյանն ու Ժան-Մարկ Էրոն խոսել են նաև Հայաստան-Ֆրանսիա մշակութային և կրթական կապերի հետագա խորացման, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հարցում ֆրանսիական հնարավոր օժանդակության մասին:

***

Ֆրանսիայի վարչպետի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ:

Զրուցակիցները հայ-ֆրանսիական բարձր մակարդակի միջպետական հարաբերություններում առանձնակի կարևորել են միջխորհրդարանական դիվանագիտության դերը: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբերի սերտ շփումներն ու արդյունավետ գործունեությունը, կարևորել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը իր երկրի խորհրդարանի անունից պատրաստակամություն է հայտնել բարեկամության նույն ոգով շարունակելու և առավելագույնն անելու ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ կապերն ամրապնդելու համար: Նա ընդգծել է, որ Ֆրանսիայում մեծապես գնահատում են Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի՝ եվրամերձեցման ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում երկուստեք կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև յուրահատուկ կամուրջ հանդիսացող ֆրանսահայ համայնքի դերը:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային և նրա բարեկամ ժողովրդին՝ այդ երկրում մեր հայրենակիցների նկատմամբ ջերմ վերաբերմունքի և հոգածության, իսկ Ֆրանսիայի խորհրդարանին՝ հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերում նրան մշտապես սատարելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:


Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ դարերի պատմություն ունեցող հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը Հայաստանի անկախությունից ի վեր վերաճել է երկու պետությունների փոխշահավետ սերտ գործընկերության և քաղաքական ակտիվ երկխոսությամբ առանձնացող բարձր մակարդակի հարաբերությունների: Այդ հարաբերություններում, Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի համոզմամբ, կարևոր և մեծ դերակատարություն ունեն բացառիկ ջերմ միջխորհրդարանական կապերն ու արդյունավետ համագործակցությունը: Հատկապես ընդգծվել է «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը:

Զրուցակիցները երկու երկրների համագործակցության կարևոր բաղադրիչ են համարել Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցությունն ու ուրախությամբ արձանագրել այդ ոլորտում ձեռք բերված առաջընթացը: Նրանք նշել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի 60-ից ավելի քույր քաղաքների և շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

ՀՀ նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահը կարևորել են նաև միջազգային հարթակներում երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին, այդ թվում Սենատին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման համար:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին մեկնել է բավականին մեծ և լավ կազմակերպված հայկական համայնք ունեցող Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Երևանի և Լիոնի միջև ձևավորված և արդեն որոշակի պատմություն ունեցող արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով այս ձևաչափով հայ֊-ֆրանսիական գործընկերային կապերը: Այդ տեսանկյունից կարևորվել է երկու քաղաքապետարանների ներկայացուցիչների պարբերական դարձած փոխայցելությունների ավանդույթը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժերար Կոլոմբին այն շարունակական հետաքրքրության համար, որ նա ցուցաբերում է Հայաստանի և հայությանը հուզող հարցերի նկատմամբ, ինչպես նաև բազմակողմ աջակցության, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սենատոր Կոլոմբի անուրանալի ներդրման ու Երևան-Լիոն հարաբերությունների ձևավորման գործում ունեցած ավանդի համար: Հանրապետության նախագահը համոզվածություն է հայտնել, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն այսուհետ ևս կշարունակի ամրապնդվել նաև ի շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի քույր քաղաքների գործընկերության ու բարեկամության:

Հանդիպման ավարտին Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի անունից՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ճաշ:

Լիոնում Նախագահը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպի առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նախագահը խոսել է Ֆրանսիայի և, մասնավորապես, Լիոնի գործարարներին հետաքրքրող վերջին նախաձեռնությունների ու զարգացումների, իրականացվող բարեփոխումների, հայ-ֆրանսիական տնտեսական կապերի, առևտրատնտեսական պատմական հարաբերությունների ու այդ հարաբերությունների խորացման հեռանկարի մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախ Հայաստանի տնտեսական հնարավորությունները, այդ ոլորտում հայ-ֆրանսիական ներուժը լիարժեքորեն և արդյունավետ օգտագործելու դեպքում, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները հնարավոր է զգալիորեն մեծացնել, անգամ՝ բազմապատկել:

«Անցյալ տարվանից Հայաստանում գործում է «Հայ-ֆրանսիական գործարար ակումբը», և Ֆրանսիայի նախագահ պարոն Օլանդը երեկ առաջարկեց, որպեսզի այն դառնա առևտրաարդյունաբերական պալատ: Մենք հաճույքով կողմ ենք դրան: Այս ակումբը տրամադրում է մասնագիտական, տեղեկատվական աջակցություն, կազմակերպում պարբերական թեմատիկ հանդիպումներ և կոչված է նպաստելու Հայաստանում ֆրանսիական գործարար համայնքի ամրապնդմանն ու ֆրանսիական նոր ընկերությունների ներգրավմանը հայաստանյան շուկա: Միաժամանակ բարձր եմ գնահատում Հայաստանի առաջընթացի օժանդակմանն ուղղված Զարգացման ֆրանսիական գործակալության` առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը: Այս գործակալության աշխատանքի հետ մենք մեծ հույսեր ենք կապում, քանի որ գիտենք նրա հնարավորությունները, քանի որ գիտենք Ֆրանսիայի ղեկավարության ցանկությունները, և քանի որ ինքներս պատրաստակամ ենք անել ամեն հնարավորը, որպեսզի գործակալության գործունեությունը Հայաստանում լինի հաջողված»- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը հանդիպման մասնակից գործարարներին մաղթել է հաջողություններ հետագա ձեռնարկումներում ու համատեղ ծրագրերում՝ ի շահ հայ-ֆրանսիական հարաբերությունների և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման:

Ավելի ուշ Լիոնի քաղաքապետարանում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, ի պատիվ ՀՀ նախագահի, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի անունից տրվել է ընդունելություն: Լիոնի քաղաքապետն ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Լիոնի Պատվո հուշամեդալը:

«Երևանի և Լիոնի մտերմության ցայտուն արտահայտությունն են բազմազգ Լիոնի կենտրոնում՝ Հայաստանի փողոցում գործող Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցին, Բելկուրի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հուշակոթողը, և, վերջապես Երևանում բացված Լիոնի այգին, որի հանդիսավոր բացումը պարոն Կոլոմբի մասնակցությամբ` դեռ թարմ է մեր հիշողության մեջ:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ամեն անգամ Ֆրանսիա այցելելիս` ինձ զգում եմ հարազատ օջախում և, ակամայից, մտովի թերթում եմ մեր անխախտ բարեկամության հարուստ հուշամատյանը` իր զարմանալի պատմական զուգահեռներով: Եվ ակամայից ցանկություն է առաջանում շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի ֆրանսիացիներ, հարգելի լիոնցիներ, որ մեր կողքին եք եղել մեր ամենածանր պահերին:

Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և մենք պետք է ավելի կազմակերպված դարձնենք մեր համազգային պայքարը, որպեսզի մարդկության դեմ կատարած հանցագործությունը այլևս երբեք չկրկնվի: Համոզված եմ, որ վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու հաշվի նստել իրականության հետ: Եվրոպայի հետ աղերս ունենալու համար դա, թերևս, նվազագույն պայման է, և ինչի մասին երեկ բացահայտ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ պարոն Օլանդը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ