26
02, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցն Իրաքի Հանրապետություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 26-ից 29-ը՝ իրաքյան կողմի հրավերով, պաշտոնական այցով գտնվելու է Իրաքի Հանրապետությունում:

Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա Իրաքի Հանրապետության նախագահի և երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նախագահ Վահագն Խաչատուրյանի դասախոսությունը Բաղդադի համալսարանում և հանդիպումը տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

***

 

Իրաքի Հանրապետության նախագահական նստավայր «Բաղդադ Պալատում» տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Պաշտոնական այցով Իրաքի Հանրապետությունում գտնվող Վահագն Խաչատուրյանին դիմավորել և ողջունել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը:

***

 

Պաշտոնական այցով Իրաքի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել իր պաշտոնակից՝ Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ:

Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Իրաքի Հանրապետության նախագահը ողջունելով Հանրապետության նախագահին և պատվիրակության անդամներին կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից և նշել. «Հայաստանի և Իրաքի Հանրապետության համագործակցությունը բոլոր բնագավառներում դինամիկ զարգացում է ապրում և մենք արդեն իսկ ունենք որոշակի ձեռքբերումներ մի շարք հարցերում։ Վստահ եմ, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցն Իրաքի Հանրապետություն իր նպաստը կունենա մեր երկրների հարաբերությունների ամրապնդման գործում, վստահ եմ նաև, որ այցի շրջանակներում կլինեն արդյունավետ քննարկումներ և կգրանցվեն նոր հաջողություններ տնտեսության, մշակույթի, տուրիզմի, տեխնոլոգիական և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հարցում»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է. «Մենք տեսնում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը մեր նկատմամբ, որը վկայում է մեր ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության մասին։ Իմ այցին նախորդել էր Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, որը շատ սպասված էր և պատմական։ Մենք այսօր պարտավոր ենք շարունակել սերտացնել մեր երկրների համագործակցությունն առավել ևս, որ դրա ներուժը կա գրեթե բոլոր բնագավառներում տնտեսության, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մենք կարողացանք համատեղ նախաձեռնել Հայաստանի և Իրաքի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մի նոր փուլի մեկնարկը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և մշակույթի ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության ամրապնդման օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների փոխգործակցության ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը։ Ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիների համար փոխադարձաբար մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների անցկացման վերաբերյալ։
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն, այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային մոտեցումը տարածաշրջանում կայուն, տևական խաղաղության հասնելու հարցի շուրջ։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հարևանների և գործընկերների հետ հաստատել բարիդրացիական ու կայուն հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային հիմնարար սկզբունքների և իրավունքների գերակայության վրա։

***

 

Պաշտոնական այցով Իրաքի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդն իրենց առանձնազրույցի և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպման արդյունքներն ամփոփել են լրատվամիջոցների համար հայտարարություններով:

Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է.

«Մեծ ուրախությամբ այսօր գտնվում եմ Բաղդադում՝ բարեկամ Իրաքի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության նախագահի կատարած առաջին պաշտոնական և դրանով իսկ պատմական այցի շրջանակներում: Շնորհակալ եմ Ձեր ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:

Ամիսներ առաջ իմ գործընկեր դոկտոր Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին ընդունել ենք Երևանում՝ Իրաքի Հանրապետության նախագահի պատմական այցի շրջանակներում: Այսօր իմ այցն Իրաքի Հանրապետություն ևս մեկ պատմական ձեռքբերում է մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ, որը վկայում է Հայաստանի և Իրաքի Հանրապետության միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Նախագահ Ռաշիդի հետ ունեցած ջերմ զրույցի ընթացքում քննարկել ենք հայ-իրաքյան համագործակցության զարգացման լայն օրակարգը, անդրադարձել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի: Մասնավորապես, կարևորել ենք Հայաստանի և Իրաքի Հանրապետության միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների շարունակականությունը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Գոհունակությամբ արձանագրել ենք վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի Հանրապետության միջև առևտրաշրջանառության աճի տեմպերը՝ կարևորելով առևտրատնտեսական կապերի խորացումը և մեր երկրների միջև ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան: Պայմանավորվել ենք, որ երկու կողմերի համապատասխան գերատեսչություններ աշխատանքներ կտանեն ակտիվացնելու գործարար կապերն, ապահովելու Հայաստանում և Իրաքում անցկացվող տարբեր ոլորտային ցուցահանդեսներին և համաժողովներին երկուստեք ատիվ մասնակցությունը:

Հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ ընդգծել ենք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի դերը և գոհունակությամբ նշել, որ հանձնաժողովի՝ անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած հերթական նիստի արդյունքներով ստորագրված արձանագրության կետերն արդեն իսկ սկսել են կյանքի կոչվել՝ նոր թափ հաղորդելով երկկողմ համագործակցությանը:

Կարևորել ենք Հայաստանի և Իրաքի Հանրապետության միջև փոխգործակցության ակտիվացումը էներգետիկայի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և այլ հարակից ոլորտներում, ինչպես նաև առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և հումանիտար բնագավառներում՝ արձանագրելով վերոնշյալ ոլորտներում առկա մեծ ներուժը:

Անդրադարձ ենք կատարել պաշտպանության և անվտանգության ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության խորացման հեռանկարներին՝ արձանագրելով երկուստեք հետաքրքրություն զարգացնելու կապերն այս ոլորտներում:

Հայ-իրաքյան հարաբերությունների համա-տեքստում կարևորել ենք Իրաքի Հանրապետության հայ համայնքի դերակատարումը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունը հայտնել բարեկամ Իրաքի Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ապաստան տրամադրելու, ազատ ապրելու և ստեղծագործելու լայն հնարավորություններ ընձեռելու համար: Իրաքի հայերը մշտապես եղել են Ձեր երկրի լիիրավ քաղաքացիներ՝ իրենց տաղանդներով և կարողություններով նպաստելով Իրաքի բարգավաճմանն ու զարգացմանը:

Քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր՝ շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավահավասարության սկզբունքների հարգման վրա:

Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին՝ իմ գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու և բարեկամական միջավայրում քննարկումներ անցկացնելու համար»:

***

 

Ի պատվի պաշտոնական այցով Իրաքի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

***

 

Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանիի հետ:

Իրաքի Հանրապետության վարչապետը ողջունելով Հայաստանի նախագահին նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, գնահատելի են Ձեր այցն Իրաքի Հանրապետություն, Իրաքի Հանրապետության նախագահի այցելությունը ձեր երկիր, այն շարունակական հանդիպումները, որոնք տեղի են ունենում, որոնցից կառանձնացնեի Ձեր հանդիպումները Դավոսում, իմ և գործընկերոջս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպումը Մյունխենում, որոնք ցուցիչներ են մեր երկրների սերտ հարաբերությունների և այդ հարաբերություններում առկա ներուժի հետագա առաջմղման համար»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, ես լիովին համաձայն եմ, որ Իրաքի Հանրապետության նախագահի այցը, որը տեղի ունեցավ անցած տարի նոյեմբերին Հայաստան, և իմ այս այցը խթան կհանդիսանան մեր երկրների հարաբերությունների զարգացման համար, վստահ եմ նաև, որ մեր հանդիպումները կիրառական նշանակություն և արդյունքներ կունենան»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իրաքի Հանրապետության միջև տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, տուրիզմի, առողջապահության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժն ու վերջինիս իրականացման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործում, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների հետագա ամրապնդման համար:

Երկուստեք շեշտվել է երկու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչակցությունների հանգամանքը, ինչն իր նպաստն է բերում բարեկամության և գործընկերության շարունակական զարգացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն ընդգծել են առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի գերակայության շրջանակում կարգավորելու հրամայականը:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Բաղդադի Հայ առաքելական առաջնորդարան:

Նախագահն Իրաքի Հանրապետության Հայոց թեմի առաջնորդ Օշական Եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ շրջել է եկեղեցում, ապա ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:

***

 

Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։

***

 

Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Բաղդադի համալսարանում, պատասխանել հայ-իրաքյան հարաբերությունների, նախագահի պաշտոնական այցի արդյունքների և տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ դասախոսների և ուսանողների բարձրացրած հարցերին:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ժամանել է Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Քուրդիստան շրջանի նախագահ Նեչիրվան Բարզանիի և բարձր ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ։

Ողջունելով Հանրապետության նախագահի այցն Իրաքի Հանրապետություն և Իրաքյան Քուրդիստան Պատվավոր նախագահն այցը պատմական է գնահատել և շեշտել, որ այն դրական խթան կհանդիսանա երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման և հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է ժողովուրդների միջև պատմամշակութային բազմաշերտ առնչակցությունների կարևորությունը, ինչն ամուր հիմք է շարունակական համագործակցության խորացման համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերի խթանման հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել առկա փոխշահավետ համագործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարների և կոնկրետ գործողությունների վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների և վերջիններիս կարգավորման ուղիների վերաբերյալ առկա հարցերին։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է հակամարտություններն ու խնդիրները բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով և միջազգային իրավունքի և հիմնարար սկզբունքների պահպանությամբ լուծելու հրամայականը։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

Ողջունելով Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Նեչիրվան Բարզանին ընդգծել է, որ նմանօրինակ այցելությունները նպաստում են ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները դրականորեն նպաստում են ինչպես ժողովուրդների միմյանց ճանաչողությանը, այնպես էլ խթանում տնտեսական, մշակութային, տուրիստական, գործարար և այլ ոլորտներում առկա կապերի ամրապնդումն ու նոր շփումների ձևավորումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, տուրիզմի, կրթության և գիտության ու այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր։ Երկուստեք ընդգծվել է տարբեր բնագավառներում առկա փոխգործակցային ներուժի ամբողջական իրականցման ուղղությամբ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում կարևորվել են ներդրումային ծրագրերի կյանքի կոչումը, ինչպես նաև ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձևավորման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները։

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայում ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, էներգետիկայի և մասնավորապես կանաչ էներգիայի շահագործման ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրականացմանն ուղղված հարցեր։

Փոխվարչապետ Թալաբանին շեշտել է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողությունների մասնավորապես «Արմաթ» և «Թումո» կենտրոնների օրինակով լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քուրդիստանյան կողմի հետաքրքրվածությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսական և բանկային համակարգերի ոլորտներում առկա իրադրությանն ու այս բնագավառներում հայաստանյան բարեփոխումներին ու փորձառության հնարավոր կիրառմանը։

Մտքեր են փոխանակվել առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի հետագա խթանման վերաբերյալ։

***

 

Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էրբիլի և հարակից շրջանների հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։

***

 

Նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի:

Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել եկեղեցում և ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։

Եկեղեցին կառուցվել է Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների աջակցությամբ: Երկրի իշխանությունները պետական ուղղակի հոգածության տակ են պահում շուրջ հարյուր քրիստոնեական եկեղեցիներ և սրբավայրեր՝ իրականացնելով դրանց պահպանության և վերակառուցման ամբողջական կամ մասնակի ֆինանսավորումը՝ այդ թվում նաև անվճար տարածքների հատկացումը:


 

← Վերադառնալ