18
05, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Վատիկան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: 

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և վարժարանի սաների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, առկա հիմնախնդիրներին և վերջիններիս լուծման նկատմամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին:

Նախագահն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում խաղաղության հասնելու և հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին նախագահն անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցի:

Եկեղեցում նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ֆրանցիսկոս պապի հիշատակին և ծաղիկներ դրել նրա գերեզմանին:

← Վերադառնալ