Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Թուրքմենստան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։
***
2025թ. օգոստոսի 4-ին աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
Հանդիպման մեկնարկին կողմերը փոխանակել են ողջույնի խոսքեր և ընդգծել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը, որ հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։
***
Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։
Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նախագահի ելույթը.
«Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, երբ համախմբվել ենք Ավազայում՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ՄԱԿ-ի երրորդ համաժողովին։
Թույլ տվեք անկեղծ շնորհակալություն հայտնել Թուրքմենստանի կառավարությանը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նաև ՄԱԿ-ի Բարձր ներկայացուցչին՝ տիկին Ռաբաբ Ֆաթիմային, ով հանդիսանում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ՄԱԿ-ի երրորդ համաժողովի քարտուղարը, ինչպես նաև նրա թիմին՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առաջնահերթությունները ՄԱԿ-ի օրակարգում պահելու հարցում ցուցաբերած առաջնորդության համար։
Տիկնայք և պարոնայք,
Մուտքը համաշխարհային շուկաներ կենսական նշանակություն ունի ներառական և կայուն զարգացում ապահովելու համար։ Ժամանակակից փոխկապակցված աշխարհում ապրանքների, ծառայությունների և մարդկանց տրանսսահմանային հոսքերը համընդհանուր բարօրության հզոր շարժիչ ուժ են։ Սակայն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները շարունակում են բախվել լուրջ մարտահրավերների՝ պայմանավորված աշխարհագրական սահմանափակումներով, որոնք հաճախ խոչընդոտում են իրենց լիարժեք ներգրավվածությունը համաշխարհային առևտրում, տնտեսությունների դիվերսիֆիկացիան և ներդրումների ներգրավումը՝ դանդաղեցնելով մեր համատեղ առաջընթացը Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ։
Այս մարտահրավերները հաղթահարելու և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կյանքը և տնտեսությունները փոխակերպելու համար մենք այսօր ունենք հստակ և ապագային միտված ճանապարհային քարտեզ։ «Ավազայի Գործողությունների ծրագիրը» մի ամբողջական փաստաթուղթ է, որը պարունակում է բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ստանձնած հաստատուն քայլեր, հանձնառություններ և արդյունքներ՝ ուղղված հատկապես նոր առաջացող սպառնալիքների սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը։ Նոր Գործողությունների ծրագրի հինգ առաջնահերթ ուղղությունները հիմնվում են Վիեննայի գործողությունների ծրագրի վրա և ուղղակիորեն արձագանքում են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերներին։
«Ավազայի Գործողությունների ծրագիրը» կարող է ծառայել որպես ուղեցույց՝ խթանելու ավելի սերտ համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների, տարանցիկ երկրների, ՄԱԿ-ի, դրա գործակալությունների, ինչպես նաև միջազգային զարգացման կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների միջև՝ օգնելով մեզ արագ ու զգալի առաջընթաց ապահովել ընդհանուր առաջնահերթությունների ուղղությամբ։
Սակայն նոր Գործողությունների ծրագրի հավակնությունները կոնկրետ արդյունքների վերածելը լուրջ մարտահրավեր է՝ հաշվի առնելով ֆինանսավորման սղությունը, հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում։ Ակնհայտ է՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները դա չեն կարող անել միայնակ։ Մեզ անհրաժեշտ է ուժեղացված տարածաշրջանային համագործակցություն՝ դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև։ Պետք է վերացնել մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի վրա դրված արհեստական և շարժառիթներով պայմանավորված արգելքները։ Սա ոչ միայն գործնական անհրաժեշտություն է, այլ նաև կենսական՝ տնտեսական և սոցիալական իրավունքները, զարգացման իրավունքը և համապարփակ տարածաշրջանային ու գլոբալ կապակցվածությունը երաշխավորելու համար։
Մենք կարևորում ենք զարգացման գործընկերների կողմից տրանսսահմանային ենթակառուցվածքներում ներդրումների ծավալների ավելացմանը ուղղված էական աջակցությունը՝ առևտուրը ավելի արագ և արդյունավետ դարձնելու համար ։
Պետք է նաև երաշխավորենք, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները լիարժեքորեն ներգրավված լինեն համաշխարհային թվային և կանաչ փոխակերպման գործընթացներում՝ խուսափելու համար գլոբալ տնտեսության մեջ նրանց հետընթացից։
Անհրաժեշտ է նաև ամրապնդել դիմակայունությունը կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի պայմաններում։ Հայաստանը, որպես կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի հաջորդ հյուրընկալող և նախագահող երկիր, չի խնայելու ջանքերը այս կարևոր օրակարգը առաջ մղելու և ապահովելու համար, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները կապակցված լինեն և լիարժեքորեն օգտվեն իրենց հարուստ կենսաբազմազանության պաշարներից։
Տիկնայք և պարոնայք,
Ես ներկայացնում եմ երկիր, որն արդեն երեք տասնամյակից ավելի բախվում է աշխարհագրական սահմանափակումների և բարդ աշխարհաքաղաքական միջավայրի հետևանքներին։ Երկու հարևանների հետ փակ սահմաններով, ոչ մի ուղիղ ելք դեպի օվկիանոս կամ ծով, առևտրի, տրանսպորտի և բեռնափոխադրման ոլորտում առկա եզակի խնդիրներով՝ ՀՀ կառավարությունը լիովին գիտակցում է ներառական կապակցվածության, բաց սահմանների և հուսալի ճանապարհների ու տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարևորությունը համաշխարհային շուկաներին ինտեգրվելու համար։
Այս ըմբռնմամբ ՀՀ կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը վկայում է իմ երկրի հանձնառությունը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նկատմամբ՝ միաժամանակ խթանելով ներառական կապակցվածություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներուժ ունի մեր տնտեսությունները դարձնելու առավել բարեկեցիկ և դիմակայուն: Տնտեսական շահերի համադրումը վաղուց սպասված խաղաղության և կայունության հետ՝ նախագծի առանցքում դնելով, այն նպատակ ունի ստեղծել գործնական առևտրային պայմանավորվածություններ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում՝ տեսլականը վերածելով իրականության։
Ձերդ Գերազանցություններ,
Ամփոփելով՝ ցանկանում եմ կրկին խորին շնորհակալություն հայտնել Թուրքմենստանի կառավարությանը և ՄԱԿ-ին՝ այս համաժողովը կազմակերպելու համար։ Մենք ակնկալում ենք բովանդակային և արդյունավետ քննարկումներ՝ մի ապագա կերտելու ուղղությամբ, որտեղ դեպի ծով ելք չունենալը այլևս չի դիտարկվի որպես սահմանափակում, այլ՝ նորարարության, դիմակայունության և ընդհանուր բարօրության մեկնարկային կետ։
Թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը լիովին հանձնառու է բազմակողմ արդյունավետ համագործակցությանը բոլոր գործընկերների հետ՝ իրագործելու «Ավազայի Գործողությունների ծրագիրը» դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար:
Շնորհակալություն»:
***
Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը:
Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով:
Նախագահի բացման խոսքը.
«Նեպալի հարգարժան վարչապետ,
Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան նախարար,
Քննարկման հարգելի մասնակիցներ,
Ձերդ Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանում առևտրի և տրանսպորտային կապերի ընդլայնման միջոցով» թեմայով քննարկման շրջանակում:
Շնորհակալություն եմ հայտնում դեպի ծով ելք չունեցող երկրների իմ գործընկերներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այս քննարկմանը մասնակցելու համար։
Այս միջոցառման նպատակն է անդրադառնալ առկա խոչընդոտներին և ճանապարհներ գտնել դեպի ծով ելք չունեցող երկրները ցամաքով կապված երկրների վերածելու համար` հնարավորություններ ստեղծելով օգտվելու համաշխարհային շուկաներից, նպաստելով աշխարհն ավելի փոխկապակցված և ներդաշնակ դարձնելուն, մարդկանց կենսապայմանների բարելավմանը, «կանաչ աճի» խթանմանը և մարդկային ներուժի զարգացմանը։
Հարգելի հյուրեր,
Մենք հաճախ ենք անդրադառնում տրանսպորտային կապելիությանը՝ որպես կարևոր գործիք բեռների և մարդկանց անխափան տեղաշարժն ապահովելու համար, ինչը խթանում է առևտրային և տնտեսական հարաբերությունները և միացնում է աշխարհագրական հեռավորությամբ տարանջատված տարածաշրջանները։ Սակայն այն կարող է ուղղակիորեն դրական ազդեցություն ունենալ նաև տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության վրա։
Պատմականորեն տրանսպորտային հաղորդակցման միջոցների կառուցումն իրականացվել է որպես ազդեցության և ուժի ցուցադրություն։ Նույնը հաճախ տեսնում ենք նաև այսօր, երբ կապելիության որոշ նախագծեր ուղղված են ոչ թե առևտրի, տնտեսական բարգավաճման և ժողովուրդների միջև շփումների խթանմանը, այլ՝ աշխարհաքաղաքական շահերի առաջմղմանը, ինչը խորացնում է բաժանարար գծերը։
Ժամանակակից աշխարհում պահանջվում է համընդհանուր փոխկապակցվածություն և համագործակցություն բոլոր մակարդակներում։ Ապրանքների, ծառայությունների և մարդկանց տրանսսահմանային հոսքերը վերջին տասնամյակների ընթացքում դարձել են գլոբալ տնտեսության շարժիչ ուժը։ «Գլոբալիզացիա» անվամբ հայտնի այս երևույթը մեծապես նպաստել է համաշխարհային տնտեսության, առևտրի, արդյունաբերության և նորարարությունների աճին՝ ստեղծելով հսկայական հնարավորություններ երկրների և տարածաշրջանների զարգացման ու փոխկապակցման համար։
Արդարացի և ներառական կապելիությունը, որն ուղղորդված է տնտեսական հիմնավորմամբ, սոցիալական և տնտեսական իրավունքների իրացմամբ և միջմշակութային կապերի խթանմամբ, կարող է նպաստել խաղաղությանը և անվտանգությանը։ Բարենպաստ միջավայրի ստեղծումն ու կայուն ենթակառուցվածքների զարգացումը՝ մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի կազմակերպման համար, էական են բոլոր ժողովուրդների տնտեսական և սոցիալական իրավունքների, ինչպես նաև զարգացման իրավունքի իրացման տեսանկյունից և կարող են նպաստել ներառական տարածաշրջանային և գլոբալ փոխկապակցվածությանը։
Մենք բազմիցս նշել ենք մեր վստահությունը, որ արդյունավետ տարածաշրջանային համագործակցությունը և լավ նախագծված ու իրականացված տրանսպորտային ծրագրերը կարող են օգնել հաղթահարել քաղաքական տարաձայնությունները և հիմք հանդիսանալ խաղաղության, կայունության և երկարաժամկետ ներառական զարգացման համար՝ վերածելով տարածաշրջանները բարգավաճ տարանցիկ հանգույցների։
Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը լավ է գիտակցում ներառական կապելիության, բաց սահմանների և լիարժեք գործող ճանապարհների ու տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորությունը։ Այս համատեքստում՝ ավելի վաղ այսօր, ես հնարավորություն ունեցա իմ ելույթում ներկայացնելու Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այս նախաձեռնությունը վկայում է մեր երկրի հանձնառությունը՝ տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանը, նպատակ ունենալով ապահովել առավել փոխկապակցված և ներդաշնակ աշխարհ՝ մարդկանց կենսամակարդակի բարելավման, էկոլոգիապես կայուն տնտեսական աճի խթանման և մարդկային ներուժի զարգացման համար։
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանը պատմականորեն եղել է մի խաչմերուկ, որը միացրել է Հյուսիսը Հարավի, իսկ Արևմուտքը Արևելքի հետ՝ բոլոր քաղաքական, առևտրային և մշակութային առանձնահատկություններով։ Մեր երկրով անցնող Մետաքսի ճանապարհը միայն առևտուր չէր. այն մշակութային երևույթ էր, որը միավորում էր մարդկանց և խթանում միջմշակութային երկխոսությունը։ Այսօր ևս, մեր երկիրը՝ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի և պատմական ժառանգության շնորհիվ, կարող է նպաստել Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական փոխգործակցությանը, ժողովուրդների միջև շփումներին և մշակութային կապերի խորացմանը։
Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում բոլոր առևտրային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի բեռների, ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի համար՝ դառնալով անվտանգության, կայունության և բարգավաճման անկյունաքար ոչ միայն տարածաշրջանի, այլև տարածաշրջանից դուրս։
Շնորհակալություն եմ հայտնում և մաղթում արդյունավետ քննարկումներ»։
***
Թուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը տարիների ընթացքում ձևավորվել է որպես կայուն և արդյունավետ քաղաքական երկխոսություն, որը ծառայում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու զարգացմանը։
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ ընդգծելով տարեցտարի աճող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև բիզնես կապերի զարգացման դինամիկան։ Երկուստեք կարևորվել է ներդրումային միջավայրի բարելավումը, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և ոլորտային համագործակցության խթանումը՝ էներգետիկայից մինչև տրանսպորտ, զբոսաշրջությունից մինչև նորարարական ոլորտներ։
Հատուկ ընդգծվել է նաև Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև ակտիվ փոխայցելությունների փաստը՝ որպես երկկողմ հարաբերությունների կենդանի ու ամուր հիմք։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ։ Կողմերն ընդգծել են խաղաղության, կայունության և փոխադարձ հարգանքի սկզբունքների կարևորությունը՝ որպես բոլոր պետությունների առաջընթացի և անխոչընդոտ զարգացման կարևոր պայման։
***
Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:
Սերդար Բերդիմուհամեդովը ողջունելով Հանրապետության նախագահին շնորհակալություն է հայտնել Թուրքմենստան այցելելու և «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին» մասնակցության համար:
Իր հերթին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահին հրավերի և միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
***
Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով:
Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները:
***
Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։
Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել հայկական եկեղեցին։
Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։































































