17
02, 2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պետական այցը Հունաստան

Հունաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Աթենք ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի առանձնազրույցը։

«Հունաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն` պայմանավորված երկու երկրների քաղաքակրթական, մշակութային կապերով»,- առանձնազրույցի մեկնարկին նշեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել ամենատարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական։ Վերջին տարիները մեր երկրի համար դժվար էին, սակայն գործող իշխանությունը, Կառավարությունը, քաղաքական թիմը կարողացան հաղթահարել այդ դժվարությունները։ Ու դա արվեց նաև շնորհիվ մեր բարեկամ երկրների»,- ասաց ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ Հայաստանի ձգտումն է մոտենալ եվրոպական արժեքներին։

ՀՀ նախագահն անդրադարձավ նաև 2025 թվականի օգոստոսի 8֊ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, դրանից բխող հնարավորություններին, հատկապես Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ նախագահը Հունաստանի նախագահին հրավիրեց Հայաստան։ 

***

 

Հունաստանի նախագահական նստավայրում կայացել է պետական այցով Աթենքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։

Հանդիպման մեկնարկին նախագահ Տասուլասը շեշտել է, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված հարաբերությունները քաղաքական հարթությունում ունեն անխոչընդոտ և դինամիկ զարգացում։ Նրա գնահատմամբ՝ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է նոր խթան հաղորդի տնտեսական, ռազմաուսումնական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ընդգծելով, որ Հունաստանի հետ հարաբերությունները եղել և շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Նախագահը կարևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը և պատրաստակամություն հայտնել հետևողական քայլերով զարգացնել երկկողմ օրակարգը։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձել են տարբեր ոլորտներում առկա փոխգործակցության ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին։ Քննարկվել են տնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային միջավայրի խթանման, գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ձևավորման և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր։ Կարևորվել է նաև ռազմաուսումնական համագործակցության շարունակականությունն ու դրա հետագա զարգացումը։

Կողմերն ընդգծել են միջազգային կառույցներում, այդ թվում՝ Եվրամիությունում, Եվրախորհրդում, ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում արդյունավետ փոխգործակցության նշանակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ աջակցության վրա։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին։ Քննարկվել են խաղաղության օրակարգի առաջմղման, սահմանների բացման և տնտեսական ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները։ Կողմերը կարևորել են կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի հետևողական շարունակությունը՝ տարածաշրջանում համագործակցության և տնտեսական փոխկապակցվածության խորացման նպատակով։

***

 

Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասը պետական այցով Աթենքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»։

Իր հերթին նախագահ Վահագն Խաչատուրյանն իր գործընկերոջը պարգևատրել է «Փառքի շքանշանով»։

Պարգևատրումից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում։

***

 

Պետական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր:

Նախագահ Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հավերժական կրակի մոտ:

***

 

Հանրապետության նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հունաստանի նախագահական նստավայրում նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Կոստանտինոս Տասուլասի ներկայությամբ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Հայկական և հունական կողմերից հուշագիրը ստորագրել են համապատասխանաբար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի թվային կառավարման նախարարի տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոուլուսը։

***

 

Ի պատիվ պետական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի բաժակաճառը.

«Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է գտնվել այս գեղեցիկ և պատմական երկրում՝ Հունաստանի Հանրապետությունում։ Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Ձեզ՝ մեծարգո պարոն նախագահ, և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ ջերմ ընդունելության, բարձր հյուրընկալության և անկեղծ բարեկամական վերաբերմունքի համար։

Հայաստանն ու Հունաստանն ամուր կապված են դարերով ձևավորված բարեկամությամբ, որը հիմնված է ոչ միայն պատմական հիշողության, այլև քաղաքակրթական նույն արժեքների վրա։ Մենք երկու հնագույն ժողովուրդներ ենք, որոնց պատմությունը սկիզբ է առնում մարդկային քաղաքակրթության վաղ փուլերից, և որոնք իրենց գոյության ընթացքում բազմիցս ապացուցել են հավատարմությունը ազատության, արժանապատվության և մարդկային ստեղծագործ ոգու հանդեպ։

Հունաստանը մարդկությանը պարգևել է ժողովրդավարության գաղափարը, փիլիսոփայության և գիտության հիմնաքարերը, իսկ Հայաստանը, լինելով առաջին երկիրը, որը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն, իր ներդրումն է ունեցել համամարդկային հոգևոր ժառանգության ձևավորման գործում։ Դարերի ընթացքում մեր ժողովուրդներն իրենց ավանդն են բերել նաև ճարտարապետության, գիտության, արվեստի և մշակութային երկխոսության զարգացմանը՝ հաճախ հանդես գալով որպես կամուրջ տարբեր քաղաքակրթությունների միջև։ Այս արժեքները մեզ համար ոչ թե անցյալի հիշողություն են, այլ կենդանի ուղեցույց՝ ներկայում և ապագայում մեր քաղաքական և հասարակական ընտրությունների համար։

Մեր ժողովուրդները միասին կիսել են նաև դժվար փորձություններ։ Պատմական արդարության որոնումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությունը մեզ համար ընդհանրական բարոյական պարտավորություն են։

Այս այցը ևս մեկ կարևոր հանգրվան է Հայաստան-Հունաստան հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման ճանապարհին։ Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ երկկողմ համագործակցությունը կայուն կերպով ընդլայնվում է քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթական և մշակութային ոլորտներում։ Մեր երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքն ու վստահությունը ստեղծում են ամուր հիմք՝ համագործակցությունը նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու համար։

Հատկապես կարևոր եմ համարում տնտեսական կապերի խորացումը, ներդրումային ծրագրերի խթանումը, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակումը։ Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ նաև արդարադատության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, միջտարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերի շրջանակներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել նոր հնարավորություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարեկեցության։

Միաժամանակ, մեր երկրները հանդիսանում են կայունության և խաղաղության ջատագովներ իրենց տարածաշրջաններում։ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետևողական աջակցությունը Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ու միջազգային իրավունքի գերակայությանը։ Համոզված ենք, որ երկխոսությունը, փոխադարձ հարգանքը և համագործակցությունը տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու լավագույն ճանապարհն են։

Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները պաշտոնական փաստաթղթերից և համաձայնագրերից վեր են։ Դրանք ամրապնդված են մեր ժողովուրդների միջև քաղաքակրթական կապերով, մշակութային փոխազդեցությամբ և փոխադարձ խորը համակրանքով։ Հունաստանում ապրող հայ համայնքը և Հայաստանում մեծ հարգանք վայելող հունական համայնքը մեր բարեկամության կենդանի կամուրջներն են։

Այս երեկոն ևս մեկ վկայությունն է այն բանի, որ մեր հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև մարդկային՝ հիմնված անկեղծ ջերմության և փոխադարձ վստահության վրա։ Թող այս պետական այցը նոր շունչ հաղորդի մեր գործընկերությանը և բացի նոր էջ մեր բարեկամության պատմության մեջ։ Եվ ինչպես նշել է մեծ մտածող Արիստոտելը, բարեկամությունն է այն կապը, որը միավորում է պետությունները:

Թույլ տվեք բարձրացնել բաժակն ի պատիվ Հունաստանի Հանրապետության նախագահի և բարեկամ հույն ժողովրդի, հանուն Հայաստանի և Հունաստանի միջև դարավոր բարեկամության և ամուր գործընկերության, հանուն մեր ժողովուրդների խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի»։

***

 

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան։

Նախագահները մասնակցել են թանգարանում բացված հայ լուսանկարիչ, դիզայներ Տաթև Մնացականյանի «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսին։

Ցուցահանդեսը նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը նշանավոր գործիչների լուսանկարների և Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։

Ցուցահանդեսի բացման արարողության մեկնարկին նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Աթենքում՝ համաշխարհային քաղաքակրթության այս բացառիկ կենտրոնում, և մասնակցել Գրիգոր Նարեկացիին նվիրված «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը՝ Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում։ Այս իրադարձությունը ոչ միայն մշակութային կարևոր նախաձեռնություն է, այլև խորապես խորհրդանշական հանդիպում՝ հոգևոր ժառանգության և խաղաղության ձգտման շուրջ։

Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա։ Մեր ժողովուրդներին միավորում է ոչ միայն պատմական ճակատագրի ընդհանրությունը, այլև քրիստոնեական հավատքի, մարդասիրության և մշակույթի այն հարուստ շերտը, որն այսօր էլ շարունակում է ձևավորել մեր ինքնությունը։ Աթենքում Գրիգոր Նարեկացիի ժառանգության ներկայացումն այս բարեկամության հերթական վկայությունն է՝ կամուրջ անցյալի և ներկայի, Հայաստանի և Հունաստանի միջև։

Աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին հայ հոգևոր մտքի ամենախոր և համամարդկային դեմքերից է։ Նրա ստեղծագործությունները վաղուց դուրս են եկել ազգային սահմաններից և դարձել են համաշխարհային մշակույթի անքակտելի մասը։ Նարեկացիի գլուխգործոցը՝ «Մատյան ողբերգությունը», ոչ միայն աղոթք է, այլև մարդկային հոգու խորքերից ծնված խոստովանություն, որտեղ ցավը, մեղքը, հույսը և սերը միաձուլվում են մեկ ընդհանրական ձգտման մեջ՝ խաղաղության և ներքին հաշտության որոնում։ Ուստի պատահական չէ, որ Նարեկացին սրբադասվել է՝ հռչակվելով տիեզերական եկեղեցու վարդապետ:

«Աղոթք խաղաղության» խորագիրը համահունչ է մեր ժամանակների մարտահրավերներին։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է անորոշությունների, հակամարտությունների և արժեքային ճգնաժամերի առաջ, Նարեկացիի խոսքը հնչում է առավել արդիական, քան երբևէ։ Նա մեզ հիշեցնում է, որ խաղաղությունը միայն քաղաքական համաձայնություն չէ. այն նախ և առաջ հոգևոր վիճակ է, մարդկանց և ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման արդյունք։

Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ հավատալով, որ կայուն ու հարատև խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի։ Այս ճանապարհը հեշտ չէ, բայց այն միակն է, որը կարող է ապահովել անվտանգ ապագա մեր քաղաքացիների և ողջ տարածաշրջանի համար։ Խաղաղության օրակարգի հիմքում նույն արժեքներն են, որոնց մասին խոսում էր Նարեկացին՝ մարդկային արժանապատվություն, ներողամտություն, պատասխանատվություն և հավատ ապագայի հանդեպ։

Մշակույթը և արվեստն այս գործընթացում ունեն առանձնահատուկ դեր։ Դրանք կարող են անել այն, ինչ երբեմն չի հաջողվում քաղաքականությանը՝ ստեղծել երկխոսություն և վերականգնել վստահությունը։ Այս ցուցահանդեսը հրավիրում է մեզ խորհելու ոչ միայն անցյալի մասին, այլև ներկայում մեր ունեցած պարտավորությունների և ապագա անելիքների շուրջ։

Սիրելի՛ բարեկամներ,

Ցանկանում եմ հատուկ ընդգծել Հունաստանի կարևոր դերը մշակութային երկխոսության և խաղաղության գաղափարների տարածման գործում։ Հայ և հույն ժողովուրդների պատմական բարեկամությունը մեզ պարտավորեցնում է շարունակել այս համագործակցությունը՝ կրթության, մշակույթի, մարդասիրական նախաձեռնությունների ոլորտներում։ Մենք հավատում ենք, որ նման ծրագրերը ամրապնդում են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև նպաստում են ավելի խաղաղ ու համերաշխ միջազգային միջավայրի ձևավորմանը։

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ցուցահանդեսի կազմակերպիչներին, թանգարանի ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումն ու ջանքերն են ներդրել այս կարևոր նախաձեռնության իրականացման համար։ Ձեր աշխատանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մշակույթը կենդանի կամուրջ է ժողովուրդների միջև։

Թող Գրիգոր Նարեկացիի աղոթքը խաղաղության համար հնչի ոչ միայն այս սրահում, այլև մեր բոլորի սրտերում։ Թող այն դառնա հիշեցում, որ խաղաղությունը սկսվում է յուրաքանչյուրիցս՝ մեր մտածողությունից, մեր խոսքից և մեր գործերից»։

***

 

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։

Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ հիմնված պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։

«Ուրախ եմ այսօր գտնվել Աթենքում՝ արևմտյան քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրրանում։ Մեր ժողովուրդների և երկրների բարեկամությունը ունի խորը պատմական արմատներ, որոնց վրա կառուցված է ներկայիս համագործակցությունը։ Հունաստանի և Հայաստանի խորհրդարաններում արդյունավետ գործում են բարեկամական խմբերը, որոնք իրենց նպաստն են բերում երկու երկրների գործակցության շարունակական զարգացմանը», -նշել է նախագահը։

Իր խոսքում Նիկիտաս Կակլամանիսը նշել է. «Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Հունաստանն ու Հայաստանը կապված են պատմական, մշակութային դարավոր կապերով։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ է գտնվում Հունաստանի խորհրդարանի բարեկամական խմբի նախագահը։ Լավ առիթ կլինի քննարկելու ռազմավարական մի շարք հարցեր։

Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր արդար պահանջները, որոնք ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, կարժանանան Հունաստանի կողմից սատարման։ Ուզում եմ ընդգծել նաև հայ համայնքի դերը, որը կարևոր նշանակություն ունի։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ»։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են խորհրդարանական դիվանագիտության զարգացման և խորացման հնարավորությունները։ Կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը՝ որպես միջպետական հարաբերությունների ամրապնդման կարևոր գործիք։ Նշվել է փորձի փոխանակման, օրենսդրական գործընթացներում համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնմանը, փոխայցելությունների ակտիվացմանն ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ երկխոսության շարունակականությանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում։

***

 

Պետական այցով Աթենքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի առևտրաարդյունաբերական պալատում հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև դիվանագետներ, տարբեր ոլորտներից գործարարներ, հասարակական ու պետական գործիչներ։

Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահի հետ հանդիպման հնարավորության համար շնորհակալական խոսքով հանդես է եկել առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Իոաննիս Բրատակոսը։

Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջույնի ելույթ է ունեցել և կարևորել նմանօրինակ երկկողմ հանդիպում համաժողովների նախաձեռնումն ու հաճախակի անցկացումը։ Իր խոսքում նախագահը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի քաղաքական, պատմական, բարեկամական ու մշակութային առնչակցությունները երաշխավորում են երկու երկրների առևտրատնտեսական տարբեր օղակներում համագործակցային մեծ ներուժ, որն այսօր կարիք ունի լիարժեք իրականացման և հույս է հայտնել, որ նաև բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն տնտեսական կապերի ձևավորմանն ու ընդլայնմանը։

***

 

Պետական այցով Աթենքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում։

Ֆորումը հիմնադրվել է 2016 թվականին և համարվում է «հունական Դավոս»։ Ամենամյա համաժողովների ընթացքում այն հյուրընկալում է 1000-ից ավելի խոսնակների՝ քաղաքական գործիչների, գիտնականների և լրագրողների մասնակցությամբ, ինչպես նաև համաշխարհային առաջնորդների ներգրավմամբ։

Դասախոսության ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը, վերջին տարիներին իրականացված և նախատեսվող բարեփոխումները, ինչպես նաև երկրի տնտեսական համակարգում ընթացող փոփոխությունները։ Նախագահն անդրադարձ է կատարել տնտեսության զարգացման հիմնական ուղղություններին, տեխնոլոգիական զարգացման ներուժին և հեռանկարներին։

Միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, լրագրողներ, մասնավորապես՝Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Նիովի Ռինգուն, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների գլխավոր քարտուղար Միշել Սպինելիսը, Հունաստանի ազգային բանկի նախագահ Գիկաս Հարդուվելիսը, պատգամավոր Դիմիտրիոս Կաիրիդիսը:

***

 

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ներքաղաքական և հասարակական կյանքի վերջին զարգացումները՝ անդրադառնալով կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումներին։ Մասնավորապես, ընդգծվել են պաշտպանական կարողությունների ամրապնդման, առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման, կրթության որակի և մատչելիության ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են։ Նրա խոսքով՝ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները միտված են երկարաժամկետ և կայուն արդյունքների ապահովմանը, պետական ինստիտուտների հզորացմանը և հասարակության համախմբմանը։

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև հայրենիք-Սփյուռք կապերի առավել սերտացմանը։

Կարևորվել է համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության ընդլայնմանը։

 

 


 

← Վերադառնալ