01
10, 2020

Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը CNBC հեռուստաալիքին.

Հարց -Պարոն նախագահ, շատ շնորհակալ ենք CNBC-ին միանալու համար:Խնդրում եմ ներկայացրեք, թե ինչ իրավիճակում է Ձեր երկիրն այսօր:

- Հայաստանում շատ բարձր հայրենասիրական տրամադրություններ են: Փողոցները խիստ կազմակերպված են, ասես ամեն բան սովորականի նման է: Սակայն բոլորը մտահոգված են, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում կամ Արցախի Հանրապետությունում: Հայրենասիրական տրամադրությունը բարձր է, մեծ թվով կամավորականներ դիմում են և մեկնում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղը: Սա է հիմնական տրամադրվածությունը:

Կա մտահոգություն, և կան հարցեր: Նախ և առաջ, ինչո՞ւ է ադրբեջանական կողմը որոշել մի կողմ թողնել բանակցային սեղանը և փորձում է խնդիրը լուծել զենքի միջոցով: Ես հաստատապես համոզված եմ, որ չկա ռազմական լուծում:

Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատմական Հայաստանի մաս է եղել հազարավոր տարիներ: Այն մշտապես բնակեցված է եղել հայերով: Դա մի հիանալի լեռնային երկիր է քաջ ու հպարտ ժողովրդով՝ հայերով: Անգամ խորհրդային իշխանության տարիներին տեղի բնակչության 90 տոկոսը հայեր են եղել: Նրանք մարդիկ են, ովքեր հոգ են տանում նաև մյուսների մասին: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի ամեն գյուղում կա պատմական հատված, ամրոց կամ եկեղեցի: Որոշ հատվածներում, այդ թվում և Շուշիում, կար մզկիթ: Առաջին պատերազմից հետո տեղի բնակիչները, դրսի մարդկանց աջակցությամբ, վերանորոգել են այդ մզկիթը: Այսինքն, այս պատերազմը կամ հակամարտությունը էթնիկ պատկանելության կամ կրոնի մասին չէ, սա այս հպարտ մարդկանց մասին է, ովքեր մշտապես բնակվել են սեփական հողի վրա: Սակայն խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում նրանք, ինչպես և Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը կամ Ուկրաինան, եղել են ինչ-որ առումով կայսրության մի մաս: Եվ երբ այդ կայսրությունը սկսեց ճաքեր տալ, մարդիկ, որոնք մշտապես արտահայտել են այն գաղափարը, որ ցանկանում են լինել սեփական ճակատագիրը որոշողները, 1991 թվականին Լեռնային Ղարաբաղում ԽՄ օրենքներին համապատասխան անցկացված հանրաքվեում քվեարկեցին և որոշեցին անկախ լինել: Նրանք չեն հայտարարել, որ ցանկանում են լինել Հայաստանի մաս, հայտարարել են, որ ուզում են անկախ լինել և վճռել սեփական ճակատագիրը: Սակայն, դժբախտաբար, ադրբեջանական կողմից արձագանքը 20-րդ դարին անհամապատասխան էր: Այն ավելի շատ հիշեցնում էր միջնադարը:

Հարց- Կամ ավելի շատ նման է Առաջին համաշխարհային պատերազմին:

- Դա ուրիշ պատմություն է, սա ինձ հիշեցրեց միջնադարը, երբ Շոտլանդիան պայքարում էր իր անկախության համար: Ինչ էին անում Անգլիայի թագավորները՝ նրանք բանակ էին ուղարկում և շոտլանդացիների կյանքն Անգլիայում պարզապես անտանելի էին դարձնում: 20-րդ դարում Շոտլանդիան որոշեց անկախության հանրաքվե անցկացնել, և բրիտանական կառավարությունը համաձայնեց: Նրանք նորմալ՝ մարդկային ձևով հանրաքվե անցկացրեցին:

Հարց- Դուք նկարագրեցիք, որ իրավիճակը Հայաստանում, կապված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ավելի լավատեսական է: Երբ ավելի լայն եք մոտենում հարցին, արդյո՞ք մտահոգված եք միջազգային հանրության արձագանքով: Մի կողմից Թուրքիան է ներգրավված, Ռուսաստանը, թվում է, որ ներգրավված է մյուս կողմից:

- Հարցն այն է, որ Թուրքիան ոչ թե թվում է, թե ներգրավված է, այլ՝ իսկապես ներգրավված է հակամարտության մեջ և դա անում է բացեիբաց: Երեկ ես խոսում էի Արևմուտքում իմ լավ բարեկամներից մեկի հետ, և նա ասում էր. «Թվում է, թե մենք ունենք առաջին փուլի արդյունքները»: Երբ ես հարցրեցի, թե ո՞րն է առաջին փուլը, նա ասաց, որ առաջին փուլի արդյունքն այն է, որ Ադրբեջանը ձախողել է Լեռնային Ղարաբաղը նվաճելու համար արագ պատերազմը: Երկրորդը այն է, որ թուրքական ներկայությունն է Նախիջևանում, որն անկլավ է Հայաստանի ու Թուրքիայի միջև և պատկանում է Ադրբեջանին ու նույնպես պատմականորեն հայկական տարածք է եղել: Անգամ անունը՝ Նախիջևան, նշանակում է «առաջին իջևան»: Մոտ լինելով Արարատ լեռանը՝ այս անվանումը կապվում է Նոյի առասպելի հետ. երբ Նույն իջնում է Արարատ լեռից, այն առաջին կանգառն է լինում, որտեղ գիշերում է: Ներկայում այդտեղ Թուրքիան ունի հսկայական ռազմական ներկայություն, որն, անկասկած, զուգորդվում է նաև քաղաքական ներկայությամբ:

Ադրբեջանում ոչ միայն թուրք խորհրդականներ են, այլև վարձկաններ, Սիրիայից բերված զինյալներ...

Հարց- Կարծո՞ւմ եք՝ սա առաջին քա՞յլն է՝ հարձակվելու Ձեր երկրի վրա, թե՞ կարելի է զսպել:

- Հուսով եմ, որ ցանկացած բան հնարավոր է զսպել: Սակայն դա, անկասկած, Հայաստանին սպառնալու համար է, քանի որ Հայաստանը Թուրքիայի այս կառավարության համար խնդիր է համարվում: Եթե ուսումնասիրեք Թուրքիայի ներկայիս կառավարության գործունեությունը, թվում է, թե նրանք իրենց շուրջը 360 աստիճանով խնդիրներ ունեն ՝ Միջերկրական ծովում, Հունաստանում, Լիբիայում, Իրաքում, ամենուր: Նրանք խնդիրներ են ստեղծում ամենուր: Բայց Հայաստանը հատուկ է, քանի որ 105 տարի առաջ հայերի քրիստոնյա լինելու, Առաջին համաշխարհային պատերազմի պատճառաբանությամբ Թուրքիան սկսեց ժողովրդի ցեղասպանությունը՝ ցանկանալով ոչնչացնել մի ամբողջ ազգ:

Հարց- Դա Ցեղասպանություն էր, որն ԱՄՆ կողմից ճանաչելու համար տարիներ պահանջվեցին: Դուք հավատո՞ւմ եք, որ ԱՄՆ-ը կարող է այս հակամարտությունում միջնորդի դեր ստանձնել:

- Թույլ տվեք ավարտել իմ պատասխանը: Մինչ Թուրքիան մեծապես ներգրավված է այստեղ, նրանք օգտագործում են մի հնարք, որն անում են միշտ՝ օգտագործում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների գործոնը, իբր նրանք այստեղ են և այլն։ Այժմ հայտարարում են, թե իբր Հայաստանը վտանգ է միջազգային էներգակիր նավթամուղի համար, ինչը բացարձակ անհեթեթություն է: Այդ նավթամուղը գոյություն ունի ավելի քան 20 տարի: 20 տարի առաջ Հայաստանը շատ ավելի հզոր էր, քան Ադրբեջանը, քանի որ վերջինս չուներ շատ գումար: Եվ երբ այդ նավթամուղի կառուցման առաջին փուլն էր, Հայաստանը կարող էր կրակել դրա ուղղությամբ, առաջին 100 մետր խողովակի վրա, սակայն չարեց դա: Պատկերացրեք, եթե Հայաստանը կրակեր, և նավթամուղը չլիներ, Ադրբեջանն այս 20 տարվա ընթացքում չէր կարողանա միլիարդավոր դոլարներ աշխատել և դրանց միջոցով գնել զինամթերք Հայաստանի դեմ կռվելու ու հայերին սպանելու համար: Եթե մենք դա չենք արել 20 տարիների ընթացքում, ինչու պետք է ուզենք դա անել հիմա, ո՞րն է նպատակը: Դա նույնն է, ինչ կրակես ոտքիդ: Ի՞նչ ենք մենք դրանով շահելու: Ադրբեջանն արդեն իսկ վաստակել է միլիարդավոր դոլարներ: Մենք երբեք նման արձագանք չենք դրսևորել, չենք կրակել նավթամուղի վրա: Սակայն Թուրքիան պնդում է, և այժմ այդ երկիրը մտել է Ադրբեջան, այնտեղ է տեղադրել իր զինուժը, հրթիռները, F-16-ները՝ իբր նավթամուղը պաշտպանելու համար, ինչը բացարձակ անհեթեթություն է:

Հարց- Արդյո՞ք այս ամենը էներգետիկ ոլորտի քարտեզը վերաձևելու համար է: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար է արվում այս ամենը, ինքնիշխանությա՞ն:

- Սա էներգետիկ խնդիր չէ, քանի որ այստեղ որևէ սպառնալիք չկա: Ադրբեջանը կարող է ունենալ ևս 10 նավթամուղ: Ինչպես ասացի՝ տրամաբանական է, որ եթե ուզեինք կրակել, դա կանեինք 20 տարի առաջ, բայց ոչ հիմա: Ինչո՞ւ պետք է դա անենք: Դա նույն անտրամաբանական պնդումն է այն մասին, թե իբր Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա: Ինչո՞ւ պետք է Հայաստանը պատերազմ սկսի՝ ցանկանալով այն, ինչ արդեն ունի:

Թուրքիան, որը Նախիջևանում շատ ամուր դիրքերի վրա է, այս պատերազմի միջոցով Ադրբեջանում իր ներկայությունը շատ ավելի կուժեղացնի և կշարունակի պատմել լեգենդն այն մասին, թե իբր Հայաստանը սպառնալիք է նավթամուղի համար՝ փորձելով մնալ այնտեղ: Այս կերպ նրանք ավելի մեծ ազդեցություն կունենան այն ամենում, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայկական կողմից չկա ռուսական ներգրավվածություն, չկան ռուս զինվորներ, հրամանատարներ, գեներալներ: Այո, Հայաստանում՝ Թուրքիայի հետ սահմանին կա ռուսական ռազմաբազա, սակայն այն այդտեղ է, քանի որ մենք Թուրքիայի հետ վատ պատմություն ունենք՝ Ցեղասպանությունը:

Հայաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա որևէ երկրի և մասնավորապես Թուրքիային՝ ևս մեկ ցեղասպանություն իրականացնել և ստիպել հայերին հեռանալ Լեռնային Ղարաբաղից՝ ավարտի հասցնելով այն, ինչը չկարողացավ անել 105 տարի առաջ: Ոչ ոք դա թույլ չի տա՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այլև միլիոնավոր հայեր, ովքեր բնակվում են Ռուսաստանից մինչև Կենտրոնական Ասիայում և Միացյալ Նահանգներում:

Հարց- Խոսելով այս ամենի մասին ավելի լայն՝ տարածաշրջանային համատեքստում, արդյո՞ք Թուրքիայի նախագահ Էրդողանը տարված է անկայունություններ ստեղծելով ...

- Քանի որ ես Հանրապետության նախագահ եմ, ես դրամատիկ գնահատականներ չեմ տա այլ երկրների ղեկավարներին: Սակայն եթե ես ազատ մարդ լինեի, և մենք լինեինք Դավոսում, գուցե ես պատասխանեի Ձեր հարցին: Թող Թուրքիան որոշի, թե ինչպիսին է իրենց նախագահը, և թե ուր է շարժվում իրենց երկիրը: Այն, ինչ մենք տեսնում ենք, հետևյալն է՝ Թուրքիան ահաբեկում է իր բոլոր հարևաններին՝ 360 աստիճանով:

Այսօր յուրաքանչյուր երկիր կանգնած է մի շարք խնդիրների առջև, որոնք կապված են տնտեսական անկման և, իհարկե, կորոնավիրուսի հետ: Այս աշխարհը կտրուկ փոխվել է, և շատերը չեն հասկանում, թե ինչպես պետք է ապրել այս նոր քվանտային աշխարհում։ Սակայն իրականությունն այն է, որ մարտահրավերները մեծ են՝ սկսած COVID-ից: Այն դեպքում, երբ ձեր երկրի, մեր երկրի բնակիչները դիմակայում են կորոնավիրուսին, ինչո՞ւ եք ցանկանում մեկ այլ պատերազմ սկսել: Դա անմարդկային է:

Այս տեսանկյունից, ձեր հարցը՝ թե ով կարող է միջնորդ լինել և կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ը լինել այդ միջնորդ երկիրը... Իմ խորին համոզմամբ, արդյունք ունենալու համար շատ կարևոր է, որ առաջին հերթին կողմերի միջև վստահություն ձևավորվի: Վստահության մթնոլորտ ստեղծելու համար կա միայն մեկ ճանապարհ՝ խոսել: Դա ճիշտ մոտեցում է ընտանեկան, հայրերի և որդիների, հասարակության, նախագահի և ժողովրդի, ինչպես նաև հարևանների հետ հարաբերությունների դեպքում: Պետք է երկխոսել, խոսել միմյանց հետ: Բարեբախտաբար, 1994 թ. հրադադարի հաստատումից հետո միջազգայնորեն ճանաչված և բավական ծանրակշիռ հարթակ է ձևավորվել, որը ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ իր երեք համանախագահող երկրներով, որից մեկը ԱՄՆ-ն է, ինչպես նաև Ռուսաստանը և Ֆրանսիան: Ամեն ինչ կա, և հարցն այն է, թե ցանկանո՞ւմ ես արդյոք երկխոսել, բանակցել, թե՞ նախընտրում ես պատերազմել: Պատերազմը խլում է ոչ միայն զինվորների, այլ նաև քաղաքացիական բնակչության կյանքը: Հայաստանում խաղաղ բնակչության շրջանում ունենք զոհեր՝ սկսած տատիկից մինչև երեխաներ: 21-րդ դարում սա անընդունելի է: Բանակցողները, միջնորդները կան, և կարծում եմ, Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին պետք է կամք դրսևորի և վերադառնա բանակցություններին: Ոչ ոք չի ասում, որ բանակցությունները հեշտ են և հաջողությամբ կպսակվեն ու կհանգեցնեն խնդրի լուծմանը: Ոչ ոք չի ասում որ, դու մշտապես պետք է գոհ լինես բանակցող կողմից, սակայն դա է միակ հիմքը և ուղին: Դա է միակ ուղին՝ հասնելու այն ամենին, ինչ մենք ցանկանում ենք՝ խնդրի վերջնական լուծում:

Հարց-Ադրբեջանն իրականացնում է Եվրոպայի էներգետիկ մատակարարումների 5 տոկոսը, մատակարարում է նավթ և գազ: Դա փրկօղակ է Եվրոպայի համար՝ խուսափելու Ռուսաստանից էներգետիկ առումով կախված լինելուց: Այս ամենը հաշվի առնելով, երբ խոսվում է միջնորդության և դրա միջոցով ձեզ աջակցելու մասին, պատմական համատեքստը հաշվի առնելով ...

-Տվեք ինձ փաստեր, որ նրանք 5 տոկոս են մատակարարում Եվրոպային: Շատ լավ: Թող տան 10 կամ 15 տոկոս: Այդ ամենում կա՞ արդոք սխալ բան: Եվրոպային 5 տոկոս էներգիայի մատակարարում իրականացնելու մեջ սխալ բան կա՞: Ինչու եք ցանկանում դա կապել Լեռնային Ղարաբաղում հայերին սպանելու և ժողովրդին ոչնչացնելու հետ: Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Կարծում եմ, որ կարող է շարունակել մատակարարել: Հայաստանը երբևէ սպառնալիք չի եղել այս հարցում: Միևնույն ժամանակ, Հայաստանի ժողովուրդը, ինչպես Շոտլանդիայի կամ շատ այլ երկրների, ներառյալ նախկին Հարավսլավիայի երկրների ժողովուրդները, իրավունքներ ունի: Նրանք ապրում են ա՞յլ մոլորակի վրա, թե՞ ուրիշ արժեքներ կան նրանց համար՝ եվրոպական կամ գլոբալ արժեքներ: Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է իրավունք ունենան ապրել իրենց հազարամյա հայրենիքում՝ իրացնելով ժողովրդավարությունը և այն ամենն, ինչ անհրաժեշտ է:

Երբ խոսում եք 5 տոկոս էներգետիկ մատակարարման մասին, ցանկանում եմ նշել, որ այս աշխարհի ապագան նավթը չէ: Եթե 30 տարով առաջ գնաք, կտեսնեք, որ նավթը չի գերակշռելու, այն փոխարինվելու է արևային էներգիայով, ինչպես նաև ատոմային կամ կենսաբանական այլ լուծումներով: Բոլորս գիտենք, թե նավթն ինչքան շատ վնաս է հասցնում կլիմային: Սակայն այսօրվա ամենամեծ արժեքը, առաջնորդը տվյալը, տեխնոլոգիաներն են: Տվյալների ընկերությունները 10 անգամ ավելի մեծ են, քան խոշորագույն նավթային ընկերությունները: Մենք չենք կարող հենվել այն հանգամանքի վրա, որ ինչ-որ մեկը աջակցում է մյուսին, և ուստի մարդու իրավունքները, մի ամբողջ ազգի իրավունքնները պետք է խախտվեն: 2050 թվականին աշխարհը բոլորովին այլ է լինելու: Աշխարհը կկառավարեն այն երկրները, որոնք տվյալների կառավարման գիտելիքներ և հմտություններ կունենան: Նավթը ժամանակավոր է, ինչպես ածուխն էր, որից առաջ փայտն էր ժամանակավոր, ինչպես միջուկային էներգիան է: 2000 անգամ ավելի շատ էներգիա է ստացվում արևից, քան մենք ամբողջ աշխարհում օգտագործում ենք: Ինչո՞ւ ենք նավթը իդեալականացրել: Ինչո՞ւ ենք ոչնչացրել ազգերի և երկրների միջև հարաբերությունները մի բանի համար, որը շատ ժամանակավոր է:

Հարց- Ո՞րն է լինելու ավարտը: Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ բոլոր կողմերը հավաքվեն մեկ սեղանի շուրջ: Աշխարհն այսօր զբաղված է այլ խնդիրներով՝ կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, ԱՄՆ նախագահական ընտրություններ, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններ: Ցավոք, այս խնդրին համարժեք և անհրաժեշտ միջազգային ուշադրություն դեռ չկա: Ձեր կարծիքով՝ այդ անհրաժեշտ ուշադրությանն արժանանալու համար ի՞նչ պետք է արվի:

-Պետք է հասկանալ, որ եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար:

Հարց- Դա նշանակո՞ւմ է, որ մեծ խնդիրներ կլինեն էներգետիկ ոլորտում, քանի որ կապված է գազի խողովակաշարերի հետ:

-Ոչ, ոչ: Այս հարցը միայն մեկ հարթության մեջ մի դիտարկեք: Այս աշխարհը շատ ավելի բարդ է, քանի որ դա ազգային շահերի, կայունության, առևտրի, լոգիստիկայի և շատ այլնի մասին է: Մենք չենք կարող երկրների միջև հարաբերությունները պարզեցնել և դիտարկել միայն էներգետիկ առումով: Մենք չենք կարող այս հարցը այդչափ պարզեցնել: Պատկերացրեք՝ Կովկասը դառնա ևս մեկ Սիրիա:

Հարց- Դա կպատահի՞:

-Հույս ունեմ՝ ոչ, քանի որ դա մեծ ողբերգություն կլինի բոլորի համար ամբողջ աշխարհում: Դուք նշեցիք, որ Ղարաբաղում 150 հազար մարդ է ապրում, բայց մի մոռացեք, նրանք հայեր են, և կապ չունի՝ 150 հազար են, թե՞ 250 հազար: Հայերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամբողջ խնդիրը կապում են իրենց հավատքի և պատմության հետ: Նրանք սա ընդունում են որպես Ադրբեջանի օգնությամբ Թուրքիայի կողմից մեկ այլ ցեղասպանության իրականացում: Սա հայերի համար անընդունելի է: Պայքարը կշարունակվի, և հայերը կապացուցեն, որ այս խնդիրն ուժի միջոցով չի լուծվելու, և մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղան, որին պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության միջոցով: Հիշում եմ, որ 30 տարի առաջ, երբ պատերազմ էր, ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանն էի, և իմ ընկերներից, գործընկերներից շատերը ասում էին, որ հայերն այդ պատերազմում պարտվելու են, քանի որ Ադրբեջանը երեք անգամ ավելի մեծ է և երեք անգամ ավելի մեծ բանակ ունի, ունի նաև Թուրքիայի աջակցությունը: Իսկ ինչ պատահեց․․․

Մեր քաղաքական կյանքը և այս աշխարհի իրականությունները թվաբանություն չեն։ Ամեն ինչ շատ ավելի բարդ է: Փաստացի, այն շատ բարդ հանրահաշիվ է: 1994-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արեց նույնը և հաղթեց պատերազմը՝ առանց մեծ զենքերի: Նրանք պաշտպանեցին իրենց հայրենիքը: Սա մաթեմատիկա չէ: Սա այն մասին է, թե ինչքան շատ մարդ ունես, որ պատրաստ է զոհվել իր երկիրը պաշտպանելու համար: Նրանք պաշտպանում են իրենց հողը, իսկ ադրբեջանցիները՝ ոչ: Այս ամենում մեծ տարբերություն կա:

Իմ ուղերձը հետևյալն է՝ պատերազմը լուծում չէ, պետք է վերադառնալ բանակցությունների սեղան և այս աշխարհն ավելի անվտանգ դարձնել: Մեզ պետք չէ մեկ այլ անկայուն տարածաշրջան Կովկասում:

-Շնորհակալություն:

← Վերադառնալ