Արիության մեդալ

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար:

Մարտական ծառայության մեդալ

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Մխիթար Գոշի մեդալ

Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Մխիթար Հերացու մեդալ

Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար:

Անանիա Շիրակացու մեդալ

Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար:

Մովսես Խորենացու մեդալ

Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

Երախտագիտության մեդալ

Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

«Աշխատանքային վաստակի համար» մեդալ

«Աշխատանքային վաստակի համար» մեդալը շնորհվում է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար:

Ծնողական փառքի մեդալ

Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ: