«Մարտական խաչ» շքանշան

 

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:
«Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:
«Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են`
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար.
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են`
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար.
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` ցուցաբերած արիության համար:

 

 

← Վերադառնալ