30
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Ալիկ Սարգսյանին

album picture
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկ Հարությունյանին` երկարատեւ եւ բարեխիղճ աշխատանքի համար եւ նշել, որ նա արդեն ինը տարի ղեկավարում է համակարգը` սկզբում որպես Ներքին գործերի նախարար, ապա` ոստիկանապետ, իսկ համակարգում ընդհանրապես ղեկավար պաշտոններ է զբաղեցնում 16 տարուց ավելի: Ընդգծելով, որ սա գրեթե մի ամբողջ կյանք է, Սերժ Սարգսյանն ասել է. «Բոլորդ հասկանում եք, որ որեւէ պաշտոն, որեւէ պետական ծառայություն հավեժ չէ, եւ փոփոխություններն անհրաժեշտ են»: Նա նաեւ ավելացրել է, որ Հայկ Հարությունյանի ծառայությունները բարձր են գնահատվել պետության կողմից, նա արժանացել է շքանշանների, մեդալների, ոստիկանական համակարգի բարձրագույն գեներալ-գնդապետի կոչմանը, եւ, իրավմամբ, կարող է հպարտանալ իր անցած ճանապարհով:

Ըստ Նախագահի, նորանշանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ութը տարի առաջ համակարգից տեղափոխվել է այլ աշխատանքի, եւ այդ աշխատանքում իրեն դրսեւորել է որպես լավ կազմակերպիչ, մարդ, ով կարող է լուծել իր առջեւ դրված խնդիրները:

Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նոր ոստիկանապետը կկարողանա միավորել ոստիկանության ջանքերը, որպեսզի ոստիկանությունը լինի ավելի պրոֆեսիոնալ, ոստիկանությունում աշխատողները լինեն սոցիալապես ավելի ապահով, եւ ոստիկաններն ու ոստիկանությունն ամբողջապես կարողանան կատարել իրենց առաքելությունը:

Երկրի ղեկավարը ոստիկանության բարձրագույն կազմին կոչ է արել նոր տեսանկյունից նայել իրենց պարտականություններին եւ նոր թափով ձեռնամուխ լինել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին` իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար եւ ասել, որ քաջ գիտակցում է իրեն վստահված գործի կարեւորությունը, ծանրությունն ու ահռելի պատասխանատվությունը: Նա խոստացել է գործընկերների հետ միասին ջանք ու եռանդ չխնայել հասարակական կարգի ամրապնդման, հանցավորության եւ նրա տարբեր դրսեւորումների դեմ նպատակաուղղված ու անզիջում պայքար ծավալելու ուղղությամբ: Նա ասել է, որ անելու է ամեն ինչ` յուրաքանչյուր ոստիկանի մարդկային արժանապատվությունն ու պրոֆեսիոնալ հեղինակությունը բարձր պահելու, ոստիկանական համակարգի աշխատակիցների իրավական եւ սոցիալական պաշտպանվածության խնդիրները լուծելու համար: Նորանշանակ ոստիկանապետն իր գերխնդիրն է համարել ոստիկանության անբասիր աշխատանքի արդյունքում նրա նկատմամբ մեր հասարակության, մեր ժողովրդի վստահության ու հավատի բարձրացումն ու ամրապնդումը:

← Վերադառնալ