08
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

album picture
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Նախագահի վերակսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել Երեւանի վարչական սահմաններում եւ մերձակա տարածքում շահագործվող հանքավայրերում, որոնցից արդյունահանվող օգտակար հանածոները հիմնականում օգտագործվում են որպես շինանյութ կամ հումք` շինանյութերի արտադրության համար:

Հանրապետության նախագահի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուսունասիրության արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների, էկոնոմիկայի, բնապահպանության նախարարները, Երեւանի քաղաքապետը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, պետական եկամուտների կոմիտեի ղեկավարները:

Հանրապետության նախագահն ասել է, որ հարկային դաշտի բարելավման, ստվերի դեմ պայքարի շրջանակում պարբերաբար տարբեր ոլորտներում անցկացվելու են նմանատիպ ուսումնասիրություններ:
Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացնելով ուսումնասիրության ընթացքում տեղ գտած թերացումները, խախտումներն ու բացթողումները, նշել է, որ թաքցվել են օգտակար հանածոների իրական ծավալները, չեն վճարվել դրանց համապատասխան բնավճարները, եւ որպես հետեւաք` արդյունահանված օգտակար հանածոն կամ դրանից ստացված արտադրանքն իրացվել է ստվերում: Նրա խոսքով, գրանցվել են նաեւ ապօրինի հանքարդյունահանման փաստեր, բազմաթիվ հանքավայրեր գործում են իրենց հատկացաված տեղամասերից դուրս, շատ հանքավայրեր շահագործման են տրվել առանց լիազոր մարմնի կողմից հանձնման-ընդունման, ինչի հետեւանքով հնարավոր չէ արձանագրել դրանց մեկնարկային վիճակը:

Ստեղծված իրավիճակը գնահատելով բարձիթողի եւ խիստ մտահոգիչ, Նախագահն ակնհայտ է համարել պատասխանատու նախարարությունների ոչ պատշաճ վերահսկողությունը ոլորտի նկատմամբ:
Երկրի ղեկավարը պահանջել է համապատասխան լիազոր մարմինների` էներգետիկայի եւ բնական ռեսուրսների, բնապահպանության նախարարությունների եւ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողական գործառույթների ուժեղացում, տեղեկատվության կենտրոնացում, որը թույլ կտա ոլորտը դարձնել շատ ավելի թափանցիկ: Առաջնային է համարվել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավումը:

Նախագահը նաեւ հանձնարարել է քայլեր ձեռնարկել պետության հասցված վնասների վերականգնման ուղղությամբ:

← Վերադառնալ