09
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ:

Մարզպետը Հանրապետության Նախագահին զեկուցել է 2008թ. ընթացքում Արմավիրի մարզում կատարված եւ այս տարվա կտրվածքով ծրագրավորված աշխատանքները: Նախագահ Սարգսյանին զեկուցվել է նաեւ իր նախընտրական ծրագրով ենթադրվող եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարզի բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել եւ համապարփակ քայլեր ձեռնարկել ինչպես ոռոգման ջրի ապահովման, այնպես էլ արտադրված գյուղմթերքների իրացման ուղղությամբ: Արմավիրի մարզպետը տեղեկացրել է, որ շուտով կմեկնի Սվերդլովսկի մարզ` գյուղմթերքների իրացման հետ կապված համապատասխան պայմանագրեր ստորագրելու նպատակով: Արմավիրի մարզպետը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության այդ մարզի պատվիրակությունն իր հերթին պատրաստվում է ժամանել Հայաստան եւ համապատասխան պայմանագրեր ստորագրել արտադրողների հետ: Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում Արմավիրի մարզում Սվերդլովսկի տրակտորի գործարանի մասնաճյուղ կառուցելու ուղղությամբ:

← Վերադառնալ