21
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է "ՄԻԱՍԻՆ" երիտասարդական շարժման ստեղծման առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 21-ին մասնակցել է "ՄԻԱՍԻՆ" երիտասարդական շարժման ստեղծման առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը:

“ՄԻԱՍԻՆ” շարժումը հիմնվել է 2008թ. փետրվարին: Շարժմանն անդամակցում են մի քանի հազար երիտասարդներ` Երեւանում եւ Հանրապետության գրեթե բոլոր մարզերում:

Ինչպես նշել են միջոցառման մասնակիցներն, իրենց համախմբել է Հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, եվրոպական արժեքների արմատավորմանը, ժամանակակից, քաղաքակիրթ երկիր կառուցելու գործընթացին մասնակից լինելու մեծ ցանկությունը: Նրանք շեշտել են, որ ինչպես ամենուրեք, Հայաստանում եւս երիտասարդությունն է, որ պետք է ստանձնի համարձակ բարեփոխումների եւ արդիականացման համար սոցիալական բազայի ու ակտիվ պաշտպանի գործառույթը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Նախագահ Սարգսյանը ցանկություն է հայտնել միասնական ուժերով կառուցել մի այնպիսի երկիր ու հասարակություն, որտեղ հարգի է տաղանդը, գնահատվում են մարդու մտավոր ընդունակություններն ու կարողությունները: "Կարող, մտածող մարդը մշտապես պետք է պահանջարկ ունենա",- ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել. "Ես ինձ դասում եմ այն մարդկանց շարքին, ովքեր կարծում են մեր այսօրվա երիտասարդությունն ավելի մեծ հնարավորությունների տեր է, եւ շատ ավելի մեծ հաջողությունների է հասնելու: Նրանք մեր հասարակության մեջ մշտապես ունենալու են իրենց արժանի տեղ, լինելու են ակտիվ եւ նախաձեռնող":

Խոսելով ազգային խնդիրների մասին, Սերժ Սարգսյանն ասել է, որ մեր երկրում ամենամեծ երիտասարդական կառույցը հայկական բանակն է, քանի որ Հայրենքի սահմաններն առաջին հերթին պաշտպանում են 18-20 տարեկան մեր զինվորները:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հետայսու եւս աջակցել երիտասարդությանը, եւ ընդհանրապես բոլոր այն միավորումներին ու մարդկանց, ում նպատակը բարի է, ում նպատակը մեր երկրի հզորության համար մի աղյուս դնելն է եւ ուժեղ, բարեկեցիկ Հայաստան կառուցելը:

← Վերադառնալ