26
02, 2009

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ Բունդեսթագի պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարկուս Մեքելին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Բունդեսթագի պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարկուս Մեքելին եւ ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Մելանի Մոլթմանին:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են նոր տեմպերով: Երկրի ղեկավարը կառուցողական է որակել վերջերս անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իր հանդիպումը:

Հանրապետության նախագահը նաեւ երախտագիտությամբ ասել է, որ զարգացման համագործակցության բնագավառում Գերմանիան Հայաստանի երկրորդ դոնոր երկիրն է, ինչպես նաեւ` խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերներից մեկը: Ըստ Սերժ Սարգսյանի, գերմանական բիզնեսի մոտ որոշակի վստահություն է ձեւավորվել Հայաստանի գործարար միջավայրի նկատմամբ, եւ պատահական չէ, որ մեր երկրում ներկայումս գործում են գերմանական կապիտալով 94 ձեռնարկություններ: Երկու երկրների միջեւ 2008թ. արդյունքներով ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար, իսկ գերմանական ներդրումները` 250 մլն ԱՄՆ դոլար: Նշելով, որ սրանք Հայաստանի համար բավականին տպավորիչ թվեր են, եւ վկայում են երկխոսությունը բարձր մակարդակի ու անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման մասին, Նախագահն ասել է, որ, այնուամենայնիվ, անելիքներ դեռեւս շատ կան:

Մարկուս Մեքելի խոսքով, ինքը Բունդեսթագի այն պատգամավորներից է, ովքեր կարծում են, որ Եվրամիությունը Հարավայի Կովկասի տարածաշրջանում ավելի ակտիվ քաղաքականություն պետք է վարի: Նա նշել է, որ Մյունխենում հնարավորություն է ունեցել լսել Հայաստանի նախագահի ելույթը եւ հարցեր ուղղել հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ: Այսօր եւս Հանրապետության նախագահը հանգամանորեն ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զարգացումները եւ պաշտոնական Երեւանի մոտեցումները:

Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին:

← Վերադառնալ