20
03, 2009

ՀՀ քաղաքական կուսակցությունների նախագահների հետ քննարկում` "Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը" թեմայով

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ քաղաքական կուսակցությունների նախագահներին հրավիրել է երկրորդ թեմատիկ խորհրդակցությանը` "Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը" թեմայով:

Երկրի ղեկավարն իր բացման խոսքում ասել է. "Այս ձեւաչափով մեր երկրորդ հանդիպումն է: Հիշում եք, առաջին հանդիպման թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ընթացքն էր: Հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ասելիք ունեին, այդ հնարավորությունը ստացան, ովքեր խնդիրներ ունեին բարձրացնելու, այս դահլիճում այդ խնդիրները բարձրաձայնեցին: Մենք էլ մեր հերթին փորձեցինք պատասխանել այդ հարցերին, փորձեցինք տեսանելի դարձնել այն ճանապարհները, որոնցով մենք նպատակադրված էինք առաջ շարժվելու: Եւ կարծում եմ, որ այդ փորձը հաջողված փորձ էր:

Այսօր աշխարհի ուշադրության ու քննարկումների կիզակետում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, որի ազդեցությունն իրենց վրա այս կամ այն չափով զգում են բոլոր պետությունները: Հայաստանն ու մեր տնտեսությունը մեկուսացված կղզիներ չեն, եւ մեր երկիրը նույնպես զգում է ճգնաժամի ազդեցությունը: Խնդրո առարկայի շուրջ քաղաքական կուսակցությունների կողմից բազմաթիվ տեսակետներ են հնչեցվում, հրապարակայնորեն ներկայացվում են մոտեցումներ, եւ այժմ լավ առիթ է դրանք մեկտեղելու, քննարկելու, մտքեր փոխանակելու համար:

Այս խորհրդակցության անցկացումը ժամանակի պահանջն է, եւ կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրն ասելիք ունի: Անկախ մեր կամքից` մուտք ենք գործում համաշխարհային ու տարածաշրջանային այնպիսի փոփոխությունների փուլ, որտեղ յուրաքանչյուրիս մոտեցումները միմյանց համար պետք է լինեն լսելի եւ, եթե հնարավոր է, դառնան ընդհանուր տեսակետ ու մոտեցում:

Ֆինանսատնտեսական ճգնաժամն այսօր ստիպել է զարգացած երկրներին այնպիսի փոփոխությունների գնալ, որոնք նախկինում պարզապես անընդունելի կհամարվեին: Ցավոք, դեռեւս որեւէ մեկը չի կարողացել ճիշտ դեղատոմս գտնել: Հասկանալի է, որ նման իրավիճակը Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւս ստիպել է գնալ ոչ ստանդարտ լուծումների: Այդ մասին վարչապետն ու կառավարության անդամները մշտապես իրազեկում են հանրությանը: Մենք դեռ կլսենք վարչապետին, իսկ ես ուզում եմ համառոտ անդրադառնալ մեր` քաղաքական կուսակցություններիս ու լայն հանրության դերակատարմանը: Եթե հարկ կա, կարող եմ մեկ անգամ եւս բարձրաձայնել այն, ինչը պետք է որ առանց ասելու էլ ընկալելի լինի. ճգնաժամը բոլորիս խնդիրն է, ոչ միայն կառավարության, ճգնաժամի մեղավորները մենք չենք` հայաստանցիներս չենք, սա հայաստանյան երեւույթ չէ, բայց միեւնույն ժամանակ ես կարծում եմ, ճիշտ է նաեւ այն մոտեցումը, որ կառավարությունը, իշխանություններն իրավունք չունեն թաքնվելու ճգնաժամի թիկունքում եւ սեփական սխալները, սեփական բացթողումները վերագրեն միայն ու միայն ճգնաժամին: Իրողությունն այն է, որ եթե միակամ չդիմագրավենք այս ճգնաժամին, տուժելու ենք բոլորս, ողջ հասարակությունով: Թողնել կառավարությանը միայնակ այս վտանգի դեմ` առնվազն անխոհեմ է: Նորից եմ կրկնում` համընդհանուր լուծումներ պարզապես չկան. միգուցե սա այն դեպքն է, երբ իսկապես հարկ կա հեծանիվ հորինել:

Մեր ժողովուրդը ոչ ստանդարտ իրավիճակներում ոչ ստանդարտ լուծումներ գտնելու հսկայական ներուժ ունի, եւ մեկ անգամ չէ, որ մեր պատմության ընթացքում սա ապացուցվել է: Հիմա մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի լիարժեք իրականացման ժամանակն է: Ըստ էության շատ պարագաներում պրոբլեմներն ու հաջողությունները հանդես են գալիս փոխկապակցված, եւ ակնհայտ է, որ լուրջ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է պրոբլեմներ հաղթահարել, եւ բացառիկ չեն այն դեպքերը, երբ այսպիսի պարագաներում հաջողությունը լինում է շատ ավելի մեծ, քան դրան սպասում ես: Ես կարող եմ այդպիսի մեկ օրինակ բերել` մեր արցախյան ազատամարտը, մեր ազատագրական ողջ պայքարը:

Այս ընթացքում Հայաստանի կառավարությունը ակտիվորեն քննարկումներ է անցկացնում փորձագիտական լայն շրջանակների հետ, մշտական համագործակցության մեջ է համաշխարհային ֆինանսական կառույցների առաջատար մասնագետների հետ, մանրամասն վերլուծվում են այլ երկրներում իրականացվող քայլերն ու մեր երկրի անկախ փորձագետների հրապարակային եւ ուղղակի արված առաջարկությունները: Սա իհարկե ճիշտ ճանապարհ է: Բայց ես գտա, որ քաղաքական կուսակցությունների հետ այսօրինակ քննարկում է անհրաժեշտ հենց այս փուլում: Բացատրեմ ինչու:

Թե ինչպես կզարգանա ճգնաժամը մեզանում` մեծապես կախված է նաեւ դրա հասարակական ընկալումից ու հանրային վարքագծից: Թե ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն մեր յուրաքանչյուր քաղաքացին ու մեր ողջ հասարակությունն իբրեւ ամբողջականություն, լրջորեն կպայմանավորի բացասական զարգացումները կանխելուն ուղղված քայլերի հաջողությունը: Հավատացնում եմ ձեզ, խնդիրը մեծապես մարդկային գիտակցության հարթությունում է, հանրային գիտակցության հարթությունում: Կուզեք տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսեք, միեւնույն է ոչինչ չի ստացվի, եթե հանրության մեջ տիրեն ապագայի հանդեպ անվստահությունն ու խուճապը: Կարծում եմ, մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք պատրաստակամ է խոհեմ գործելաոճի ու ռացիոնալ վարքագծի արմատավորման խթան դառնալ այս ժամանակահատվածում: Հավատում եմ, որ այս ուղղությամբ արդյունավետ գործելու մեծ ներուժ եւ հնարավորություններ ունեն հատկապես մեր քաղաքական կուսակցությունները: Ահա թե ինչու եմ ես նաեւ կարեւորում մեր այսօրվա հավաքը: Իհարկե, ես նկատի չունեմ այն մարդկանց ու այն քաղաքական ուժերին, ովքեր ղեկավարվում են "ինչքան վատ, այնքան լավ" սկզբունքով:

Համաշխարհային ճգնաժամի մասին խոսում են բոլորը, խորհուրդներ տալիս, պլաններ կազմում` սկսած անձնական ու ընտանեկան բյուջեների պլանավորումից, վերջացրած պետական բյուջեի պլանավորման խնդիրներով: Սակայն մի թյուրըմբռնում կա, որին ուզում եմ անդրադառնալ: Դա այն ընկալումն է, որ ճգնաժամը զուտ ֆինանսական եւ տնտեսական բնույթ ունի` դրա արդյունքում ձեւավորված սոցիալական հետեւանքներով: Համաշխարհային ճգնաժամը մեծ մարտահրավեր է քաղաքական դաշտին, արժեհամակարգին ու բարոյականությանը: Թե ով իրեն ինչպես է դրսեւորում ճգնաժամի ժամանակ, ցույց է տալիս նրա արժանիքները, բարոյականությունը ու քաղաքական պատասխանատվություն վերցնելու աստիճանը: Անշուշտ, ամենահեշտը նստել քննադատելն է, եւ սա, իհարկե, նաեւ անվտանգ է:

Փառք Աստծո, այսօր մեր բնակչությունը կարողանում է իրեն խոհեմ դրսեւորել ճգնաժամի պայմաններում` չմատնվելով վիճակն անիմաստ բարդացնող խուճապի: Գյուղացին փորձում է իր ունեցած միջոցներով սերմ ձեռք բերել, ցանել ու բերք պարգեւել: Գործարարները սկսել են ակտիվորեն միտք, գաղափար ու նախաձեռնություններ որոնել. անշուշտ գովելի է: Քաղաքական դաշտը սիրում է խորհուրդներ տալ` "դու սա արա, դու նա արա", եւ այսպես շարունակ: Իսկ արդյո՞ք մենք` այսօրվա քաղաքական կուսակցություններս, պատրաստ ենք գործել իրավիճակին համահունչ, համեստ, խոհեմ ու, ամենակարեւորը, խուճապի չմատնվելով եւ խուճապ չհրահրելով:

Մասնագետները խորհուրդ են տալիս, որ ճգնաժամի պայմաններում ցածր աշխատավարձով կամ շահույթով աշխատելը ավելի ձեռնտու է, քան բարձր աշխատավարձի կամ շահույթի ակնկալիքով չաշխատելը, աշխատանք ու բիզնես չունենալը: Ես այս հարցն ուղղում եմ մեզ. պատրա՞ստ ենք մենք` հայաստանյան քաղաքական կուսակցություններս, առանց քաղաքական դիվիդենտի քաղաքականությամբ զբաղվելու: Սա այն պահն է, երբ քաղաքական օգուտներ քաղելը, բանսարկու, խառնակիչ քայլերը նշանակում են նպաստել ճգնաժամին եւ ոչ թե պայքարել դրա ազդեցությունների դեմ: Կարո՞ղ ենք մենք լուծումներ գտնել նախկինում անհայտ խնդիրների համար. այսօր համենայն դեպս մենք կփորձենք դա անել: Ես վստահ եմ, որ մեր կառավարությունը պատրաստակամ է կշռադատված լուծումներով առաջարկություններին ականջալուր լինելու, եւ դա միայն այսօրվա մեր քննարկմանը չէ, որ վերաբերում է: Մենք կխնդրենք վարչապետին անդրադառնալ բոլոր կուսակցությունների նախագահների դիտարկումներին եւ կփորձենք նաեւ թարմ մոտեցումներ փոխանակելու մշտական ձեւաչափեր ուրվագծել":

Այնուհետեւ հակիրճ խոսքով հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա մասնավորապես ասել է. "Ինչպես նշեց Հանրապետության Նախագահը, աշխարհում չկա մի երկիր, որի վրա չի ազդել համաշխարհային ճգնաժամը: Ամեն երկիր ունի ճգանաժամի հետեւանքները հաղթահարելու սեփական մոտեցումները: Իսկ մենք ինչպես ենք դիմակայելու արհավիրքին մեր տնտեսության բոլոր դրական եւ բացասական կողմերով հանդերձ: 2008թ. նոյեմբերի 14-ին Ազգային ժողովին ներկայացված հակաճգնաժամային մեր ծրագրի տրամաբանությունը շատ պարզ է եւ հիմնված երեք շվերի վրա: Որո՞նք են այդ երեք շվերը: Առաջին, ենթակառուցվածքային նախագծերի իրականացում, երկրորդ, հասցեագրված օժանդակություն այն ձեռնարկություններին, որոնք ունեն ժամանակավոր դժվարություններ, երրորդ` փոքր եւ միջին բիզնեսի օժանդակություն:

Ճգնաժամային իրավիճակում պետության կարեւոր խնդիրներից է դառնում ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովումը: Մեր հակաճգնաժամային ծրագրով նախատեսված է բնական կենսագործունեություն ապահովող ենթակառուցվածքների պահպանման եւ նոր ծրագրերի իրականցմանն ուղղված հետեւյալ միջոցառումները. առաջինը ճանապարհաշինարարական նախագծերի իրականացում` 800-1000 կմ ավտոճանապարհների կառուցում 2009-2012թթ.` շուրջ 110 միլիարդ դրամի ֆինանասավորմամբ: Աղետի գոտու բնակարանային շինարարություն` շուրջ 75 միլիարդ դրամի չափով, ներառյալ Վարպետաց քաղաքի կառուցումը: Ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի արդիականացում` շուրջ 100 միլիարդ դրամ: Համահայկական բանկի եւ Հիպոթեքային հիմնադրամի գործարկում` 9 միլիարդ դրամ: Նոր ատոմակայանի եւ երկաթգծի կառուցում, որը պահանջում է մեծածավալ ներդրումներ:

Երկրորդ ուղղությունը. տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելու համար իրականացնելու ենք հասցեագրված օգնություն առանձին ձեռնարկություններին, որի նպատակն է ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել ներմուծման փոխարինումը տեղական արտադրանքով, ավելացնել արտահանումը, ընդլայնել տեղական հումքի օգտագործումը, խթանել ինովացիոն տեխնոլոգիաների կիրառումը: Այս նպատակին հասնելու համար կիրառվում է աննախադեպ գործիքակազմ` պետական երաշխիքների տրամադրում, սուբսիդավորում, այդ թվում գյուղատնտեության ոլորտում, ուղղակի վարկավորում, մասնակացություն ձեռնարկատիրական կապիտալում: Արդեն իսկ օպերատիվ շտաբի կողմից հաստատավել է 18 ծրագիր` շուրջ 25 միլիարդ դրամ ֆինանսավորմամբ:

Երրորդ ուղղությունը. կայուն տնտեսության հենքը փոքր եւ միջին ձեռնարկատիրությունն է, որի դերն առավել կարեւորվում է ճգնաժամային պայմաններում: Ուստի պետությունն իրականացնում է հետեւյալ միջոցառումները. փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնում` պետական բյուջեից մենք տրամադրել էինք 15 միլիարդ դրամ վարկավորման ծավալները ավելացնելու համար: Համաշխարհային բանկի, Զարգացման Եվրոպական բանկի եւ Ասիական բանկի օժանդակությամբ փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը նույնպես կտրուկ ավելանալու է: Արտահանվող մասնագիտացված կազմակերպությունների հիմնադրում` ուղղված նաեւ գյուղատնտեսական մթերքների արտահանման ներուժի բարձրացմանը: Փոքր եւ միջին ձեռնարկությունների հարկային բեռի նվազեցում, մասնավորապես, ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմի բարձարցում մինչեւ 58 միլիոն դրամ գործող 3 միլիոն դրամի փոխարեն: ՀԴՄ-ների կտրոններով եւ կրճատ հաշիվ-ապրանքագրերով ծախսերի հիմնավորում, փաստաթղթերի ընդունում տարեկան 36 միլիոն դրամի չափով գործող 1 միլիոն դրամ սահմանաչափի փոխարեն: Հյուրանոցառեստորանային ծառայություններ մատուցող փոքր սուբյեկտների տեղափոխում հաստատագրված վճարների հարկային դաշտ, սարքավորումների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգում մինչեւ երեք տարի ժամկետով: Հարկային վարչարարության էական պարզեցում, մասնավորապես մինչեւ 100 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարման պարտադիր կանոնի վերացում: Պարզեցված հարկային հաշվետվությունների ներդրում, նախկինում գործող հաշվետվություններ ընդունող հանձնաժողովների լուծարում, ավելացված արժեքի հարկի ամսական հաշվետվությունների ներկայացման պահանջի վերացում, եթե շրջանառությունը փոքր է 100 միլիոն դրամից, նախկին 60 միլիոն դրամի փոխարեն, հաշվապահական օժանդակության կենտրոնի ստեղծում, ստանդարտացված ծառայությունների մատուցում, GSP պլյուս համակարգին մասնակցություն, ինչը զգալիորեն նվազեցնում է Հայաստանից Եվրամիություն արտահանվող ապրանքների մաքսային ծախսերը: Թվարկված երեք շվերի ամրությունը պայմանավորված է լինելու մեր սոցիալական քաղաքականության արդյունավետությամբ: Մենք անցել ենք բյուջեի խիստ խնայողության ռեժիմին` կրճատելով որոշ բյուջետային ծախսեր, նպատակ ունենալով պաշտպանել պետության սոցիալական պարտավորությունների կատարումը ժամանակին եւ ամբողջական ծավալով: Արդեն իսկ բարձրացրել ենք կենսաթոշակները, սոցիալական նպաստները, ուսուցիչների աշխատավարձերը, ինչը մեր կարծիքով դյուրին կդարձնի առավել խոցելի խավի ճգնաժամային ազդեցություններին դիմակայելը:

Մենք նախատեսել ենք մի շարք միջոցառումներ, որոնք զսպելու են տնտեսապես չարդարացված գների աճը եւ ապահովելու են խոշոր բիզնեսից բյուջեի մուտքերի ավելացումը: Դրանք են` խոշոր ընկերությունների համար պարտադիր արտաքին աուդիտի պահանջի սահմանումը, ՀԴՄ-ների կտրոններ չտրամադրելու դեպքում խոշոր հարկատուների նկատմամբ պատժամիջոցների կտրուկ խստացումը, խաղատների, շահումով խաղերի կազմակերպման հաստատագրված վճարների բարձրացումը, ԱԳԼՃԿ-ների հարկման բազային ընդլայնումը` հաշվարկների հիմքում ընդունելով ստացված գազի ծավալը գործող իրացման ծավալի հետ զուգահեռ:

Թվարկված հակաճգնաժամային բոլոր միջոցառումները ձեւավորվել են ձեռներեցների հետ երկխոսության արդյունքում: Մենք լինելու ենք թափանցիկ եւ ներդնելու ենք արդյունավետ մեխանիզմներ հակաճգնաժամային ծրագրի մոնիտորինգը հրապարակային իրականցնելու համար: Քանի որ համաշխարհայն տնտեսական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ դեռեւս չկա կոնսենսուս, անորոշությունները շատ են եւ իրավիճակն արագ փոփոխվում է, համոզված ենք, որ այս ծրագիրը մշտապես արդիականացնելու կարիք է ունենալու: Մենք պատրաստակամ ենք ընդունելու նոր առաջարկություններ եւ կգնահատենք կոնստրուկիվ քննադատությունը":

Վարչապետի խոսքից հետո քննարկումը շարունակվել է փակ դռների ետեւում եւ տեւել շուրջ հինգ ժամ:

← Վերադառնալ